«Մնում էր՝ արյամբ կնքեին այդ թղթերը կամ ի նշան հավատարմության իրենց երեխեքին տանեին մատաղ անեին ինչ-որ մեկի ոտքի տակ». Էդուարդ Զորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանը 

– Պարո՛ն Զորիկյան, Ազգային ժողովն անձեռնմխելիությունից զրկեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին։ Հայտնի է, որ նրա նկատմամբ մի քանի քրեական գործ է հարուցվել, այդ թվում՝ ընտրակաշառքի փաստով։ Դեռ հեղափոխությունից հետո հանրության մոտ տեսակետ կար, որ Ծառուկայանը և այլ գործարարներ չպետք է լինեն խորհրդարանում։ Այս զարգացումներն ի՞նչ են ցույց տալիս։

– Ես հետևում եմ զարգացումներին, առայժմ ոչ մի արտառոց բան չեմ գրանցում, բացի նրանից, որ քրեական հետապնդման ենթարկվող անձն իր կուսակիցների և այլ խմբերի օգնությամբ փորձում է ինչ-որ աղմուկ բարձրացնել։ Հայաստանը փոքր երկիր է, ամեն ինչ ափի վրա է։

Եվ այնպես չէ, որ այսօր ենք տեսնում, այդ ամենը տեսել ենք 30 տարի առաջ, 20, 15 տարի առաջ։ Եվ ես կարծում եմ՝ այս աղմուկն անիմաստ է։ Ես մի բան եմ զգացել՝ ինչքան աղմկեն, ինչքան ընդդիմանան, այնքան խրվելու են հենց այն ճահիճը, որի մեջ եղել են 30 տարի։

Ասում են՝ քաղաքական հետապնդում է իրականացվում ԲՀԿ-ականների նկատմամբ։ Որպես օրինակ բերում են այն, որ Ծառուկյանի կողմից կառավարության հրաժարականը պահանջելուց հետո քրեական գործերի մասին հայտարարեցին։

– Վարչապետն ամենասկզբից ասաց՝ վենդետա չի լինելու։ Եվ թելադրեց պայմանը, ասաց՝ Հայաստանի Հանրապետությունը թույլ չի տալու այլևս իրեն թալանել։

Այլևս Հայաստանի Հանրապետությունում չպիտի լինեն ընտրակաշառք, լցոնումներ։ Բիզնեսմեն եք՝ դո՛ւրս եկեք քաղաքականությունից, զբաղվե՛ք ձեր բիզնեսով, հարստացեք, միլիոնատեր եք՝ դարձեք միլիարդատեր, բայց ՀՀ-ն պահանջելու է վճարել հարկերն ըստ օրենքի, ՀՀ-ն պահանջելու է ձեր ունեցած անշարժ գույքի բոլոր հարկերը ու մնացած վճարները վճարել։

Մենք գիտենք, որ ո՛չ լույսի համար են վճարել, ո՛չ այլ ծառայությունների։ Սրանից 15 տարի առաջ ենք իմացել, թե ատոմակայանից ինչ կաբելներ են բերվել, ում առանձնատներ ու բիզնեսներ են մտել այդ կաբելները։ Այս ամենը ժողովուրդն անգիր գիտի, հատ-հատ գիտի՝ ով ով է։ Եվ այնպես չէ, որ այսօր Ազգային ժողովի ամբիոնից ինչ-որ ելույթներ պետք է ունենան ու ժողովրդին հակառակը համոզեն։

Այն, որ սեպտեմբերի մեկին մի պայուսակ ու գրիչ էր հանում նվիրում մարդկանց, ես այն ժամանակ էլ էի ասում՝ բարի եղիր, աշխատողներիդ աշխատանքի դիմաց աշխատավարձ տուր։ Դու նրանց աշխատանքով ես ի վերջո հարստացել։ Հերիք է լիմոնի նման ճզմեք ժողովրդին։ Այդ ամենը բերում է նման բաների։ Եվ եթե չլիներ վարչապետի կոչը, որ վենդետա չի լինելու, ժողովուրդը անելու էր վենդետան։

ԱԱԾ-ն փաստաթղթեր է հրապարակել, ըստ որոնց՝ ԲՀԿ-ականները խոստացել են հավատարիմ լինել Գագիկ Ծառուկյանին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ իրավիճակը։

– Ծիծաղելի է, մենք ո՛ր դարում ենք ապրում։ Մնում էր՝ մեկ էլ արյամբ կնքեին կամ իրենց երեխեքին տանեին մատաղ անեին ինչ-որ մեկի ոտքի տակ՝ իրենց հավատարմությունը ցուցադրելու համար։ Հետո էլ կանգնում ու ԱԺ ամբիոնից ասում են՝ լավ եմ արել, գրել եմ, ծիծաղելի է։ Ձեր էջը վաղուց թերթվել է, և մենք այսպես էջեր թերթելով գնալու ենք առաջ։

