Դատախազությունը սխալվում է. ՀՀ-ում մահապատժի բացարձակ արգելք կա.Fip

Գլխավոր դատախազությունը սեպտեմբերի 1-ին հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկել է սահմանադրական փոփոխությունների շրջանակներում քննարկել պետական դավաճանության համար մահապատիժը որպես պատժատեսակ կիրառելու հնարավորություն տվող սահմանադրաիրավական կարգավորումներ սահմանելու հարցը:Այս մասին տեղեկացնում է Fip.am-ը:

Հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է. «Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ կողմից այս ոլորտին առնչվող միջազգային հանձնառությունների դաշտը և պարզվել է որ ՀՀ-ն չունի մահապատժի բացարձակ արգելք սահմանելու ուղղակի միջազգային-իրավական պարտավորություն»:

Իրականում, այս պնդումը կեղծ է, քանի որ կա միջազգային փաստաթուղթ, որով Հայաստանը պարտավորվում է բացառել մահապատժի կիրառումը հանրապետության սահմաններում: 

Հայաստանը 2021 թ. մարտի 21-ին վավերացրել է ՄԱԿ-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին կից երկրորդ կամընտիր արձանագրությունը», որի առաջին հոդվածը նախատեսում է, որ արձանագրության մասնակից պետության իրավասության ներքո գտնվող որևէ մեկը չի կարող մահապատժի ենթարկվել. «Յուրաքանչյուր Մասնակից պետություն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր իրավասության շրջանակներում մահապատիժը վերացնելու համար»:

Թեև արձանագրությունը նախատեսում է բացառություն ռազմական իրավիճակի դեպքում, եթե մասնակից երկիրը վերապահումով վավերացնի փաստաթուղթը, սակայն Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է առանց վերապահումների: 

Ադրբեջանն ու Հունաստանը ստորագրել են արձանագրությունը վերապահումով, որը նախատեսում է ռազմական դրության ժամանակ մահապատժի կիրառում` պատերազմի ընթացքում կատարված ռազմական բնույթի ծանր հանցագործության համար:

Մահապատիժը Հայաստանում 

Հայաստանում մահապատիժը վերացվել է 2003 թվականին՝ Եվրոպայի խորհրդին  անդամակցելու գործընթացի շրջանակներում, ինչից հետո առավելագույն պատիժը հանրապետությունում ցմահ ազատազրկումն է:

Սահմանադրության 24-րդ հոդվածը հռչակում է, որ Հայաստանում ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի: Այնուհանդերձ, 76-րդ հոդվածում նշվում է, որ մահապատժի արգելքը կարող է վերացվել արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ:

Այսպիսով, պնդումը, թե ՀՀ-ն չունի մահապատժի բացարձակ արգելք սահմանելու ուղղակի միջազգային-իրավական պարտավորություն, սխալ է: