Կառավարությունը հակված է երկարաձգել թուրքական ապրանքների ներկրման արգելքի ժամկետը. Քերոբյան

Հեղինակ MediaLab

ՀՀ կառավարությունը ներկա դրությամբ հակված է երկարաձգել թուրքական ապրանքների ներկրման արգելքի ժամկետը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Այս պահին մենք հակված ենք երկարաձգել թուրքական ապրանքների ներկրման արգելքը, եթե աշխարհաքաղաքական այնպիսի փոփոխություններ չլինեն, որոնց արդյունքում դա անհնար դառնա: Դա արվում է տեղական արտադրանքը պաշտպանելու համար»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով թուրքական ու ադրբեջանական մակնշմամբ ապրանքների առկայությանը Հայաստանի շուկայում, նախարարն ասաց, որ տասնյակ տարիներ Հայաստանի շուկայում եղել են ապրանքներ, որոնց վրա եղել է թուրքական ու ադրբեջանական մակնշում: «Եղել են բազմաթիվ թուրքական ապրանքներ ու դա այն ժամանակ համարվել է նորմալ: Հիմա, եթե մենք պնդենք, որ «Սանդորան» կամ «Կոկա Կոլան» մեզ վաճառեն ապրանք, որոնց վրա չկա ադրբեջաներեն մակնշում, այդ ժամանակ գնաճը կբարձրանա ու կդառնա 10 տոկոս, որովհետև այդ ընկերությունները պետք է փող ծախսեն ու դա մտցնեն իրենց ապրանքի գնի մեջ»,- նկատեց Վահան Քերոբյանը: