Վրաստանը փակում է մանկատները և մանուկներին հանձնում խնամակալ ընտանիքներին. բարեփոխումները` քննադատության թիրախում

Վրաստանը փակում է մանկատները և մանուկներին հանձնում խնամակալ ընտանիքներին. բարեփոխումները` քննադատության թիրախում
Վրաստանը փակում է մանկատները և մանուկներին հանձնում խնամակալ ընտանիքներին. բարեփոխումները` քննադատության թիրախում

Փորձագետները մտահոգված են` մանուկների խնամքի համար նախատեսված պայմանների փոփոխությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ:
Վրաստանը փակում է իր մանկատները և մանուկներին հանձնում խնամակալ ընտանիքներին: Սակայն փորձագետները մտահոգություն են հայտնում, որ դա կարող է հանգեցնել մանուկների համար ավելի վատ մի իրավիճակի:

 

 

Մանկատունը, ուր ապրում էին 11-ամյա Գեորգին և 13-ամյա Դավիթը երկու ամիս առաջ փակվեց կառավարության կարգադրությամբ և նրանց տեղափոխեցին Քութայիսիում բնակվող Քեթևան Չխեիձեի ընտանիք:

Այս ամենին նախորդել էր մայիսին կառավարության կողմից արված հայտարարությունն այն մասին, որ մանուկները պետք է մեծանան «ընտանեկան պայմաններին հարազատ միջավայրում»:

Ավելի քան 500 ընտանիքներ ընդունել են մանկատան երեխաների: Պետական խնամքի ներքո գտնվող մոտ 5000 երեխաներից միայն 900-ն են, որ սպասում են խնամակալ ընտանիքների կամ նմանատիպ այլ տարբերակների:

Չխեիձեն ասում է, որ իր իսկ նախաձեռնությամբ նա գրանցվել է Սոցիալական ապահովության գործակալությունում և ստորագրել եռամսյա մի պայմանագիր, ըստ որի յուրաքանչյուր երեխայի համար նա ամսական ստանալու է 450 լարի (270 ԱՄՆ դոլար):

Այնուամենայնիվ, նա ասում է, որ այս գումարը բավարար չէ՝ հոգալու երեխաների բոլոր կարիքները և վստահ չէ՝ արդյոք կերկարացնի՞ պայմանագիրը, երբ երեք ամիսը լրանա:

«Երեխաները չէին կարողանում նորմալ խոսել, բայց մենք լուծեցինք այդ խնդիրը: Նրանք սովորեցին կարդալ, բարելավեցին իրենց մաթեմատիկական գիտելիքները, բայց դեռ շատ բան կա անելու: Սակայն, այն գումարը, որ մենք ստանում ենք, չի բավականացնում: Սնունդ գնելուց հետո ոչինչ չի մնում, մինչդեռ երեխաներին նորմալ հագուստ էլ է պետք», – ասաց Չխեիձեն:

«Գեորգին պարելու տաղանդ ունի, և ես ցանկանում եմ տանել նրան պարի խմբակ, բայց դա էլ գումար արժե: Նրանք շատ բանի կարիք ունեն, սակայն 450 լարին բավականացնում է միայն սննդի», – հավելեց նա:

Խնամակալ ընտանիքների համար նախատեսված կարգադրությունների համաձայն, այդ ընտանիքներում երեխաներին չպետք է միայն կերակրեն:

Նշված կարգադրություններում ասված է՝ «օրական առնվազն երեք անգամյա սնունդ, որոնցից մեկը պետք է բաղկացած լինի երեք բաղադրիչներից, պատշաճ դաստիարակություն, գիտելիքների բարելավում, ազատ ժամանակի կազմակերպում, և անհրաժեշտության դեպքում՝ հոգեբանական աջակցություն»:

Սոցիալական ապահովության գործակալության ղեկավար Իրակլի Նադարեիշվիլին ասաց, որ բարեփոխումները թույլ կտան երեխաներին, ովքեր նախկինում միայն մանկատներում են ապրել, մեծանալ ընտանիքներում:

«Մանկատների թիվը 46-ից կրճատվեց՝ հասնելով 19-ի: Մենք կարծում ենք, որ երեխաները միայն կշահեն այս բարեփոխումներից», – նշեց Նադարեիշվիլին:

