Արա Այվազյանը և Լուիս Ալմագրոն հեռախոսազրույցում շեշտել են ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապությունը

Փետրվարի 19-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկյան պետությունների կազմակերպության Գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հետ: Այդ մասին տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Նախարար Այվազյանը և Գլխավոր քարտուղար Ալմագրոն գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ամերիկյան պետությունների կազմակերպության միջև ձևավորված հեռանկարային համագործակցության առնչությամբ: Ընդգծվել է երկկողմ պատրաստակամությունը շարունակել ջանքերը փոխգործակցության առկա դինամիկայի պահպանման և երկխոսության առավել ամրապնդման ուղղությամբ, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: 

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կայունության և խաղաղության հարցերին: Նախարար Այվազյանը Գլխավոր քարտուղար Ալմագրոյին ներկայացրել է Արցախում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակը:

Որպես առաջնահերթություն՝ ՀՀ ԱԳ նախարարը և ԱՊԿ Գլխավոր քարտուղարը շեշտել են ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապությունը: 

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանն իրապես արժևորում է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ողջ ընթացքում կազմակերպության հետևողական և հավասարակշռված դիրքորոշումը: