«Սևանի միջոցառումները տարիների ընթացքում չեն իրականացվել, խնդիրները կուտակվել են, և նախորդ տարվանից արդեն ի հայտ եկան». Գայանե Շահնազարյան

«Սևանի միջոցառումները տարիների ընթացքում չեն իրականացվել, խնդիրները կուտակվել են, և  նախորդ տարվանից արդեն ի հայտ եկան».  Գայանե Շահնազարյան
«Սևանի միջոցառումները տարիների ընթացքում չեն իրականացվել, խնդիրները կուտակվել են, և նախորդ տարվանից արդեն ի հայտ եկան». Գայանե Շահնազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը։

 – Տիկի՛ն Շահնազարյան, առողջապահության նախարարն ու շրջակա միջավայրի փոխնախարարն երեկ հայտնել են, որ Սևանա լճի ջուրն ինքնամաքրվում է, լճի թափանցիկությունը 6,5 մետրի է հասել, ինչը լավ արդյունք է համարվում վերջին տարիների համար: Ի՞նչ է կատարվում:

– Սևանա լճում պրոցեսներն սկսվում են գարնանը, ընդհանուր ջրային շերտերի խառնում է լինում, խառնվելու հետևանքով առաջանում է որոշակի կենսածին տարրերի հավասարաչափ բաշխում: Դրանից հետո սկսվում է Սևանա լճում պրոդուկտիվ շրջանը, չասենք՝ կապտականաչ ջրիմուռների, որովհետև այդ տեսակները կախված են և՛ տարվանից, և՛ եղանակային պայմաններից:

«Ծաղկման» պրոցեսի ավարտից հետո, երբ ամբողջ մակերևույթն անմիջապես յուրացնում է ֆոսֆորի քանակությունը, տեղի է ունենում հակառակ՝ բուսական աշխարհի քայքայման պրոցեսը: Այն անցնում է հատակ: Այսինքն՝ դա անընդհատ պրոցես է, ես չեմ կարող դա միանշանակ մաքրում անվանել: Մաքրումն այն է, որ այդ պրոցեսը չկրկնվի մի քանի տարի: Եթե դա պարբերաբար կրկնվում է, նշանակում է՝ կա անհրաժեշտ սնուցող նյութերի քանակություն, որը լիճը յուրացնում ու դարձնում է բուսական աշխարհ:

– Այսինքն՝ առաջիկայում լճի «ծաղկումը» դարձյա՞լ կկրկնվի:

– Ես չգիտեմ, թե Արփա-Սևան թունելի՝ ջրի մակարդակի ավելացման շնորհիվ և ջրառի նվազեցման հետևանքով Սևանա լճում ինչ հավասարակշռություն կստեղծվի, որովհետև այս տարի փոփոխություններ են նախատեսված՝ քիչ ջրառ, շատ ջուր լցնել: Թե դրա արդյունքում ի՛նչ ֆոսֆորային պաշար կձևավորվի լճում, դեռ հայտնի չէ, բայց այսօր առկա ֆոսֆորի պայմանները բավարար են, որ Սևանա լճում կենսաբանական պրոցեսները ակտիվ լինեն: Այժմ ունենք անհրաժեշտ սնուցող նյութերի քանակ, և այս պայմաններում լճի «ծաղկումն» անխուսափելի է:

Այսինքն՝ այս ինքնամաքրումը ժամանակավոր է, խնդրի լուծում չէ: Այդ պրոցեսն անցնում է հատակ, լճից դուրս չի գալիս, որ դրա անունը դնենք ինքնամաքրում: Ուղղակի այս պահին ինքը բնական պրոցեսով «ծաղկեց», հետո արդեն հաջորդ պրոցեսն այդ ծաղկած օրգանական նյութերի քայքայումն է, քայքայվեց անցավ հատակ, հաջորդ տարի նորից բարձրանալու է մակերևույթ, նորից նույն խնդիրն է լինելու:

– Այս փուլում ի՞նչ վիճակում է լիճը, ավելի քի՞չ ջուր է բաց թողնվում, քան նախորդ տարիներին էր:

– Վերջին տվյալներով՝ այո՛, նախարարն էլ տեղեկացրեց, որ ավելի քիչ ջուր է բաց թողնվել լճից, քան նախորդ տարի: Մենք մոնիթորինգային տվյալներով ջրի որակի ուսումնասիրություն ենք իրականացնում մշտապես:

– Իսկ ձեր մոնիթորինգի արդյունքներն ի՞նչ են ցույց տալիս, լճի ջրի որակի բարելավում կա՞:

– Սևանա լիճը տարվա ընթացքում կենսական պրոցեսների որոշակի շրջափուլեր է անցնում, գարնանը բնութագրվում է մի վիճակ, ամռանն արդեն ակտիվ շրջան է: Եթե նախորդ տարի լճի «ծաղկումը» սկսվել էր հուլիսին, այս տարի ավելի վաղ՝ հունիսին էր սկսել:

Այսինքն՝ ամռան շրջանում ծաղկում է, դրանից հետո տեղի է ունենում ծաղկած օրգանական նյութի քայքայում: Սխալ է ասել, թե վերջին ուսումնասիրություններն ինչ են ցույց տալիս, որովհետև տարվա ընթացքում բնական պրոցեսներ են տեղի ունենում: Հիմա եթե դիտարկենք, որ այս պահին Սևանա լճում օրգանական նյութերի քայքայման պրոցեսն է սկսվել, դրան հաջորդելու է Սևանա լճի հատակային շերտերում ֆոսֆորի ավելացումը, որը լճում ավելացնելու է ֆոսֆորի քանակությունը:

Գարնանն էլ նորից այդ հատակային նստվածքում կուտակված ֆոսֆորն անցնելու է ամբողջ ջրաշերտ և նորից մասնակցելու է նույն պրոցեսներին, այսինքն՝ շրջափուլ է սա, վերջ ու առաջ չկա:

– Այսինքն՝ մինչև նախարարի նախանշած քայլերը չիրականացվեն, վերջնական լուծման մասին խոսք չի՞ կարող լինել:

– Անշուշտ պետք է որոշակի քայլեր արվեն: Հիմա այստեղ խնդիրն այն է, թե որ քայլն ավելի շատ կազդի, որը՝ ավելի քիչ: Ինչքան էլ մենք տեսականորեն պատկերացնում ենք, որ իրականացվելիք քայլերը բերելու են Սևանա լճի վիճակի լավացման, այստեղ խնդիր է, թե որը որ փուլում կիրականացվի և ինչ ինտենսիվությամբ կազդի: Ջրի մակարդակի բարձրացումն այդ քայլերից մեկն է, հնարավոր է՝ դա ավելի ինտենսիվ ազդի ջրի որակի լավացման վրա, քան մենք ենք կանխատեսում:

Բայց որ այդ քայլերը բերելուն են լավացման՝ դա միանշանակ է: Այն, ինչ կբերի Սևանա լճում կենսածին տարրերի մաքրմանը, դա միանշանակ դրական ազդեցություն է ունենալու լճի համար: Այդ քայլերը նախատեսված էին, գոյություն ունեն «Սևանա լճի մասին» օրենք, Սևանի միջոցառումներ, այդ ամբողջ միջոցառումները նոր չէին նախանշված, ուղղակի տարիների ընթացքում չեն իրականացվել, խնդիրները կուտակվել են, և դրանք նախորդ տարվանից արդեն ի հայտ եկան:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am