Արցախի հանրակրթական դպրոցներում այս տարի չի նախատեսվում կազմակերպել «Վերջին զանգ»-ի արարողություն:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը:
Նրա խոսքով՝ հաշվի առնելով Արցախյան երրորդ պատերազմի հետևանքները՝ բնականաբար, այս տարի տոնական որևէ միջոցառում չի իրականացվելու կրթական հաստատություններում։
«Հանրակրթական բոլոր դպրոցները տեղյակ են, որ «Վերջին զանգ»-ի արարողությունները կատարվելու են միայն դասասենյակներում՝ ավելի համեստ տարբերակով, շնորհավորելով շրջանավարտներին և բարի երթ մաղթելով դեպի նոր կյանք: Մենք պարտավոր ենք հարգել և հիշել մեր անմահ հերոսների հիշատակը և զերծ մնալ տոնական միջոցառումներից»,- նշել է փոխնախարարը:
Ըստ Մ. Համբարձումյանի՝ 2020-2021 ուսումնական տարում շրջանավարտների թիվը կազմում է 853՝ նախորդ տարվա՝ 1285-ի փոխարեն, իսկ 9-րդ դասարանցիների թիվը՝ 1514՝ նախորդ ուսումնական տարվա 1896֊ի փոխարեն։
«Առաջինից երրորդ դասարանցիները դպրոցը կավարտեն հունիսի 12-ին, 3-11-րդը՝ հունիսի 19-ին, իսկ 12-րդցիները՝ հունիսի 5-ին: Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի փոքր-ինչ երկարաձգվում են դասերը՝ պատերազմյան օրերի բաց թողնված պարապմունքները լրացնելու նպատակով:
Ի դեպ, 108 հանրակրթական դպրոց պատերազմի հետևանքով մնացել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, իսկ Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարը լուծարվել է, որտեղ սովորում էին ավելի քան 100 աշակերտ»,- մանրամասնել է Մ. Համբարձումյանը: