Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին չափից լայն լիազորություններ են տրվում, կա կամայական  մոտեցումների մեծ տարածք. Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը

– Պարո՛ն Մելիքյան, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հավանության արժանացրեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է արգելել տեսալսողական հաղորդումներում սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմի, բռնության և դաժանության քարոզ պարունակող տեղեկատվության տարածումը, ազգային, ռասայական, սեռային, կրոնական ատելություն բորբոքելու, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն սերմանելը կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվության տարածումը, պոռնկագրության տարածումը, քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչերի տարածումը, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի և տեսալսողական հաղորդումների հեռարձակումը։ Փոփոխություններն ի՞նչ հնարավոր ռիսկեր են ստեղծելու ոլորտի համար:

– Նման փոփոխությունների անհրաժեշտություն կար, հաշվի առնելով այն հիբրիդային ներգործության փաստերը, որոնց ականատես ենք եղել հատկապես վերջին ամիսների ընթացքում, այդուհանդերձ, բազմաթիվ հարցեր են ծագում այս նախագծի հետ կապված, մասնավորապես, երկակի մեկնաբանության հնարավորություն պարունակելու իմաստով, այսպիսի բավականին շատ դրույթներ կան: 

Մենք անցած տարվա դեկտեմբերի 29-ին ընդունած մեր համատեղ հայտարարությունում մեր դիրքորոշումը արտահայտել էինք այս օրինագծի վերաբերյալ։ Հայտարարությամբ առաջարկում էինք նաև կազմակերպել քննարկումներ, բայց օրենքի հեղինակները առանց այդ քննարկումները կազմակերպելու այդ նախագիծը մտցրեցին խորհրդարան, ցավոք, այնտեղ էլ հարկ չհամարեցին այս փուլում համենայնդեպս մեզ մասնակից դարձնել այդ քննարկմանը: 

Ես հետևել եմ այդ նիստին ամբողջությամբ ու ասեմ, որ երբ այդ քննարկման ժամանակ սկսեցին կոնկրետ օրինակներ բերել՝ հասկանալու, թե ինչպես է կիրառվելու այս օրենքը կոնկրետ օրինակների դեպքում, ակնհայտ դարձավ, որ ոչ բոլոր պատասխաններն էին համոզիչ: Պետք է ասեմ, որ տարբեր ձևակերպումներ մեկնաբանվում էին շատ սուբյեկտիվ մոտեցմամբ, ու այդ նույն ձևակերպումները մեկ այլ իշխանության օրոք միանգամայն այլ կերպ կարող են մեկնաբանվել: Այլ կերպ կմեկնաբանվեն նաև այն դեպքում, եթե վաղը փոխվի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը կամ կազմը: 

Ասենք՝ բռնության ու դաժանության տեղեկատվություն տարածելը շատ տարբեր ընկալումներ ու մոտեցումներ կարող է առաջացնել, մեկի համար այդ բռնությունը դաժան է լինելու, մյուսի համար՝ ոչ: Կամ՝ քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների այս ձևակերպումը էլի շատ լայն մեկնաբանում կարող է ստանալ: Մեկ այլ օրինակ էլ բերեմ. նախագծում մի դեպքում քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այդ արարքների կոչեր տարածելն իրավացիորեն արգելվում է, իսկ մեկ այլ դեպքում քրեական ենթամշակույթի քարոզը, որը օրենսդրությամբ ևս պատժելի է, ենթարկվում է միայն ժամանակային սահմանափակման: 

Նմանատիպ բազմաթիվ դրույթներ կան, որոնց վերաբերյալ իսկապես և՛ քննարկումներ, և՛ վերափոխումներ էր պետք անել, քանի որ սա, թեև ասում են, միայն արտասահմանյան հեռուստաընկերություններին է վերաբերում, այնուամենայնիվ, այստեղ կան դրույթներ, որոնք վերաբերում են ներպետական հեռուստաընկերություններին ու կարող են տարաբնույթ կոնֆլիկտային իրավիճակներ առաջացնել հանձնաժողովի ու հեռարձակողի միջև: Էլ չեմ ասում, որ այստեղ չափից լայն լիազորություններ են տրվում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, ու կամայական մոտեցումների ու մեկնաբանությունների լայն տարածք կա: 

Այն չափորոշիչները, որ պետք է մշակվեն, ու դրանց համապատասխան նաև որոշումներ կայացվեն, կարծում եմ, դրանք ևս չափից ավելի վստահություն է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, որովհետև այդ չափորոշիչների մշակումը լայն քննարկում չի անցնի, բացի այդ՝ պետք է ասել, որ ճիշտ մոտեցումը, այնուամենայնիվ, օրենքում շրջանակային ձևով հիմնական մոտեցումները մատնանշելն է: 

Եթե մենք նայենք ԶԼՄ-ների օրենքը, ապա այստեղ նույն հավատարմագրման համար բավականին հստակ չափորոշիչներ են գրված, այսինքն՝ օրենքը այդ ընդհանուր մոտեցումերը գոնե պետք է ունենա․ ինչ են նրանք հասկանում բռնության ու դաժանության տակ, ինչն են քրեական ենթամշակույթ համարում և ինչը՝ ո՛չ: Ես ափսոսանք եմ հայտնում, որ մեր մատնանշած թերությունները մեծ հաշվով մնացել են այդ նախագծում, ու հենց այդ տեսքով էլ հանձնաժողովը հավանություն է տվել այդ փաստաթղթին: 

– Ձեր հիմնական մտավախությունը կամայական մոտեցում դրսևորելու հավանականությու՞նն է, այսինքն՝ չկան հստակ սահմանումներ ու չափորոշիչներ այս կամ այն երևույթը բնութագրելու համար:

– Այո՛, մեծ հաշվով այդտեղ բազմաթիվ ձևակերպումներ այնպիսի ընդհանրական ձևով են ներկայացված, որ դրա տակ ինչ ասես կարող է մտնել: Բացի այդ, կրկնում եմ, դա միայն արտասահմանյան հեռարձակողներին կամ վերահեռարձակմանը չի վերաբերում, ինչով նախարարը հիմնավորում էր այդ մոտեցումները: Այս օրենքի նախագծում ամեն ինչ չէ, որ միանշանակ է, ու հստակության անհրաժեշտություն կա: 

– Պարո՛ն Մելիքյան, այս փոփոխությունն արվում է համապետական ընտրություններին ընդառաջ, սրանում որևէ միտում տեսնո՞ւմ եք:

– Ընտրությունների հետ սա կապ ունի այնքանով, որքանով հիբրիդային միջամտությունների փորձերը գալիք ընտրությունների լույսի ներքո ակտիվանալու են, ու մենք դա տեսնում ենք։ Մեկ տարի առաջ հասարակության, ներքաղաքական կյանքի վրա նման ինտենսիվությամբ ներազդելու այդ փորձերն այնքան ինտենսիվ չէին, որքան այսօր, իսկ դրանք դեռ ավելանալու են, ու սա է պատճառը, որ նման օրենքի նախագիծ է պատրաստվել: 

Քրիստինե Աղաբեկյան