Ամուլսարի շահագործումը կարող է լինել միայն ևս հարյուր հազարավոր հայերի արյան գնով. Սոֆյա Հովսեփյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ով դուրս է եկել «Իմ քայլը» դաշինքից

– Վարչապետը երեկ հայտարարեց, որ Ամուլսարի շահագործման հավանականությունը մեծ է: Նախորդ 2,5 տարվա ընթացքում ի՞նչն էր կանգնեցնում իշխանություններին թույլ տալ Ամուլսարի շահագործումը, և հիմա ի՞նչ է փոխվել, որ նման հայտարարություն է արվում:

– Կարծում եմ՝ տնտեսական առումով, մի քանի գրոշների համար, ֆինանսներ ունենալու համար այսօր խոսվում է այն մասին, որ Ամուլսարը պետք է շահագործվի: Մինչ այդ խոսվում էր, որ եթե վստահ լինենք, որ ռիսկերը կկառավարվեն, այդ դեպքում միայն կփորձենք Ամուլսարի շահագործման մասին խոսել:

Հիմա պարզվեց՝ Ամուլսարը պետք է շահագործվի: Բայց որևէ մեկն այսօր չի կարող ռիսկերի կառավարման մասին խոսել, որովհետև վերջին մեկ ամսում բոլորս տեսանք, թե քանի երկրաշարժ տեղի ունեցավ Հայաստանի սահմանին, իսկ այդտեղ դրենաժային ջրերի հոսք կա, ինչը կարող էր խնդիր առաջացնել մեր ընդհանուր ջրային ռեսուրսների վրա:

Այդ առնչությամբ ապացույց եղավ, որ որևէ մեկը դրանք կառավարել, ռիսկերը հաշվարկել չի կարող: Սա «Էլարդի» եզրակացությունն է, և դա հիմք է հանդիսանում, որ Ամուլսարի շահագործումը բացարձակապես անօրինական ու անթույլատրելի կլինի: Եթե այն շահագործեն, դա կլինի զուտ պետական կապրիզի հետևանք, որը որևէ մեկը թույլ չի տա, որ անեն:

– Ինչո՞ւ այսպիսի զարգացում եղավ: Պատերազմից հետո ենթադրելի՞ էր, որ այսպես կլինի:

– Անկեղծ ասած, պատերազմից հետո ենթադրելի էր, որ այսպես կլինի, որովհետև, ինչպես տեսանք, չկարողացանք պահել ո՛չ մեր ջրային ռեսուրսները Քարվաճառում, չկարողացանք պահել Սոթքի հանքը, որը քիչ թե շատ ֆինանսական ռեսուրսներ էր ապահովում: Պատերազմը նաև ցույց տվեց, թե ինչքան ռիսկային է պղնձամոլիբդենային գործարան ունենալ Կապանի հատվածում, որը թշնամին փորձում էր թիրախավորել:

Այդ ամենից հետո փորձում են մի քանի գրոշի շահը գերադասել երկրի ու պետականության շահին, բնակչության առողջության շահին: Նրանք չեն հասկացել, որ բնակչության մոտ ավելի է ամրապնդվել մտայնությունը, որ Ամուլսարի հանքը չպետք է շահագործվի: Թող կարողանան երկրի տնտեսությունը ավելի գրագետ ձևով զարգացնել, եթե կարող են, իհարկե: 2,5 տարին ցույց տվեց, որ խոսվեց երկրի տնտեսության զարգացման մասին, բայց փաստացի տնտեսությունը բացարձակ ամուլ վիճակում է: 

– Իշխանությունները այսկերպ փորձեցին ստուգել հանրության տրամադրություննե՞րը: Արդյոք դրսից կա՞ն ճնշումներ իշխանությունների վրա:

– Բաց տեքստով այդ մասին չեն խոսում, չեմ կարող ասել՝ ճնշումներ կա՞ն, թե՞ ոչ: Եթե նույնիսկ կառավարության վրա կան արտաքին ճնշումներ, ապա պետք է իմանան, որ կան նաև ներքին ճնշումներ, և հանքի շահագործումը թույլ չեն տալու: Այստեղ ներում-բեկում չկա, և բնակչությունը՝ որպես սարի երաշխավոր, դա թույլ չի տալու: 

– Կարծում եք՝ նախկինի պես բուռն հակազդեցությո՞ւն է լինելու:

– Բոլորը ոտքի են կանգնելու: Դա երկրի, պետականության խնդիր է: Սա չի վերաբերում միայն ջերմուկցիներին, վայոցձորցիներին, սա վերաբերում է ամեն մի հայ մարդու: Այսինքն՝ որքան ջերմուկցին է տուժելու, նույնքան տուժելու է շիրակցին, տավուշեցին և այլն: Դա չի վրիպելու շիրակցու և տավուշեցու աչքից, որովհետև այդ նույն ակտիվիստներին միացել են տարբեր մարզերից շատ մարդիկ, որոնք Ամուլսարի համար պայքարել ու շարունակում են պայքարել: Այս պայքարին միացել են նաև միջազգային բնապահպանական կազմակերպություններ, որոնք բազմաթիվ ապացույցներ են ներկայացնում, որ հանքը չպետք է շահագործվի: 

– 17 ուժերը պահանջում են վարչապետի և կառավարության հրաժարականը: Կարո՞ղ է Ամուլսարի հարցը վերջին կաթիլը լինել, որը կհանգեցնի իշխանությունների հեռացման:

– Ես չգիտեմ, թե իշխանափոխության պահանջ ներկայացնող անձինք ինչ վերաբերմունք ունեն Ամուլսարի նկատմամբ, որովհետև, մեծ հաշվով, իրենք են Ամուլսարի հանքի շահագործման թույլտվությունը տվել, իրենց ժամանակ են եղել Ամուլսարի հողերի ապօրինի գնումները:

Ես այստեղ չեմ խոսում խորհրդարանական կամ արտախորհրդարանական ուժերի մասին, ես խոսում եմ բնակչության վերաբերմունքի մասին: Այստեղ ոչ թե քաղաքական կռիվ պետք է լինի, այլ պետք է լինի պետության պահպանության կարևորագույն խնդիրը, որի թիվ մեկ երաշխավորը բնակչությունն է: 

– Դուք բացառո՞ւմ եք, որ, ի վերջո, հանքը կշահագործվի:

– Ես գտնում եմ, որ դա կարող է լինել միայն ևս հարյուր հազարավոր հայերի արյան գնով, որովհետև վստահ եմ, որ իրեն հարգող, արժանապատվություն ունեցող որևէ հայ թույլ չի տալու կործանել մեր վերջին պատառը: Այսօր իշխանությունը փոխանակ ջանք ու եռանդ չխնայի Սևանի փրկության հարցով զբաղվելու, որովհետև Սևանը սնող կարևոր ակունքները մնացել են թուրքերի ձեռքին, մենք վտանգի ենք ենթարկում թե՛ մեր մնացած ջրային ռեսուրսները, թե՛ բնական ռեսուրսները: 

Մանե Հարությունյան

MediaLab.am