«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Տաթև Զորյանը
– Տիկի՛ն Զորյան, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն այսօր Բաքվի բանտից ուղերձ է հղել, մասնավորապես նշելով, որ իրենք «նստած են, բայց ծնկած չեն»։ Ռուբեն Վարդանյանի, Դավիթ Իշխանյանի ուղերձներում ևս կար այս միտքը, որ իրենք անգամ այդ պայմաններում պահում են իրենց արժանապատվությունը։ Ձեր գնահատմամբ այս ուղերձների մեսիջները որո՞նք են ու ո՞ւմ են ուղղված։
– Բաքվի բանտերից հնչող ուղերձներն ունեն բազմաշերտ հասցեատերեր և խորքային քաղաքական մեսիջներ: Առաջին հասցեատերը հայ հանրությունն է։ Սա բարոյահոգեբանական ազդակ է՝ կանխելու հանրային հուսալքումը, պահպանելու Արցախի և պետականության գաղափարական ժառանգությունը և ցույց տալու, որ ֆիզիկական անազատությունը չի ենթադրում քաղաքական և բարոյական կապիտուլյացիա։
Հաջորդ հասցեատերը Հայաստանի իշխանությունն է։ Սա ուղղակի կշտամբանք է և հիշեցում առ այն, որ պետության համար առաջնային պետք է լինի իր քաղաքացիների և ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակումը, այլ ոչ թե լռությամբ այդ էջը փակելու քաղաքականությունը։ Մյուս հասցեատերը միջազգային հանրությունն է։ Սա ազդանշան է, որ Ադրբեջանում ընթացող պրոցեսները ոչ թե իրավական գործընթաց են, այլ քաղաքական պատանդառություն և վրեժխնդրություն։
– Ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանի իշխանությունը թողնում է, որ նման ուղերձները հասնեն հայ հանրությանն ու ոչ միայն։ Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանն այսպիսով։
– Ադրբեջանի կողմից նման ուղերձների արտահոսքը պատահականություն չէ։ Բաքուն հետապնդում է մի քանի ռազմավարական նպատակ. ա) ներքին հանրային մանիպուլյացիա։ Ադրբեջանը փորձում է սեփական հասարակությանը ցույց տալ, որ Արցախի ղեկավարությունը պատժված է, սակայն միևնույն ժամանակ վերահսկվում է նրանց խոսքի հասանելիությունը։ բ) Ճնշում Հայաստանի վրա։ Արտահոսքերն օգտագործվում են Հայաստանի ներքաղաքական դաշտում լարվածություն գեներացնելու համար՝ հրահրելով բախումներ ընդդիմության և իշխանության միջև։ գ) Միջազգային իմիջի մեղմացում։ Բաքուն փորձում է ցույց տալ, թե իբր պահման պայմանները հումանիստական են, և կալանավորվածներն ունեն կապի և արտահայտվելու հնարավորություն։
– Հայ հանրության ու Հայաստանի իշխանության վրա այս ուղերձներն ի՞նչ ազդեցություն են ունենում։
– Հանրության շրջանում այս ուղերձները մի կողմից արթնացնում են ազգային արժանապատվության զգացում և հանրային համախմբման ազդակներ հաղորդում, մյուս կողմից խորացնում են հիասթափությունն ու անօգնականության զգացումը գործող իշխանությունների անգործության ֆոնին։ Իսկ ահա իշխանության համար սա լուրջ քաղաքական և բարոյական բեռ է։ Այս ուղերձները մերկացնում են պաշտոնական Երևանի կրավորական դիրքորոշումը և հանրային դիսկուրսում ավելի են թուլացնում իշխանության լեգիտիմությունը։
– Հայկական կողմից պետական մակարդակով պե՞տք է արձագանք լիներ այս ուղերձներին։ Ինչո՞ւ, օրինակ՝ Փաշինյանը չարձագանքեց Դավիթ Իշխանյանի ուղերձին, որը հենց իրեն էր ուղված, տիկի՛ն Զորյան:
– Պետական մակարդակով արձագանքը պարտադիր է, քանի որ խոսքը Հայաստանի քաղաքացիների և Արցախի պետական-քաղաքական ինստիտուտների ներկայացուցիչների մասին է։ Դավիթ Իշխանյանի և մյուսների ուղերձներին չարձագանքելը պայմանավորված է նրանով, որ իշխանությունը չունի այդ հարցերի քաղաքական և դիվանագիտական պատասխանները։ Ցանկացած արձագանք ստիպելու էր խոստումներ տալ կամ ընդունել սեփական անզորությունը։ Իշխանությունն ընտրել է լռության տակտիկան` փորձելով այս թեման դուրս մղել հանրային օրակարգից։
– Ինչպե՞ս եք գնահատում Արցախի ռազմաքաղաքական էլիտային Բաքվից Հայաստան վերադարձնելու ուղղությամբ իշխանության քայլերը:
– Իշխանության քայլերը կարելի է գնահատել որպես ծայրահեղ անարդյունավետ, կրավորական և ոչ բավարար։ Հայաստանի իշխանությունը չի օգտագործում միջազգային բոլոր իրավական և քաղաքական հարթակները` Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կամ կոշտ քաղաքական ճնշում ձևավորելու համար։ Բաքվում պահվող անձանց վերադարձի հարցը փաստացի ստորադասվում է խաղաղության պայմանագրի կասկածելի օրակարգին։ Իշխանությունը խուսափում է Բաքվի հետ հարաբերություններում սուր հարցեր բարձրացնելուց՝ վախենալով բանակցային պրոցեսի խաթարումից, ինչն անընդունելի է պետական շահի տեսանկյունից։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















