«Իրեն հենց ղեկի վրա են խփել, վիրավորումը եղել ա սրտի-թոքի հատվածում»․ Սեդա Իսրայելյանը ամուսնու զոհվելուց հետո փորձում է ապրել՝ հիշելով նրա վերջին խոսքը

Ոնց որ ամբողջ աշխարհը փլվեր գլխիս՝ այսպես է նկարագրում պատերազմի ժամանակ ամուսնու զոհվելու մասին լուրն իմանալը 32-ամյա Սեդա Իսրայելյանը։

Սեդայի ամուսինը՝ պայմանագրային զինծառայող 34-ամյա Ռուսլան Իսրայելյանը, զոհվել է նոյեմբերի 7-ին՝ հերթական վիրավորին օգնության հասնելու ժամանակ շրջափակման մեջ հայտնվելով։

Ընտանիքը Ռուսլան Իսրայելյանի մահվան մասին իմացել է երկու օր անց՝ նոյեմբերի 9-ին։

«Հենց նոյեմբերի 7-ին եմ խոսել, ժամը 1-ն անց 20-ի հատվածում՝ մոտ 2-3 րոպե, ու նույն օրը դեպքը եղել ա, ժամը 4-5-ի հատվածում։ Զոհվել է Դավիթ Բեկում՝ դեպի Կուբաթլու գնացող ճանապարհին։ 

Իր զորամասից ինքը առանձնացել էլ, շտապօգնության վարորդները հրաժարվել են առաջնագիծ մտնելուց, ինքը բժշկին տեսել ա, խոսացել են: Բժիշկն ասել ա՝ վարորդները հրաժարվում են, համ քշում եմ մեքենա, համ վիրավորներ եմ հանում: Ինքը նստել ա ղեկին, ասել ա՝ դու չես կարող երկու գործ միանգամից անես, ես իմ գործը կանեմ, դու՝ քոնը, որ ավելի արագ ստացվի, ավելի շատ մարդու կյանք փրկենք։ 

Բժշկի ասելով՝ ամուսինս 200 վիրավոր զինվորի կյանք ա փրկել,- ասում է Սեդան և շարունակում,- հերթական վիրավորի հետևից գնալով՝ մեքենայով շրջափակման մեջ են ընկել: Բժիշկը կարողացել ա դուրս գալ տարածքից, իսկ իրեն հենց ղեկի վրա խփել են, վիրավորումը եղել ա սրտի-թոքի հատվածում»։

Ռուսլան Իսրայելյանն հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։

Կինը՝ Սեդան, ասում է, որ շատ ծանր էր լսել ամուսնու զոհվելու լուրը, մինչև վերջին պահը հույս ուներ, որ լավ է լինելու: 

«Հարևանուհիս, որ անընդհատ լացում էր, իր ամուսինն էր էլ գնացել, ասում էի՝ լավ կլինի, մի մտածի, նորմալ ա, կգան, կհասնեն, բայց իմ հետ էսպես ստացվեց»,- նշում է Սեդան։

Սեդա Իսրայելյանն ասում է, որ ամուսնու զոհվելուց 72 օր հետո է հնարավոր եղել հանել մարմինը, մինչ այդ հակառակորդը թույլ չի տվել այդ վայրից աճյուններ հանել:

«Կոնկրետ իմանալով հանդերձ իրա զոհվելու վայրը՝ հակառակորդը թույլ չէր տալիս, որ մտնեն, իրան հանեն, ու էդ տարածքում միայն ինքն ա եղել։

Հետո բերեցին, ասեցին՝ ԴՆԹ պետք ա արվի: Ասեցին՝ ինչքան էլ գիտեք, որ իր մարմինն է, բայց պարտադիր պետք է ԴՆԹ արվի: Հունվարի 18-ին մարմինը բերել են, բայց փետրվարի 8-ին նոր ԴՆԹ-ն հաստատվել է, փետրվարի 10-ին հուղարկավորությունը եղավ»,- ասում է Սեդան:

Սեդան ամուսնու՝ 34-ամյա Ռուսլան Իսրայելյանի և երկու անչափահաս երեխաների հետ մինչ պատերազմը բնակվել է Արցախի Քաշաթաղի շրջանի գյուղ Գետառում։

Սեդան հուզմունքով նշում է, որ մինչև պատերազմը շատ երջանիկ էին՝ ունեին ամեն բան, կորցրեցին ամեն ինչ։

«Երկուսս էլ աշխատում էինք, ես բուժքույր էի, ամուսինս պայմանագրային էր։ Սկեսուրս էլ հողագործությամբ էր զբաղվում, սկեսրայրս 92-ի պատերազմի ժամանակ երկրորդ խմբի հաշմանդամ ա դարձել, առանձին տներ ունեինք, մենք մեր ձեռքով սարքել էինք։ Հողամաս ունեինք, մի հեկտար նռան այգի, չհաշված տնամերձն ու բերքատու ծառերը ու ամբողջը կորցրեցինք, ամեն ինչը մի 5 րոպեի մեջ։ Բայց հիմա երանի եմ տալիս, որ էնտեղ տուն չունենայինք, ունենայինք մի հյուղակ, բայց ամուսինս լիներ իմ հետ»,- ասում է կինը և հուզմունքով շարունակում, որ դժվարանում է այժմ պատասխաններ գտնել երեխաների հարցերին: 

