«Իմ տպավորությամբ՝ ոչինչ չի փոխվել ԱԱԾ-ում նույնիսկ հեղափոխությունից հետո». Իրավապաշտպան

«Իմ տպավորությամբ՝ ոչինչ չի փոխվել ԱԱԾ-ում նույնիսկ հեղափոխությունից հետո». Իրավապաշտպան
«Իմ տպավորությամբ՝ ոչինչ չի փոխվել ԱԱԾ-ում նույնիսկ հեղափոխությունից հետո». Իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը

– Ինչպե՞ս եք գնահատում Արթուր Սաքունցի գրառմանը ԱԱԾ-ի արձագանք-հայտարարությունը, որտեղ Սաքունցին կոչ էր անում կոռեկտության սահմաններից դուրս չգալ։

– Կարծում եմ՝ ԱԱԾ-ն ստիպված էր այդպես պատասխանել, քանի որ Արթուր Սաքունցի գրառումը բավականին խիստ շեշտադրումներ ուներ։ ԱԱԾ-ն չէր կարող նման հայտարարությամբ հանդես չգալ։ Ուղղակի ուզում եմ ասել, որ ԱԱԾ-ն սովոր չի, որ իր հետ կարող են այդպես խոսել։ Ընդհանրապես, ԱԱԾ-ի հասցեին ոչ մեկը նման խիստ նկատողություններով հանդես չի եկել, այն միշտ փակ կառույց է եղել։ Կարծում եմ, որ հիմա քիչ թե շատ հնարավորություն կա խոսելու այդ կառույցի մասին։ 

ԱԱԾ-ն պետք է սովորի, որ կարող են նաև այդպիսի հայտարարություններ լինել, թեև, նորից շեշտեմ, Արթուր Սաքունցը բավականին խիստ գրառում է արել։ Ամեն դեպքում պետական մարմինը պարտավոր է ավելի հանդուրժողական լինել, փաստեր ներկայացնել հայտարարագրերի մասին ու պարզաբանումներ տալ։ 

– Այսինքն՝ իր աշխատակիցների հայտարարագրերի վերաբերյա՞լ պարզաբանումներ տար։

– ԱԱԾ-ն, ըստ էության, չի անտեսել Արթուր Սաքունցի գրառումը և պարզաբանումներ է տվել՝ ասելով, որ հայտարարագրեր են ներկայացրել։ Դա շատ ճիշտ է, ԱԱԾ-ն պետք է սովորի այդպես աշխատել, պարզաբանումներ տալ նաև հանրությանը, ոչ թե նախկինի պես մնա ինչ-որ մի առեղծվածային կառույց, որի մասին մենք որևէ տեղեկություն չունեինք։ Շատ լավ է, որ հիմա կամաց-կամաց բացվում է նաև այդ կառույցը։ 

– Ընդհանուր առմամբ, մենք որքանով ունենք ավելի բաց աշխատող ԱԱԾ։ Օրինակ՝ հեղափոխությունից հետո ի՞նչ է փոխվել այդ համակարգում, ի՞նչ տեսակ պետք է լիներ իրապես փոխված ԱԱԾ-ն հեղափոխությունից հետո։

– Ես չեմ կարող ասել, թե ինչ է փոխվել ԱԱԾ-ի ներսում։ Նախկինում ԱԱԾ-ն մեզ համար խորհրդային մի կառույց էր, փակ, սովորական մահկանացուների համար անհասանելի և անպատկերացնելի։ Հեղափոխությունից հետո, երբ եկավ Արթուր Վանեցյանը, նա բավականին շատ շփվում էր լրատվամիջոցների հետ, հանրության հետ, չէր կաշկանդվում։

Դա հենց հեղափոխությունից հետո եղած փոփոխությունն էր։ Թեև երբ տեսա Վանեցյանի լուսանկարը Կադիրովի հետ, հասկացա, որ մենք այդ անձնավորության մեջ նոր բան ենք գաղտնազերծում։ Ես շատ վատ տպավորություն ստացա այդ լուսանկարից։ Իր հարցազրույցներում զուսպ, կոռեկտ Վանեցյանին հանկարծ տեսանք ուրիշ կերպարով։ Սա հենց ԿԳԲ-ն է։ Ոնց կարելի էր քայլող մարդասպանի հետ լուսանկար հրապարակել։ 

– Նախ հրաժարականից հետո Վանեցյանը մեկնեց Ռուսաստան, հիմա էլ տեսնում ենք Կադիրովի շնորհավորանքն ու նրա հետ այս լուսանկարը։

– Եթե լուսանկարը հրապարակվեր ավելի շուտ, մենք իմանայինք, որ ինքը կարող է Կադիրովի հետ շփվել, կողքը կանգնել, ընկալումն ի սկզբանե այլ կլիներ։ Ես գործի բերումով շատ բան գիտեմ Չեչնիայի մասին, թե մարդկանց հետ ինչպես էին վարվում այնտեղ։

Անհավանական մարդասպաններից մեկն է Կադիրովը։ Ու հիմա Վանեցյանն ինձ համար նոր կերպարով հանդես եկավ։ Իսկ մինչ այդ, հեղափոխությունից հետո ԱԱԾ-ն մեզ համար ավելի բաց էր՝ հաշվի առնելով Վանեցյանի շփումները։ Հեղափոխությունից հետո Վանեցյանին և ԱԱԾ-ին մեծ լիազորություններ տրվեցին կոռուպցիոն գործարքների բացահայտման առումով, և դա բավական դրական իմիջ ձևավորեց այդ կառույցի վերաբերյալ։ Ու հիմա այդ լուսանկարն ամեն ինչ փչացրեց։ Իմ տպավորությամբ՝ ոչինչ չի փոխվել ԱԱԾ-ում նույնիսկ հեղափոխությունից հետո։ 

– ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մի օրինագիծ, որը ոստիկանությանը հնարավորություն է տալիս գաղտնալսել հեռախոսազրույցները առանց ԱԱԾ դիմելու։ Սրա հետ կապված դուք ունե՞ք մտահոգություններ։ 

– Ես շատ չեմ ուսումնասիրել այդ նախագիծը, բայց ինչպե՞ս կարելիէ վստահել այս ոստիկանությանը։ Այդքանը կարող եմ ասել։ Ես չեմ վստահի, թե ինչ կարող են անել, հատկապես որ դեռ չկա նշանակված ոստիկանապետ, ինչը շատ կարևոր է։ 

– Շատ է քննադատվում փաստը, որ մինչև հիմա թե՛ ոստիկանությունը, թե՛ ԱԱԾ-ն ղեկավարում են պաշտոնակատարները։ Ինչպե՞ս եք դուք գնահատում դա։

– Զարմանալի է, որ մինչև հիմա վարչապետն այդ կարևորագույն կառույցներում չի նշանակել ղեկավարներ։ Ես դրա պատասխանը չգիտեմ։ Ես կարծում եմ, որ վարչապետը պետք է շտապեր այդ հարցում։

Մանե Հարությունյան

MediaLab.am