Սուրեն Պապիկյանը և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպում են ունեցել տեսազանգի ձևաչափով

Հունիսի 11-ին տեղի ունեցավ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի տեսազրույցը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ:

Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել երկու երկրների կառավարությունների միջև երկկողմ և բազմակողմ բազմամյա փոխհամագործակցությունը և կարևորել համավարակով պայմանավորված ճգնաժամային իրավիճակում համագործակցության շարունակականությանը միտված համատեղ ջանքերի գործադրումը:

«Covid-19-ի ընթացքում ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ցուցաբերած օգնությունը մեծ է, և վստահաբար կարող եմ ասել, որ այս փուլում բարեկամական երկրների աջակցությունը օգնում է հաղթահարել ճգնաժամը: Շնորհակալություն եմ հայտնում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, համայնքներում տեխնիկայի և կոմունալ հարմարությունների ապահովման և այն համալիր աջակցության համար, որ ԱՄՆ-ն ՄԶԳ-ի միջոցով ցուցաբերվել է մեր գերատեսչության տիրույթում գտնվող ոլորտներին և ուղղություններին, այդ թվում` հանքարդյունաբերությանը և էներգետիկ բնագավառին»,-ասել է նախարար Պապիկյանը:

Խոսելով համավարակի գլոբալ մարտահրավերների մասին՝ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ևս կարևորեց դրանք հաղթահարելու ուղղությամբ միասնական ջանքերի գործադրումը՝ վերահաստատելով ՀՀ-ի հետ հարաբերությունները ընդլայնելու և տարբեր ուղղություններով փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամությունը:

«Կարևոր է, որ հնարավորություն ունեմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ քննարկել, թե ինչպես կարող են Հայաստանն ու Միացյալ Նահանգները գործակցել մի շարք առանցքային հարցերի շուրջ, որոնք կօգնեն Հայաստանի կայուն և ներառական տնտեսական աճին, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացմանը»,-նշել է Լին Թրեյսին:

Տեսազրույցի ընթացքում նախարար Պապիկյանն ու դեսպան Թրեյսին քննարկեցին բազմաոլորտ հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակելով ենթակառուցվածքների բարելավման, համայնքային կարողությունների զարգացման ուղղությամբ համատեղ ծրագրերի կյանքի կոչման, դրանց միջոցով համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմման և օրակարգային այլ հարցերի շուրջ:

Այս մասին տեղեկացնում է պաշատոնական հաղորդագրությունը։