Այսօր Ազգային ժողովի նիստերի մեկնարկին, երբ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարեց, թե բոյկոտում են ԱԺ նիստերը և մեկնում Արցախ, ԱԺ նիստը նախագահող Ալեն Սիմոնյանի մոտ հարց առաջացավ.
«Լավ, բա էս մարդիկ ե՞րբ են աշխատելու: Էս մարդիկ երբ են իրենց ստացած աշխատավարձը արդարացնելու: Ե՞րբ են պետության կողմից իրենց վրա ծախսված գումարները արդարացնելու»:
ԱԺ նախագահի ներկայացմամբ, ընդդիմության խորհրդարանական գործունեությունն ուղղված է բացառապես իրենց առաջնորդների շահերը պաշտպանելուն, միջազգային այցերին էլ ընդդիմադիրները չեն մասնակցում, որպեսզի միմյանց միջև խնդիրներ չառաջացնեն: Ավելին, զուգորդված աշխատում են ադրբեջանական զինված ուժերի հետ:
«Հայտարարություն են անում, դրան հաջորդում է սադրանք սահմանին, հայտարարություն, սադրանք՝ սահմանին, Պուտին-Փաշինյան հանդիպում, միտինգ՝ Երևանում: Սրանք զուգադիպություններ չեն, և սրանց պատասխանը դուք պետք է տաք: Էս ա մեր ընդդիմությունը: Վայր դրե՛ք մանդատները: Վստահ եմ, որ չեք դնելու: Եթե ստեղ գործունեություն չեք ծավալում, էլ ի՞նչ եք գալիս ստեղ, ինչի եք աշխատավարձ ստանում», -դիմելով ընդդիմության հեռացած պատգամավորներին հայտարարեց Սիմոնյանը: