«Այս ծանր և օրհասական ժամերին կանգնեք մեր կողքին». Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահն անժամկետ դադարեցրել է աշխատանքը

Գյումրու Մարիամ և Երանուհի  Ասլամազյան քույրերի պատկերասրահն անժամկետ դադարեցրել է աշխատանքը։ Ինչպես տեղեկացնում է պատկերասրահի ֆեյսբուքյան հաղորդագրությունը՝ պատճառը շուրջ մեկ շաբաթ տևող պատկերասրահի անձնակազմի կողմից վերհանված խնդիրների լուծումների նկատմամբ անտարբերությունն է։ 

«Մենք հորդորում ենք Գյումրու բոլոր պետական և ոչ պետական կառույցներին այս ծանր և օրհասական ժամերին կանգնել Գյումրու Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի ողջ անձնակազմի կողքին՝ առաջացած լուրջ խնդիրների  լուծման համար»,- հորդորում  է Մարիամ և Երանուհի  Ասլամազյան քույերի պատկերասրահի ֆեյսբուքյան հայտարարությունը։

Պատկերասրահի տնօրենի արդեն նախկին պաշտոնակատար Միքայել Վարդպարոնյանը  «Մեդիալաբին» ասում է, որ նման կտրուկ քայլի հիմքում իրեն սեփական դիմումի համաձայն աշխատանքից հեռացնելու համայնքապետարանի որոշումն է:

«Համայնքապետարանի հուլիսի 6-ի որոշման համաձայն՝ ինձ ազատել են աշխատանքից՝ հիմք ընդունելով հունիսի 28-ին իմ գրած զեկուցագիրը, որում նշված էր, որ ես նաև աշխատում եմ մեկ այլ կազմակերպությունում: Զեկուցագրին կցված էր նաև այդ կազմակերպության տրամադրած տեղեկանքը: Հիմք ընդունելով դրանք ու հուլիսի 5-ին իմ կողմից գրված՝ աշխատանքից դուրս գալու դիմումը»,- ասում է Վարդպարոնյանը: 

Համայնքապետարանից, սակայն, նրան այս մասին չեն ծանուցել ամսի 7-ը ներառյալ, ծանուցումն այդպես էլ չի եղել, և Վարդպարոնյանը միայն այսօր առավոտյան է վերցրել իրեն գործից հեռացնելու համայնքապետարանի որոշումը, ինչից հետո էլ պատկերասրահի աշխատակազմը գործադուլ է հայտարարել՝ չընդունելով համայնքապետարանի այդ որոշումն ու նոր տնօրենի նշանակումը:

«Նոր տնօրենի նշանակում է արդեն տեղի ունեցել, որին այսօր ներկայացրեցին և ասացին, որ աշխատակիցների գործադուլն անօրինական է, և որ նրանք կենթարկվեն պատասխանատվության: Ի դեպ, նոր նշանակված տնօրենը Գեղարվեստի ակադեմիայի ամբիոններից մեկի վարիչն է և օրենքով չի կարող լինել երկու ղեկավար պաշտոնի: Ստացվում է, որ ինձ այդ հիմքով ազատում են աշխատանքից, իսկ նրան՝ ընդունում»,- ասում է Վարդպարոնյանը:

Աշխատակիցների պահանջներից մեկը Միքայել Վարդպարոնյանին պատկերասրահի տնօրենի պաշտոնում նշանակելն է, իսկ հիմնական պահանջն ու գաղափարախոսությունը՝ «սիստեմատիկ սբոյի վերացումը»:

Պատկերասրահը գործում է 1987 թ. նոյեմբերի 7-ից: Մարիամ Ասլամազյանի 80-ամյակի կապակցությամբ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերը Գյումրի քաղաքին նվիրեցին իրենց աշխատանքներից մոտ 620 բնօրինակ, իսկ շենքը տրամադրվեց քաղաքային իշխանությունների կողմից: Պատկերասրահը՝ որպես գեղարվեստական թանգարան, պահպանում և ցուցադրում է Ասլամազյան քույրերի գեղանկարչական, գրաֆիկական և խեցեգործական աշխատանքները:

«Այդ թանգարանը ո՛չ իմ տունն է, ո՛չ՝ իրենցը, այն բոլորի տունն է, ոչ մեկի համար այն չի կարող հանդիսանալ օբյեկտ, իսկ նրանք պատկերասրահին վերաբերվում են որպես սպասարկման օբյեկտի, ինչը չի կարող լինել: Այն հանրային տարածք է, որի բնականոն գործունեությունը խաթարված է, որովհետև բանակցությունների և առաջարկությունների եզրեր չկան»,- ասում է Միքայել Վարդպարոնյանը:  

