Թշնամանքը, ատելությունը, վիրավորանքը պետք է դուրս մղվեն այս շենքից և, ընդհանրապես, մեր առօրյայից. Ալեն Սիմոնյան. տեսանյութ

ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանը քվեարկությունից առաջ ելույթ է ունեցել ԱԺ նիստում, որում նշել է հետևյալը.

«Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ,

Շնորհակալություն եմ հայտնում «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցությանը իմ թեկնածությունը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու համար։ Մինչ բուն խոսքիս անցնելը, ուզում եմ շնորհակալություն հայտնել 7-րդ գումարման Ազգային ժողովի իմ բոլոր գործընկերներին։ Հատուկ ուզում եմ նշել իմ ընկեր, գործընկեր ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին և խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանին, ԱԺ 7-րդ գումարման իմ բոլոր թիմակիցներին, որոնց հետ անցանք անմարդկային դժվար ճանապարհ։

Հիմա ուզում եմ ասել, որ հպարտանում եմ ձեզանից յուրաքանչյուրով, շնորհակալ եմ, որ պինդ և հավատարիմ մնացիք ձեր սկզբունքներին, թիմին և մեր երկրին։

Իսկ հիմա իմ և, ինձ թույլ կտամ՝ նաև մեր բոլորի անունից առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության հպարտ, ուժեղ և իմաստուն ժողովրդին, որ այս բարդ ժամանակներում հերթական անգամ ազատ և թափանցիկ ընտրությունների միջոցով ձևավորեց Հայաստանի Հանրապետության 8-րդ գումարման Ազգային ժողովը։

Ընտրությունների անցկացման բարձր որակը փաստեցին բոլոր միջազգային դիտորդական կազմակերպությունները, հետագայում նաև ՀՀ Սահմանադրական դատարանը հաստատեց դրանց արդյունքները։ Ուստի ուզում եմ շնորհավորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, «Հայաստան» դաշինքին, որը ցավոք բացակայում է, և «Պատիվ ունեմ» դաշինքին՝ խորհրդարան անցնելու առիթով։ Հայաստանի Հանրապետությունը պառլամենտական երկիր է, իսկ Ազգային ժողովը՝ հայ ժողովրդի ներկայացուցչական մարմինն է, և մենք բազմաթիվ անելիքներ ունենք միասին»։

Մանրամասները տեսանյութում

Ի դեպ Սիմոնյանի ելույթի ժամանակ ԱԺ «Հայաստան» դաշինքը լքեց նիստերի դահլիճը: