Հայաստանի զինանշանը վերանայման կարիք ունի

Հայաստանի զինանշանը վերանայման կարիք ունի
Հայաստանի զինանշանը վերանայման կարիք ունի

«Հայոց աշխարհ» թերթը զրուցել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի հետ.

Հայաստանի Հանրապետության զինանշանին բազմաթիվ գնահատականներ են տրվել։ Հետաքրքիր է, մեր զինանշանը որքանո՞վ է արտացոլում հայոց երկրի երբեմնի փառքն ու հզորությունը, տեսլականը ազատ, անկախ ու հզոր Հայաստանի:

 

Այս խնդիրը ինձ խորապես մտահոգում է: Եվ, կարծում եմ, այն բոլորիս պիտի մտահոգի: Հայաստանի Հանրապետության պետական զինանշանին առաջին պահ նայելիս միանգամից աչքի է զարնում նրա աջ եւ ձախ հատվածների կոմպոզիցիոն անհավասարակշռությունը: Իսկ ընդհանրապես այն ուղղակի գերհագեցած է ավելորդ զարդարանքներով:

 

Սակայն ավելորդ պաճուճանքներն այնքան չէին անհանգստացնի, եթե իմաստ եւ բովանդակություն ունենային: Պետական զինանշանը, ինչպես հայտնի է, տեսանելի արտահայտված պատմությունն է, որը պատմում է տվյալ էթնիկ միավորի` ազգի անցյալի, գաղափարների, հավատամքի եւ ձգտումների մասին:

 

Արդ, ձեր կարծիքով, այս համատեքստում ի՞նչ է պատմում եւ ցուցանում մեր զինանշանը: Առաջնորդվելով այս խորհրդանիշով, ինչպիսի՞ն կարող է պատկերանալ աշխարհին վերջինս ներկայացնող ժողովուրդը:

 

Եկեք նայենք, թե ըստ մեր զինանշանի ով ենք մենք, ինչպիսին է մեր էությունը: Տեսեք` աջից մեզ նայող առյուծը կարծես մի հիվանդ էակ է, փակ, լացակումած բերանով, բացակայում են կենդանական աշխարհի արքային առանձնահատուկ նրա ուժն ու առնականությունն արտահայտող ժանիքները, առողջությանն ու կենսունակությանը, ի վերջո, առյուծին բնորոշ` ճակատից վեր խոյացող բաշը: Նա կարծես մի ծերացած, ճաղատ կենդանի լինի` ավանակի ականջներով:

Ձախ կողմում` հայկական առասպելաբանության, հեքիաթների մեջ հաճախ հանդիպող մեկ այլ խորհրդանիշ է` արծիվը, որը, ըստ էության, դարձյալ հեռու է արծվին բնորոշ հատկանիշներից` սուր հայացք, հպարտ կեցվածք:

 

Մեր զինանշանի արծիվը, չգիտես ինչու, լղոզված, ոչ արտահայտիչ դիմագծերով, արհեստականորեն տափակացված գլխով թռչնակերպ է: Ոտքը սկսվում է գրեթե վզից: Արծվի փետուրների եւ առյուծի բաշի գրաֆիկական լուծումներն այնքան են նման, որ շատերը չեն նկատում, որ աջից` առյուծի մեջքի հետեւից, նշմարվում է արծվի թեւը:

 

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է ասում մեր մասին պետական զինանշանը` ուսումնասիրելով նրա ներքեւի հատվածը:

 

Ըստ արտացոլված պատկերաբանության, ՀՀ զինանշանից մեզ է հառնում մի պետություն, որն ուժ չունի, քանի որ վերը նշվածներից զատ, նրա թուրն էլ կարծես ջարդված է: Ամեն դեպքում, այդպիսին է տպավորությունը, քանզի թուրը թաքնված է վահանի հետեւում, եւ բնավ պարզ չէ` մեր առջեւ իսկապե՞ս թուր է, թե՞…

 

Ի վերջո, ի՞նչ իմաստ կարող է թաքցնել իր մեջ շղթայակապ, մի տեսակ բանտված թուրը: Ուշադրություն դարձրեք` մեր զինանշանի վրա պատկերված թուրը շղթայի մեջ է, շղթայակապ է:

 

Եվ կամ` ով կարող է ասել` ի՞նչ է իրենից ներկայացնում ՀՀ զինանշանի մասին օրենքում որպես «ճյուղ» նկարագրված պատկերը: Ի՞նչ ճյուղ է մեր առջեւ, ի՞նչ է խորհրդանշում:

 

Տեսեք` աջից ցորենի հասկեր են, որոնց քանակն ու ոճավորումը ոչինչ չի ասում, որը անթույլատրելի է։

 

Զինանշանի վրա նաեւ հայոց 4 հարստություններն են արտացոլված, ըստ ձեզ, ինչպե՞ս է ներկայացվում պատմությունը:

 

Նախ` անդրադառնամ վահանին, որը դարձյալ հստակ ասելիք չունի: Կամ` Արարատ լեռան վրա ոչ թե Նոյյան տապանն է, այլ ինչ-որ հաստ գիծ, գուցե մակո՞ւյկ: Ձախից Բագրատունյաց թագավորության առյուծն է եւ նորից` անդեմ:

Նույն կողմում` ներքեւի անկյունում, իբր Արտաշեսյանների արծիվներն են, սակայն շատ վատ նկարված լինելու պատճառով աղավաղված է դրա զարդապատկերը, որն արեւ պետք է խորհրդանշեր, ինչպիսին կա Տիգրան Մեծի սաղավարտի վրա: Այս դեպքում այն փակված է շրջանակով` այդպիսով կորցնելով իր իմաստը:

 

Վերին աջ անկյունում Արշակունիների թագավորությունը խորհրդանշող երկգլխանի թռչունները նույնպես ոճավորման կարիք ունեն: Առավել ամոթալի է Ռուբինյանների թագավորությունը ներկայացնող պատկերը: Առյուծի դեմքը ծաղր է արտահայտում, իսկ գլխին ոչ թե թագ է, այլ ինչ-որ մի գիծ:

 

Այսօր կիրառվող զինանշանի հեղինակները, ըստ երեւույթին, ծանոթ չեն եղել հերալդիկայի կանոններին եւ հարազատ պատմությանը, որտեղ հայկական հերալդիկայի միտքը եւ մշակված պատկերները դեռ միջնադարում լուրջ ազդեցություն են ունեցել, ընդ որում, նաեւ հանդիպում են Եվրոպայում: Հերալդիկայի ավանդույթները պահպանված են այսօրվա բոլոր քաղաքակիրթ երկրների զինանշաններում:

 

© Medialab.am