Սեդա Իսրայելյանը՝ ամուսնու և երեխաների հետ։ Լուսանկարը՝ անձնական արխիվից։

«Էսօր իմ երեխեքս անընդհատ հարցեր են տալիս, իրենք գիտեն, որ իրենց պապան չկա, բայց երեխա են, ասում են՝ ինչի՞ իմ պապան հետ չեկավ, ինչի՞ էս մեկի պապան եկավ, իմը չեկավ, ընդամենը 5-6 տարեկան երեխեք են»։

Սեդա Իսրայելյանը պատերազմի ժամանակ երեխաների հետ Քաշաթաղից տեղահանվել է հոկտեմբերի 4-ին, ասում է, որ չէր ցանկանում տնից դուրս գալ, քանի որ ամուսինն առաջնագծում էր, նաև հույս ուներ, որ կռիվը շուտով կդադարի:

«Մեր գյուղապետը մեքենա տրամադրեց, գյուղում փոքր երեխա ունեցող մենակ ես ու մեր հարևանուհին էինք մնացել, մեքենայով դուրս ենք եկել, ընդամենը 5 րոպեի ընթացքում դուրս եկանք։ Մինչև էդ չէի ուզում դուրս գալ, վախեր կային իհարկե, ամեն ռումբի պայթյունից ամբողջ տունը դղրդում էր: Երեխեքը վազում, պադվալ էին մտնում, բայց ամեն դեպքում սպասում էինք, որ կհանդարտվի։ Ես երեխեքիս հետ դուրս եմ եկել հոկտեմբերի 4-ին, սկեսուրս՝ հոկտեմբերի 14-ին, հոկտեմբերի 15-ին սկեսրայրս ոտքով ա մինչև Գորիս եկել»,- պատմում է Սեդան:

Իսրայելյանների ընտանիքը 10 օր Գորիսում է անցկացնում, այնուհետև տեղափոխվում Ապարան՝ վարձով բնակարան։

Սեդան նշում էՈնց որ ամբողջ աշխարհը փլվեր գլխիս՝ այսպես է նկարագրում պատերազմի ժամանակ ամուսնու զոհվելու մասին լուրն իմանալը 32-ամյա Սեդա Իսրայելյանը։

Սեդայի ամուսինը՝ պայմանագրային զինծառայող 34-ամյա Ռուսլան Իսրայելյանը, զոհվել է նոյեմբերի 7-ին՝ հերթական վիրավորին օգնության հասնելու ժամանակ շրջափակման մեջ հայտնվելով։

Ընտանիքը, որ հիմա անորոշ է վիճակը, չգիտեն, թե որտեղ են ապրելու՝ Արցախո՞ւմ, թե՞ Հայաստանում, բայց որոշել է, որ երեխաները լավ կրթություն պետք է ստանան:

«Ես էլ Գորիսի պետական համալսարանում եմ սովորում, գիտելիքի արժեքը գիտեմ, 9 տարի բուժքույր եմ աշխատել, հիմա սովորում եմ մեթոդիկա, 3-րդ կուրս եմ: Արցախում համատեղել հնարավոր էր, կես դրույք բուժքույրություն պետք է անեի, մի դրույք դպրոցում աշխատեի: Տվեցի գործերս, պետք է աշխատեի, էսպես ստացվեց»,- նշում է Սեդան։

Թեպետ դժվար է ողբերգությունից հետո առաջ նայել, բայց Սեդային ուժ է տալիս ամուսնու վերջին խոսքը․ «Գիտեք՝ ամուսինս վերջին անգամ գնալուց, որ մեզ բերեց թողեց Ապարան, հետ գնալուց ինքը ինձ էնքան բաներ ասեց ու գնաց, որ կարծես գիտեր՝ ինչի՛ համար է գնում: Ասաց՝ որ երեխեքս ինձ լացելուց չտեսնեն, որ իրա երեխեքին հասցնեմ իրանց նպատակին, ուսման տամ, եթե հանկարծ ինքը հետ չգա։ 

Ես իրեն ասում էի՝ ես չեմ կարա էդ ամեն ինչը մենակ անեմ, հետ կգաս, ասում էր՝ ես գիտեմ, որ դու կարաս անես, դրա համար արխային գնում եմ, իմ թիկունքն ամուր ա քեզանով։

Հիմա ամբողջ ցերեկը ժպիտով եմ երեխեքի հետ, բայց երեխեքին քնացնելուց հետո արդեն հուշեր, թախիծ, տխրություն»,- հուզմունքը զսպելով ասում է կինը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am