Արցախում կորոնավիրուսով 16 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում։ Հոկտեմբերի 21-ին կատարվել է 249 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 67 նոր դեպք է գրանցվել, այդ թվում 4 երեխա:

Վարակակիրներից 53-ը Ստեփանակերտ քաղաքի, 8-ը՝ Մարտակերտի, 5-ը՝ Ասկերանի և 1-ը՝ Մարտունու շրջանների բնակիչներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 120 վարակակիր: Բժիշկները 16 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 42-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 15355 քաղաքացու հետազոտություն, որից 1548-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» և շրջանային բուժմիավորումներում: