Երևանում վթարի հետեւանքով հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան կողաշրջվել է․ 8 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 38-ամյա Կոլյա Սուքիասյանի վարած, ՀՀ առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված Nissan մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ,  34-ամյա Մկրտիչ Ֆարիզյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով  Nissan-ը կողաշրջվել է:  Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել Երևանի շտապօգնության մի քանի բժիշկների հերթապահ խմբեր, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել 8 վիրավորի, ապա տեղափոխել Երևանի տարբեր հիվանդանոցներ: Դեպքի վայրում  հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ շտապօգնության ավտոմեքենան լուսաձայնային ազդանշանները միացած է եղել և հիվանդ տեղափոխելիս է եղել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:  

2 վարորդները տեղում ենթարկվեցին սթափության փորձաքննության,  երկուսն էլ եղել են սթափ:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների  ինքնությունը: