Տեսչական մարմինը ուժեղացված ստուգայցեր է իրականացնում առևտրի խոշոր կենտրոններում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, հաշվի առնելով այս օրերին որոշակիորեն ակտիվացած առևտուրը, Covid-անվտանգության նորմերը դիտարկում է առևտրի խոշոր կենտրոններում։ Այդ մասին տեղեկացնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ)։

ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի աշխատանքային 4 խումբ այսօր ուժեղացված ստուգայցեր է իրականացրել Կենտրոն վարչական շրջանի առևտրի կենտրոններում, մասնավորապես, «Ռոսիա» մոլում։

Ընդհանուր առմամբ, տնտեսավարողների մոտ առկա են ախտահանիչ նյութեր, առողջապահության նախարարի հրամանով պահանջվող գրանցամատյաններ, կատարվում է նաև հեռավար ջերմաչափում։

 Սակայն տեսչականի մասնագետները փաստում են՝ վերջին օրերին առավել շատ արձանագրվում են սոցիալական հեռավորություն չպահպանելու և կուտակումների հետ կապված խախտումներ, ավելացել են նաև դիմակ չկրելու դեպքերը։

 Մի շարք տնտեսավարողների ԱԱՏՄ տեսուչները տվել են հանձնարարականներ՝ առկա թերություններն ու խախտումները վերացնելու ուղղությամբ։

ԱԱՏՄ-ն մեկ անգամ ևս հորդորում է խստագույնս պահպանել համավարակի տարածումը կանխելուն միտված անվտանգության նորմերը։