«Կապանում իրանցիներին գումարով պատվաստվելու լուրերը իրականությանը չեն համապատասխանում». Զարինե Բաբայան

Հուլիսի 10-ից սկսած Սյունիքի մարզում իրանցիների COVID-19-ի դեմ   պատվաստումը դադարեցված է: Նոր կարգի համաձայն իրացիներին չի թույլատրվում պատվաստվել մարզերում: Հաջորդող օրերին արդեն Կապանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում տիրող մեծ ակտվությունը չկար, հարաբերական անդորր էր։ Կապանցի մի քանի քաղաքացիներ եկել էին կորոնավիրուսի դեմ պատվաստվելու։

Կապանցի 30-ամյա Կարեն Առստամյանը Կապանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում COVID-19-ի դեմ պատվաստված քաղաքացիներից մեկն է։ 

Աշխատում է ԱԻՆ մարզային փրկարարական վարչությունում՝ որպես փրկարար։ Ասում է՝ պատվաստվելը անհրաժեշտություն է ծառայողների համար։ 

«Ես մինչ այժմ չեմ հիվանդացել, բայց, կարծում եմ՝ ապահովություն է կորոնավիրուսից պաշտպանվելու համար, այդ իսկ պատճառով եկել եմ պատվաստվեմ»,- «Մեդիալաբին» ասում է նա։ 

E:\7\IMG_20210712_120049.jpg

Կապանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում պատվաստվել ցանկացողների հերթեր չեն գոյանում։ Ըստ բուժաշխատողների՝ դիմելիություն կա, բայց թիվը օրվա մեջ մոտ 2 տասնյակից չի անցնում։ 

E:\7\IMG_20210712_115525.jpg

Պոլիկլինիկայի իմունիզացիայի պատասխանատու Զարինե Բաբայանի խոսքով՝ պատվաստումները մեկնարկել են ապրիլի 15-ից։ 

Բաբայանը նշում է, որ կենտրոնում պատվաստված անձանց թիվը մինչ այժմ ավելի քան 900 է։ Վերջին շրջանում հարևան Իրանի քաղաքացիների հոսքն էր մեծ։ Հաշվի առնելով, որ Սյունիքը մոտ է Իրանին, իրանցիներից շատերը պատվաստվելու հարցում նախապատվություն տալիս էին Կապանին եւ Մեղրիին եւ Քաջարանին։ 

«Իրանի քաղաքացիներին մենք պատվաստել ենք միայն «ԱստրաԶենեկայով», բայց դա էլ այն դեպքում, երբ ունենում էինք բացված դոզաչափ։ Այսինքն՝ այդ պատվաստանյութը 10 դոզաչափ է։ Կապանցիների շրջանում «ԱստրաԶենեկայով» պատվաստվել ցանկացողները շատ չեն, հիմնականում Եվրոպա մեկնողներն են, այդ իսկ պատճառով, եթե պատվաստանյութը բացվում էր, ու մեկ- երկու սրվակից բացի չէր օգտագործվում նույն օրը, օրվա երկրորդ կեսին մենք Իրանի քաղաքացիներին էինք պատվաստում այդ մնացորդով»:

Հայաստանի սահմանակից Իրանում կորոնավիրուսային իրավիճակը մտահոգիչ է։ Իրանը կորոնավիրուսային քարտեզում նշված է կարմիր գույնով։ 

Ավելի քան 85 միլիոն բնակիչ ունեցող երկրում պատվաստանյութի խիստ պակաս կա, հիվանդանոցներում մարդիկ չեն կարողանում բուժում ստանալ։ Իրանում, ըստ առաջնահերթության, պատվաստվում են 80 և ավելի բարձր տարիքի անձինք։ 

Իրանական մեդիաների հրապարակումների համաձայն, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մեկ դոզաչափի գինը «սեւ շուկայում» կարող է հասնել մինչեւ 2500 ԱՄՆ դոլարի։ Հիվանդությունը կանխարգելելու, չհիվանդանալու համար իրանցիների համար Հայաստանը նպաստավոր երկիր է։ Մեղրիի մաքսակետում օրերս անգամ հազարավոր իրանցիների կուտակումներ էին, որոնք ցանկանում էին ժամ առաջ գալ և պատվաստվել Հայաստանում։

«Պատվաստանյութի դեֆիցիտ չունենք, երեք տեսակով էլ՝ «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ V», «ՍինոՎակ», բուժկենտրոնը համալրված է։ Վերջին երկու ամիսներին դիմելիության աճի միտում կա։ Մարդիկ արդեն կամավոր գալիս են և պատվաստվում։ Այս օրերին նաև դուրս հանգստի մեկնողներն են ցանկանում իրենց ապահովագրել։ 

Բացի պոլիկլինիկայում կատարվող պատվաստումներից, մենք նաև ըստ ցանկության գնում ենք, հիմնարկներում ենք կատարում մասսայական պատվաստումներ, օրինակ՝ ԱԻՆ մարզային վարչություն, կոմբինատներ, ծերանոց, հոգեբուժարան»,- նշում է Զարինե Բաբայանը։ 

Իմունիզացիայի պատասխանատուն կտրականապես հերքում է Կապանում Իրանի քաղաքացիներին գումարով պատվաստելու մասին շրջանառող լուրերը։

Կապանի պոլիկլինիկայի աշխատակիցները Իրանի քաղաքացիներին արդեն Երևան են ուղղորդում, նրանք այստեղ այլևս չեն կարող պատվաստվել։ 

Հուլիսի 15-ից ուժի մեջ կմտնի առողջապահության նախարարի պաշտոնակատարի նոր որոշումը։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե տեղացիներն ինչո՛ւ են առավել շատ «Սպուտնիկ V» պատվաստանյութին նախապատվություն տալիս, Զարինե Բաբայանը պատասխանում է․ 

««ԱստրաԶենեկայի» դեմ հակաքարոզչությունը ի սկզբանե շատ էր։ Ես ինքս, օրինակ՝ պատվաստվել եմ հենց դրանով, սակայն համացանցում տարածվող կարծիքների պատճառով մարդիկ խուսափում են դրանից»։

Պատվաստավելը խիստ նախընտրել է հատկապես ռիսկի խմբում ներառվածների համար, որոնց համար կորոնավիրուսային վարակը կարող է լուրջ բարդություններ, եւ մահվան հանգեցնել։ Այդ խմբում ներառված են  65 և բարձր տարիքի անձինք, քրոնիկական հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա ունեցողներներ։ Ծերանոցների, հոգեբուժարանի բնակիչների, բուժսպասարկող անձնակազմի պատվաստումը ևս պարտադիրների շարքում է։ 

Կապանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում հաշվառված ռիսկի խմբի բնակիչների թիվը մոտ 2 հազար է։ 

Նելլի Միրզախանյան

MediaLab.am