Իսկ պատկերասրահի աշխատակազմի և համայնքապետարանի միջև անհամաձայնությունն ու 2019 թվականի սեպտեմբեր ամսից պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի՝ աշխատանքից հեռանալու դիմում գրելու պատճառը եղել է շատ փոքր վեճը:

Ինչպես ասում է Միքայել Վարդպարոնյանը, այս մեծ աղմուկը բարձրացել է ոչնչից: 

Ամեն ինչ սկսվել է հունիսի 25-ից, երբ պատկերասրահի աշխատակցուհին, որը էքսկուրսավար է աշխատել, աշխատանքից հեռանալու դիմում է ներկայացրել, որն էլ մակագրել է տնօրենի պաշտոնակատարը:

«Սեփական դիմումի համաձայն ազատված աշխատակցուհին քաղաքապետարանի ընկերական շրջապատից է, որը պետք է աշխատեր պատկերասրահում: Կարծում եմ, որ այդ աշխատակցուհին ինքը չէ որոշումներ կայացնողը՝ իր փոխարեն որոշել են, որ պետք է աշխատի, որի պատճառով էլ քաղաքապետարանից ինձ առաջարկեցին նրան վերադարձնել աշխատանքի»,- «Մեդիալաբին» ասում է Միքայել Վարդպարոնյանը:

Նախկին պաշտոնակատարը չցանկացավ նշել աշխատակցուհու անուն, ազգանունը, ոչ էլ նշել, թե կոնկրետ ինչ կապ և ում հետ ունի այդ աշխատակցուհին:

Վարդպարոնյանի խոսքով՝ նախկին էքսկուրսավարի հետ երբեք որևէ խնդիր չի ունեցել,  այդ աշխատակցուհին կոլեկտիվի հետ կենցաղային հարցի շուրջ է վիճաբանություն  ունեցել, սակայն՝ ոչ լուրջ: 

Քաղաքապետարանը տնօրենի պաշտոնակատարին սկզբում ասել է, որ վերականգնի էքսկուրսավարին աշխատանքի, և որպեսզի պատկերասրահը զբոսաշրջության այս ընթացքում խնդիրներ չունենա, առկա ծրագրերի իրականացումը չտուժի, Վարդպարոնյանը և կոլեկտիվը  համաձայնել են կոմպրոմիսի գնալ քաղաքապետարանի հետ:

«Քանի որ ես երեկոյան ժամերին՝ 18:00-ից հետո, աշխատում եմ նաև օդանավակայանում որպես մենեջեր, ինձ ասացին, որ պետք է ներկայացնեմ նաև այնտեղից դուրս գալու իմ դիմումը, ինչին ևս համաձայնեցի: Բայց երբ ասացին, որ պետք է ապահովենք  շատ լավ պայմաններ, որ վերջինս  իրեն «լավ զգա» աշխատավայրում, և աշխատանքից հեռացնեմ նաև պատկերասրահի մեկ այլ աշխատակցուհու, որը եղել է այդ կոնֆլիկտի մասնակից, ես հրաժարվեցի նախկին բոլոր պահանջներից»,- ասում է Վարդպարոնյանը՝ հավելելով, որ ինքը չի կարող աշխատանքից հեռացնել մեկին, որը 17 տարի է աշխատում է պատկերասրահում, փոխարենը  վերադարձնել մեկին, որն այդքան էլ չի համապատասխանում իր զբաղեցրած հաստիքին:

«Կա բարոյականության և համբերության մի սահման, որը հատել չի կարելի, նրանց այդ առաջարկից հետո ես գրեցի աշխատանքից հեռանալու իմ դիմումը»,- ասում է Միքայել Վարդպարոնյանը:

Ու չնայած ամեն ինչ արվել էր, որ պատկերասրահի աշխատանքը չտուժի, սակայն այսօրվանից այն անհայտ ժամկետով փակ է լինելու:

Միքայել Վարդպարոնյանն ասում է, եթե քաղաքապետարանը անսա աշխատակիցների պահանջին, ինքը պատրաստ է վերադառնալ իր պարտականությունների կատարմանը:

«Մեդիալաբի» բազմաթիվ զանգերը քաղաքապետարանի համապատասխան բաժիններ եւ պաշտոնյաների մնացին անպատասխան։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am