Սոցցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպք է բացահայտվել․ տեսանյութ

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է առանց համապատասխան լիցենզիայի՝ սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպք:

Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ  տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքացի Ս. Մ.-ն  տարբեր զարտուղի ճանապարհներով ձեռք է բերում դեղանման ապրանքատեսակներ  ու դրանք սոցիալական ցանցերի միջոցով գովազդում և իրացնում է: 

Ձեռնարկված միջոցառումների շրջանակներում ՀՕՀՎ աշխատակիցները  հեռախոսազանգի միջոցով  ձեռք  են բերել  պայմանավորվածություն՝  հանդիպելու և  ապրանքները գնելու վերաբերյալ: Նախօրոք պայմանավորված վայրում քաղաքացին վարչության  աշխատակիցներից կանխիկ դրամով իրացրել  է ընդհանուր 830.000 դրամի դեղանման ապրանքատեսակներ, որոնք բժիշկների ցուցումների հիմնան վրա հիմնականում օգտագործում են քովիդով վարակված  հիվանդները:   Իրացվող դեղանման այս ապրանքներից  «Ակտեմրա» դեղատեսակի միայն մեկ  տուփի   շուկայական արժեքը հասնում է 415.000  դրամի: Տվյալ քաղաքացու կողմից վաճառվող մյուս երկու՝ «Ակտեմրա ենթամաշկային»  դեղատեսակների մեկ սրվակի արժեքը  200-215 հզ դրամ է: 

Առողջապահության նախարարություն կատարված հարցմանն ի պատասխան ստացվել են տեղեկություններ, որ գնված ապրանքատեսակները հանդիսանում են դեղամիջոցներ և այդ դեղաչափերով ՀՀ չեն ներմուծվել: Միաժամանակ պարզվել է, որ  անհատ ձեռնարկատերը դեղամիջոցների առևտուր իրականացնելու համար լիազոր մարմնից չունի ստացված համապատասխան լիցենզիա: Վերջինն ունեցել է պետական գրանցում, հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր, սակայն գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել է: Փաստորեն անհատ ձեռնարկատերը իրականացրել է  դեղերի մանրածախ իրացում, առանց համապատասխան լիցենզիայի և առանց համապատասխան հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու: 

Դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են    ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ վարչական վարույթ իրականացնելու համար: Տարվում են նաև  հետաքննչական միջոցառումներ   դեղերի և դեղամիջոցների անօրինական ճանապարհով ձեռք բերող և իրացնող անձանց շրջանակը, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի չափը պարզելու համար: 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ՀՀ քաղաքացիներին հորդորում է  զերծ մնալ սոցիալական ցանցերի միջոցով կասկածելի ծագում ունեցող  դեղեր և դեղամիջոցներ ձեռք բերելուց: