Ռազմական դրության ընթացքում արգելված հրապարակումների համար պատասխնատվության է ենթարկվել 331 սուբյեկտ

Հայաստանում ռազմական դրության ընթացքում արգելված հրապարակումների համար ոստիկանությունը պատասխանատվության է ենթարկել 148 լրատվական գործունեություն իրականացնող սուբյեկտի և 183` լրատվական գործունեություն չիրականացնողի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց Ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը»-ի պատգամավոր Արեն Մկրտչյանի հարցին:

Մկրտչյանը նկատեց, որ պատերազմական իրավիճակում թիկունքում ջլատում մտցնելը «ստորություն և նենգություն է, սակայն դրանք իրավական կատեգորիա չեն»: Նա հետաքրքրվեց՝ կա՞ն արդյոք մարդիկ, լրատվամիջոցներ, որոնք այդ փորձերի, այդ հրապարակումների համար մինչ այդ որևէ պատասխանատվության ենթարկել են:

«Մինչև օրս Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.5-րդ հոդվածով նախատեսված զանցանքների համար պատասխանատվության է ենթարկվել 331 սուբյեկտ, որոնցից 148-ը լրատվական գործունեություն իրականացնողների կողմից, իսկ 183-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից հրապարակումների հետ կապված»,-ասաց Ֆիդանյանը: