Սերգեյ Լավրովն Արա Այվազյանին հրավիրեց այցելել Ռուսաստանի Դաշնություն

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին հրավիրեց այց կատարել Ռուսաստան:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին Լավրովն ասաց Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Հայաստանի արտաքին գործերի նախարարին հրավիրել եմ այց կատարել Ռոսաստանի Դաշնություն՝ տարբեր հարցերի շուրջ մեր քննարկումները շարունակելու համար»,- ասաց Սերգեյ Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը նշեց, որ Երևանում Արա Այվազյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել են հարցերի լայն շրջանակ:

«Բանակցությունների արդյունքում մենք ընդգծել ենք, որ մեր միջև ընթանում է բարձր մակարդակով երկխոսություն: Զարգանում են միջխորհրդարանական հարաբերությունները: Դաշնային խորհրդի պատվիրակությունն այցելել է Երևան՝ մասնակցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին: Մայիսի 16-18-ը նախատեսված է Ազգային ժողոիվ նախագահ Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա»,- նշեց Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարը հավելեց, որ իրենք բարձր են գնահատում երկու երկրների փոխգործակցությունը ինտեգրացիոն գործընթացներում՝ ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում, ՀԱԿՊ-ում:

«Ռուսաստանը մնում է Հայաստանի ամենամեծ գործընկերը: Ընդգծել ենք նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության կարևորությունը»,- ասաց ՌԴ արտգործնախարարը:

Սերգեյ Լավրովը Երևան է ժամանաել երկօրյա այցով: