Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լիտվայի խորհրդարանի խոսնակի հետ

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը  հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիտվայի խորհրդարանի խոսնակ Վիկտորիյա Չմիլիտե-Նիելսենի (Viktorija Čmilytė-Nielsen) հետ։

Լիտվայի Սեյմասի խոսնակը բարձր է գնահատել դեսպան Մկրտչյանի ավանդը հայ-լիտվական հարաբերությունների, հայ և լիտվացի ժողովուրդների միջև կապերի խորացման գործում և հաջողություն մաղթել նրան իր հետագա դիվանագիտական գործունեության ընթացքում։Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Մկրտչյանը նշել է, որ խորհրդարանական դիվանագիտությունն իր աշխատանքի առանցքային ուղղություններից մեկն է եղել՝ փաստելով, որ վերջին տարիների ընթացքում երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությունը նկատելիորեն աշխուժացել է։

Կողմերը քննարկել են նաև բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպմանը, կորոնավիրուսի դեմ պայքարին, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը և տարածաշրջանային իրադրությանը վերաբերող հարցերի շրջանակ։

Հանդիպման ավարտին Վիկտորիյա Չմիլիտե-Նիելսենը, ի գնահատություն դեսպան Մկրտչյանի կատարած գործունեության, Լիտվայի խորհրդարանի անունից նրան հանձնել է երախտագիտության նամակ։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։