«Սա որդեգրում չէ և ոչ էլ երեխաների համար խնամակալների նշանակում: Երեխաները պահպանում են իրենց ազգանունները, և ընդունող ընտանիքի ավագները չեն ստանձնում խնամակալի պարտականություններ: Մենք այս ընտանիքներում տեղավորում ենք այն երեխաներին, որոնց չենք կարող վերադարձնել հարազատ ընտանիքներ կամ որոնց ոչ ոք չի ցանկանում որդեգրել: Ընդունող ծնողները պետությունից յուրաքանչյուր երեխայի համար ամսական ստանում են 450 լարի, որը ծածկում է ծախսերը և միևնույն ժամանակ աշխատավարձ է: Հաշմանդամ երեխաների համար վճարվում է մի փոքր ավելի գումար՝ 600 լարի», – հավելեց նա:

Մանկական հոգեբան Քեթևան Փխակաձեն ողջունեց բարեփոխումների ընդհանուր գաղափարը, բայց նշեց, որ այն հապշտապ է իրականացվել:

«Կարծում եմ, որ գործընթացը բավականաչափ համակարգված չէր. այն հախուռն էր և արագ իրականացված: Նախ և առաջ պետությունը պետք է մտածեր այդ երեխաների կենսաբանական ծնողների մասին, որպեսզի մայրը չհրաժարվի իր երեխաներից, քանի որ չի կարողանում պահել նրանց: Եթե պետությունը նշված 600 լարին տար մայրերին, ապա երեխաներից շատ քչերը կմնային առանց մայրերի»,- ասաց Քեթևանը:

«Մանկատների փակումը ճիշտ քայլ է: Սակայն գործընթացի համար երկու տարի է նախատեսված, որը խնդիրներ կարող է առաջացնել: Ժամանակ չի մնում որպեսզի գնահատենք ընդունող ընտանիքներին: Երբ բոլոր մանկատները կփակվեն, պետությունն այլ ելք չի ունենա, քան օգտագործել գրանցված խնամակալ ընտանիքներին»,- շարունկեց Քեթևանը:

Նա ասաց, որ խնամակալ ընտանիքների հետ կնքված կարճատև պայմանագրերը նշանակում են, որ երեխաները պետք է տեղափոխվեն ընտանիքից ընտանիք, որը նրանց հոգեբանական վիճակի վրա բացասաբար կանդրադառնա:

Չխեիձեն, ով ընդունել է Գեորգիին և Դավիթին, նույնպես տեսնում է այդ վտանգը: Նա ասում է, թե միակ բանը, որը թույլ չի տալիս իրեն լուծարել պայմանագիրը, այն է, որ դա կարող է վատ անդրադառնալ երեխաների վրա:

Every Child միջազգային բարեգործական հիմնադրամի վրաստանյան գրասենյակի ղեկավար Անդրո Դադիանին ասաց, որ հարցը ավելի լուրջ մոտեցման կարիք ունի: Հիմնադրամը օգնում է լքված երեխաներին գտնել խնամակալ ընտանիքների և նախապատրաստել նրանց:

«Առաջին հերթին պետությունը պետք է օգնի երեխաների կենսաբանական ծնողներին, որպեսզի նրանք ոտքի կանգնեն և կարողանան կարողանան կատարել իրենց ծնողական պարտականությունները: Խնդիրն իր լուծումը կստանա, երբ Վրաստանը խնամակալության մի քանի ձևեր ունենա»,-ասաց Դադիանին:

16 մանկատներում իրականացված մոնիթորինգի արդյունքում այս ապրիլին Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած զեկույցը պատճառ դարձավ, որ անմիջապես սկսվեն բարեփոխումները:

Ըստ այդ զեկույցի մանկատներում առկա էին «երեխաների զարգացման համար անհամապատասխան պայաններ և ունեին նրանց առողջությանը վնասող միջավայր»: Զեկույցում առկա էին նաև երեխաների նկատմամբ կիրառվող խտրականության, նրանց շահագործման մասին հիշատակումներ, ինչպես նաև նշվում էր ոչ պատշաճ սննդի, հոգեբանական աջակցության բացակայության և դաստիարակների կողմից երեխաների նկատմամբ գործադրված բռնության մասին:

Իշխանություններն ասում են, որ վերոհիշյալը վկայում է, թե ինչքան անհրաժեշտ էին բարեփոխումները: Աշխատանքի, առողջապահության և սոցիալական ապահովության նախարար Անդրիա Ուրուշաձեն չհամաձայնվեց այն մտքի հետ, որ բարեփոխումները հապշտաշ են իրականացվում: Նա ասաց, որ մանկատների նախկին աշխատակիցները կվերապատրաստվեն սոցիալական աշխատողներ դառնալու համար կամ որպեսզի ի վիճակի լինեն իրենք ընդունեն այդ երեխաներին:

Նաթիա Կուպրաշվիլի

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)