Քայլ առ քայլ այդ ճանապարհով պետք է գնալ։ Ժողովուրդը միշտ ուզում է, որ ամեն ինչ ակնթարթորեն փոխվի, բայց այդպես չի լինում։ Ի վերջո, այն քվեն, որը տալիս ենք իշխանությանը, տալիս ենք որոշակի ժամանակով։ Եվ այն խոստումները, որը իշխանությունը տվել է ժողովրդին, պարտավորվել է այդ տարիների ընթացքում կատարել։

Այսինքն՝ երբ մեկ տարի է անցնում, մենք ասում ենք՝ բա այսինչը չարեցիր, այնինչը չարեցիր, այդպես չէ, ծրագրվում է, արվում է։ Եվ իրենք պետք է հաշվարկեն՝ ո՛ր քայլը պետք է առաջինն արվի, որը՝ երկրորդն ու երրորդը։ Ես այս առումով էլ ոչ մի պրոբլեմ չեմ տեսնում՝ մենք քվեն տվել ենք, իրենք աշխատում են։ Թե ոնց կանեն, ինչ ճանապարհով՝ իրենք պետք է որոշեն։

Իսկ կողքից ուժեր կան, ասում են՝այսինչն ուշացրեցին, այնինչը արագացրեցին, ի սեր Աստծո, հաջորդ ընտրություններին դուք ընտրվեք, մենք էլ կողքից տեսնենք, թե դո՛ւք ինչի եք ընդունակ։ Ընդհանրապես դուք այս երկու տարվա ընթացքում արված քայլերի չնչին տոկոսը կկարողանաք թեկուզ խոսքով արտաբերել։ Պետք է ուշադիր հետևենք, վտանգ միշտ կարող է լինել։

-Ի՞նչ վտանգների մասին է խոսքը։

– Ես մի քանի անգամ ասել եմ՝ նրանք ամեն ինչի ընդունակ են։ Դրա համար պետք է զգոն լինեն և՛ ԱԱԾ-ն, և՛ ոստիկանությունը, և՛ ամբողջ հայ ժողովուրդը, նկատի ունեմ՝ աշխարհում ապրող բոլոր հայերը։ Մենք բոլորս ենք այդ հեղափոխությունն արել և պետք է հետևենք ու ուշադիր լինենք, որպեսզի այն, ինչ պահանջել ենք, ամբողջ գործը կատարվի։

Ինչո՞ւ եմ սա շեշտում, որովհետև այսօր մի պահ լսեցի, որ պարոնն ասում էր, որ իր հետևում ժողովուրդ է կանգնած, և մատ էր թափ տալիս՝ վաղը կբերեմ այդ ժողովրդին ու կլցնեմ Երևանի փողոցները։ Մենք 30 տարի Երևանի փողոցներում պայքարել ենք էսօրվա համար, և նրանք երբևէ ժողովրդի կողքին կանգնած չեն եղել։

Գրպանից հանել մի բուռ սեմիչկա տալ ու ասել՝ էս տար, թող երեխեդ չրթի մեծանա, դա ժողովրդի կողքին կանգնել չէ։ Երբ ժողովուրդը նստացույց էր անում տարբեր հարցերի շուրջ, ոչ մեկը չկար, բոլորը դղյակներ էին սարքում, մեքենաներ էին գնում՝ ամեն մեկն իր քաշին համապատասխան։

Հիմա տերը ժողովուրդն է, այդ ժողովուրդը 30 տարի պայքարեց, որ էս օրը գա։ Եվ ժողովուրդը բերեց վարչապետին ու հանձնարարեց՝ մեջքիդ կանգնած ենք, հանիր թուրդ ու աջ ու ձախ կտրիր։ Հայաստանն այլևս չպիտի թալանվի։

Եթե ականջ դնեին վարչապետի խոսքին, որը հնչում էր մոտավորապես այսպես՝ «վե՛ր ընկեք տեղներդ», երևի այս ամենը չլիներ։ Խելոք վե՛ր ընկեք տեղներդ, գնացե՛ք փոխվեք ու ապրեք, բայց պարոնայք չուզեցին, նրանք ուզում են առաջվա պես լինի։

Չեն ուզում Հայաստանին հարկեր վճարել, չեն ուզում բոլորի հետ հավասար պատասխան տալ իրենց արածների համար։ Այսինքն՝ չեն ուզում, որ Հայաստանը կայանա, բայց կայանալու է, արդեն կայացել է։

Քայլ առ քայլ ամրապնդվում է։ Եվ նրանք ոչ մի կերպ հետ չեն գալու, պիտի մոռանան դա, ինչքան շուտ մոռանան, ինչքան արագ վեր ընկնեն իրենց տեղերը՝ այնքան լավ իրենց համար։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am