Համոզեք, որ դուք ճիշտ եք. Արամ Աբրահամյան

Համոզեք, որ դուք ճիշտ եք. Արամ Աբրահամյան
Համոզեք, որ դուք ճիշտ եք. Արամ Աբրահամյան

Ինչպե՞ս կընկալվեր, եթե ես օրը մեջ ասուլիսներ տայի եւ բողոքեի, որ բացի իմ թերթից մարդիկ կարդում են նաեւ այլ թերթեր, եւ ուղղակի կամ անուղղակի ձեւով պահանջեի պետությունից, որ բացի «Առավոտից» բոլոր մնացած թերթերն արգելվեն: Նման վարքը կհամարվեր առնվազն տարօրինակ՝ կա լրատվության, գաղափարների շուկա, բարի եղիր՝ ինքդ գտիր քո ընթերցողներին:

Բայց երբ մեր՝ հայ առաքելական եկեղեցու սպասավորներն են բողոքում աղանդներից, դա սովորաբար ընկալվում է շատ նորմալ, ավելին՝ հաճախ դիտվում է որպես ազնիվ մտահոգություն: Որ աղանդները շատ են եւ դրանց մեջ կան մարդկանց հոգեկան եւ ֆիզիկական վնաս պատճառող հոսանքներ՝ դա, իհարկե, ճիշտ է: Բայց պետությունը պետք է առաջնորդվի միմիայն օրենքով. եթե տվյալ կրոնական կազմակերպությունը ենթակա է գրանցման, այն պետք է գրանցվի եւ գործի ՀՀ օրենսդրության համաձայն: Մնացածը մեր՝ քաղաքացիներիս գործն է: Եթե ես տեսնում եմ, որ իմ կողքինը աղանդավորության հողի վրա կատարում է հակահասարակական արարքներ (օրինակ, զբաղվում է բժշկական շառլատանությամբ), ես պարտավոր եմ դիմել իրավապահ մարմիններին: Եթե ես գտնում եմ, որ կրոնական կազմակերպությունների մասին օրենքը չափից դուրս լիբերալ է, ապա պետք է պայքարեմ, որ այն խստացվի: Վերջապես, թե’ մենք, շարքային հավատացյալներս, եւ թե’ մանավանդ հոգեւորականները պետք է անպայման զգուշացնենք մեր եղբայրներին աղանդների վտանգների մասին:

Բայց պահանջել, որպեսզի պետությունը աղանդներն արգելի է՝ դա հոգեւորականների կողմից սեփական անզորության խոստովանություն է: Գտեք այն բառերը, որոնք մարդկանց հետ կպահեն սխալ ճանապարհից: Իսկ որն ավելի կարեւոր է՝ ձեզ պահեք այնպես, որ ձեր վարքը իր զսպվածությամբ եւ համեստությամբ համոզի մարդկանց՝ հետեւել ճշմարիտ հավատին: Թե չէ՝ ամեն թփի տակ «իմպերալիստական», «հուդամասոնական» կամ «մորմոնական» դավադրություններ փնտրելը՝ այդ պարանոյան եկեք թողնենք քաղաքական գործիչներին: Կարդալ ավելին