Գագիկ Ծառուկյան. բախտախնդիրը

Մհեր Արշակյան

Երեկ «Ծառուկյան» հիմնադրամը ներկայացրել է Քրիստոսի արձանի ամբողջական համայնապատկերը Հատիս լեռան գագաթին։ Չէի ասի, թե տպավորիչ չէր։ Նույն Լենինի արձանն է ժամանակակից լուծումներով։ Բայց հարցը դա չէ։

Որ կողմից նայում եմ, չեմ հասկանում՝ ի՞նչ հարց է լուծում Քրիստոսի արձանը: Դա ցորենի դա՞շտ է, որը զարկ է տալու հացի արտադրությանը:

Ոչ:

Ղարաբաղի հո՞ղ է, որը հետ ենք գրավում:

Ոչ։

Ղարաբաղի հարցը ձախողել են Հայաստանի ղեկավարները զուտ այն պատճառով, որ Քրիստոսի 33 մետրանոց արձանը չկա՞ր: Թե՞ էդ արձանը կարող էր ՀՕՊ դառնալ ի փառս հայրենյաց և ի սարսափ մեր թշնամիների: Միքելանջելոյի Դավիթի մեր տարբերա՞կն է:

Դժվար:

Ոսկու կամ ուրանի նոր հա՞նք է, որը մեր տնտեսությանը վագրի թռիչք է ապահովելու:

Ոչ:

Եկեղեցին ինչո՞ւ է լռում: Պատճառը պարզ է: Դա Քրիստոսն էլ չէ: Որպես ի՞նչ խոսի, ի՞նչը դատապարտի: Տուրի՞զմն է խթանելու: Ծառուկյանն ասում է, որ արձանը շահագործման հանձնելու առաջին տարում 3-5 միլիոն մարդ է գալու Հայաստան։ Այսինքն, ի՞նչ անենք՝ սկսենք մեր բոլոր բարձունքները «բնակեցնել» Քրիստոսներով ու այլ հարակից դեմքերո՞վ: Ու ի՞նչ ենք ապացուցելու:

Ոչինչ:

Մենք պարզապես հիմարի տեղ ենք դնում ամբողջ աշխարհին, որն այլևս ոչ մի բանի Քրիստոսի պրիզմայով չի նայում:

Քրիստոսով լիներ, ոչ արցախյան պատերազմ կլիներ, ոչ՝ ռուս-ուկրաինական: Քրիստոսը Ծառուկյանի արձանից առաջ էլ ոնց որ թե վատ «հարաբերություններ» չուներ հայ ազգի հետ, բայց դրանից մենք ի՞նչ ենք շահել:

Ոչինչ:

Ընդամենը իրար չենք կերել բառի բուն իմաստով, բայց Հիտլերն ու Ստալինն էլ մարդ ուտելու մշակույթ չեն թողել: Նրանց արձանները չկանգնեցնե՞նք:

Ես Հատիսի հերն անիծելու դեմ ոչինչ չունեմ: Իր համար սար է: Արձանից առաջ էլ այդ սարի գոյության մասին համարյա չէինք էլ ենթադրում, բայց ես ուզում եմ, որ երբ սարի հեր են անիծում, չխաբեն, թե «Քրիստոսի արձանի գաղափարի հիմքում դրվում է ներքին պառակտման հաղթահարման, ազգային համերաշխության, հայկական միասնականության խնդիր»:

Դնողն ո՞վ է, ինչպես հարցնում էր մեծն Գրիբոյեդովը: Այ հենց այստեղ է թաքնված Քրիստոսի արձանի հանցավոր բնույթը՝ Գագիկ Ծառուկյանն իր արձանն է կանգնեցնում: Արձանի պաթոսն ու հեղափոխական պրիմիտիվությունը մեզ կանգնեցնում են այն ժողովուրդների շարքում, որոնք ստեղծում են ձևով Քրիստոսի, բովանդակությամբ Աստծուն անհայտ մեկի կոթողը, որպեսզի ստեղծագործական որևէ նվաճումով այդպես էլ չփայլելուց հետո վերջապես ունենան մի բան, որը գուցե Տիեզերքում մեր արբանյակից կերևա: Ու վերջ։

Հասկանո՞ւմ եք՝ այս արձանը ընդունումն է, որ ապրողներն այլևս իրենցից ոչինչ չեն ներկայացնում, չեն կարող լինել համերաշխ, չպառակտվող, ինչ-որ քարի կտոր մեզ պիտի միավորի ու չպառակտի:

Կրկնում եմ՝ ինքնին արձանը դատապարտելի չէ, բայց այն դատապարտելի չէ, երբ հասնում ենք էն օրվան, որ ամեն ինչ փորձելուց հետո մի արձան կանգնեցնելը ոչնչի չի խանգարի: Բայց որ չեն ասում Քրիստոսի արձան… Ծառուկյանն ասում է՝ էս արձանը պահապան կլինի մեր երկրին:

Այ էս պահից եկեղեցին պիտի հայտարարեր՝ 1700 տարվա քրիստոնեությունը հեչ, քո արձանը՝ մե՞ջ: Բայց չի ասի: Ինչո՞ւ: Որովհետև ոչ ինքն է ճիշտ լինելու, ոչ էլ Ծառուկյանը: Ոչ քրիստոնեությունն է մեզ ավելի խելքով դարձրել, ոչ էլ արձանն է մեզ բախտավոր դարձնելու: Թեպետ, եթե Ծառուկյանին «ճիշտ» հասկանանք, ինքը հենց բախտի գործոնն է կարևորում արձանը կանգնեցնելով: Եթե բախտ չունես, ոչ մի խելոք բան իմաստ չունի:

Ահա Ծառուկյանի ասելիքը: Նա ասում է՝ եկեք բախտի արձանը կանգնեցնենք: Որովհետև ուրիշ ոչինչ չենք կարող ունենալ բախտից բացի։ Ահա թե ինչու է մարդն ասում, որ արձանը եկեղեցու հետ կապ չունի։ Ու ես չգիտեմ, թե որտեղ է սխալվում Ծառուկյանը։ Միայն գիտեմ, որ եթե Քրիստոսը բախտ «ունենար», վայ թե աշխարհի գործերն էլ մի քիչ ուրիշ կերպ դասավորվեին։

Մհեր Արշակյան

MediaLab.am