Մեհմանան վերաբնակեցման մեծ ներուժ ունի. համայնքի ղեկավար

Մարտակերտի շրջանի Մեհմանա համայնքի բնակիչների թիվը նվազման միտում ունի։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մեհմանայի համայնքապետ Ավագ Մկրդումյանը:

«Գյուղը հիմնվել է շատ վաղուց, չորս հույն հանքահանների կողմից, ովքեր տեղափոխվել են Արցախ՝ այստեղ աշխատելու: Հենց այդ պատճառով էլ մեր գյուղը ստացել է «հունական» անվանումը։ Մեր փոքրիկ գյուղում ազատ, բայց վերանորոգման կարիք ունեցող տներ շատ ունենք, որոնք մեծ սիրով կտարամադրենք տեղահանված մեր հայրենակիցներին։ Նրանք նոր շունչ կհաղորդեն մեր երբեմնի աշխույժ գյուղին։ Յոթ տարի է, ինչ դպրոցն ու մանկապարտեզը չեն գործում. դպրոցահասակ և մանապարտեզի ենթակա երեխաներ ունեցող ընտանիքները տեղափոխվել և հաստատվել են քաղաք Մարտակերտում: Գյուղամիջյան ճանապարհները բարվոք վիճակում են: Ունենք համայնքապետարան և բուժկետ։ Մեհմանան հարուստ է պատմամշակութային հուշարձաններով՝ «Պանայա»(1249 թ.) և Սբ. Աստվածածին(1228 թ.) եկեղեցիները, 13֊րդ դարի խաչքարը, հին դամբանաքարեր… Մեհմանան շրջակայքի ամենահարուստ գյուղն էր. շատ էին մրգատու ծառերը, հատկապես՝ խնձորենիները»,֊ տեղեկացրել է մեր զրուցակիցը։

Նա ափսոսանքով պատմեց, որ գյուղի՝ իրարից հեռու, լքված բնակելի տների այգիներում բերքից ճկվում են մրգատու ծառերը, և ամենուր ամառային խնձորի բույրն է տարածվում։