ՀՔԾ պետը հանդիպել է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդի և ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ ներկայացուցիչների հետ

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդ Հիզեր Բերգիին, Երևանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (ԹՊԻՀ) իրավապահ մարմինների ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին, քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին և հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատու Յոհաննես Վան Դեն Հուգենին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի իրավապահ մարմիններին ցուցաբերվող աջակցության շրջանակներում իրականացվող ինչպես ընթացիկ, այնպես էլ նախանշվող միջոցառումներին ու ծրագրերին: Քննարկվել են նաև կոռուպցիայի դեմ պայքարի, մասնավորապես` կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության առանձնահատկությունները: Հաշվի առնելով հիշյալ բնագավառում ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի հարուստ փորձը` կարևորվել է այդ կառույցի ներկայացուցիչների օժանդակությամբ քննիչների  կարողությունների և հմտությունների զարգացման նպատակով վերապատրաստման դասընթացների կազմակերպումը, հատկապես պրակտիկ փորձի և կոնկրետ քրեական գործերի քննության հաջողված դեպքերի ներկայացմամբ:

Կողմերը դիտարկել են քրեական գործերի քննության արդյունավետության բարձրացման նպատակով ժամանակակից մասնագիտական մեթոդիկաների ներդրման և դրանց գործարկման համար պատասխանատու մասնագետների վերապատրաստման հնարավորությունները: Բացի այդ, անդրադարձ է կատարվել համապարփակ, բազմաբաղադրիչ քննության իրականացման առանձնահատկություններին` այդ համատեքստում կարևորելով քննչական, օպերատիվ և փորձագիտական աշխատանքների մեկտեղման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցության շրջանակներում առաջիկայում նախանշվող նոր ծրագրերը կշարունակվեն ավելի մեծ արդյունավետությամբ: