«Խոսրովի անտառի» տնօրինությունը հորդորում է արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: 

«Ուստի «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հորդորում և խնդրում է պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում, խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով, տարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը: Ցուցաբերել զգուշավորություն և զգոնություն»,- ասված է արգելոցի հայտարարության մեջ: