100 փաստ հանած ինձ ու խաղալիք մեքենա չունեցող երեխաներին

Մհեր Արշակյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է փոխի «100 փաստ» հրապարակելու իր մոտեցումը: Որովհետև մարդը սկզբունք է որդեգրել, որ 100 փաստ պետք է լինեն իր նվաճումները, ու դրա տակ ինչ ասես մտցնում է՝ ընձառյուծը վերադարձել է Տավուշի անտառներ, բենզինի գինը իջել է մինչև 280 դրամ, կարագի գինն իջել է, տուգանվել է Աննա Հակոբյանը ղեկը երեխային վստահելու համար: Սրանք կարող էին ծանոթագրություն լինել, ոչ թե փաստ: 

Լավ, ընձառյուծը, ենթադրենք՝ հաջողացրել է օգտվել որսագողության դեմ պայքարից ու «խցկվել» մեր էկոհամակարգ, բայց որսագողերը կան ու մի օր իրենց խոսքն ասելու են: Որովհետև բաներ կան, որոնք լինելու են հենց «մեր ուժերով»:

Ինչպես լինում են սպանությունները՝ սոցիալ-տնտեսական ցանկացած նվաճումից անկախ: Բայց տեսեք մի հետաքրքիր բան՝ ընձառյուծը հեղափոխությունից հետո մտել է հայկական անտառ ու դարձել այնտեղի բնակիչ, վարչապետը դա արձանագրելուց առաջ պաշտոնանկ է անում բնապահպանության նախարարին ու հպարտությամբ հայտարարում ընձառյուծի մասին: 100 փաստի մեջ նշում է նաև, որ 2019-ին տնկվել է 500 հազար ծառ:

Էլ չեմ ասում, որ այդ 100 փաստի ընդհանուր առմամբ 7-8 նվաճումները բնապահպանական են: Չծավալվենք:

Իսկ բենզի՞նը: Բենզինի գինը, ճիշտ է՝ իջել է փոքրիկ մրցակցային մթնոլորտի, բայց հիմնականում նավթի համաշխարհային գների կտրուկ անկման արդյունքում: Բայց այստեղ հիմնական նվաճումն այն է, որ չեք խանգարել, որ այդ գներն իջնեն:

Ոչ թե ամեն ինչ արել եք, որ իջնեն: Թեպետ այստեղ էլ լսում եմ Փաշինյանի հակափաստարկը՝ Սերժի վախտ, որ նավթի գինը մինուս 480 էլ լիներ, մեզ մոտ գների տատանումը բացառվում էր: Այսինքն՝  + 480-ը մնալու էր + 480: Ու դա ըստ ամենայնի ճիշտ է: Հետո՞: 

Կարագի գներն իջել են 16 տոկոսով: Մարդը դա արձանագրում է ի լուր ամենքի: Իսկ Սամվել Ալեքսանյանի անվան սուպերմարկետներ մտե՞լ է ինքը: Ամեն ի՞նչն է ճիշտ: Բնավ: Կարագի գները չեն իջել:

Ա՛յ Սամվել Ալեքսանյանի գոյության դաշտում, որը հաստատ վայելում է իշխանությունների բարեհաճությունը, մեծ նվաճում է հասնել առաջին անհրաժեշտության ապրանքների էժանացման: Դա կարելի էր համարել աշխատանք: Թե չէ՝ բենզինի գնի հետ ի՞նչ կարող եք անել, իջնելուց ձեզ չի էլ հարցնում: Շատ-շատ կարող եք խանգարել, որ էլ չիջնի: 

Աննա Հակոբյանին տուգանելու մասին: Ես այս փաստը կշրջանցեի, նույնիսկ եթե սա 100 փաստի փառքն ու պսակը լիներ: Որովհետև այստեղ «լուսավորը» տուգանելը չէ, այլ՝ երեխայի ձեռքը ղեկ տալը: Ես իմ երեխաների մորը այսպիսի իրավիճակում չէի դնի:

Ու ոչ այն պատճառով, որ այս Րաֆֆու «սամվելականությունը» հայկական երևույթ չէ, այլ որ, գրողը տանի, այս երկրում քիչ չեն երեխաները, որոնք խաղալիք մեքենաներ չունեն: 

Ես տեղի ունեցածի թատերականությունը չեմ վիճարկում, ՃՈ տեսուչներն իրենց գործն են արել: Բայց երբ վարչապետն ասում է, որ իր մեքենան վաճառել է ու փողը դրամով գցել է ավանդ, ես նաև չեմ վիճարկում այս «ազգանպաստ» արարքը ի սեր դրամի:

Ես անմիջապես արձանագրում եմ, որ հանձինս մեր բանկերի գործ ունենք աշխարհի ամենաագահ բանկերի հետ, որոնք մարդու հնարավորությունները գերազանցող տոկոսներ են դրել ցանկացած վարկի վրա ու մտադիր չեն կես քայլ անգամ նահանջել:

Ու թող վարչապետը փաստերով, բանկերի տերերի ձեռքը բռնած, ՄԱԿ-ի շրջաբերականներով հանդերձ գա ու ասի, որ իջեցրել են: 

Ի դեպ, ես շատ ուշադիր կարդացի վարչապետի 100 փաստը: Կարո՞ղ եմ առանց կարմրելու ասել՝ դրանցից ոչ մեկը ինձ չէր վերաբերում: Բացի, երևի, 500 հազար ծառ տնկելու փաստից: Ի վերջո մաքուր օդի երաշխավորներ են ծառերը: 

Մհեր Արշակյան 

MediaLab.am