Լուվրից 100 միլիոն դոլարի զարդերի գողությունից մեկ տարի անց գանձերը դեռ չեն գտնվել

Փարիզի Լուվրի թանգարանից շուրջ 100 միլիոն դոլար արժողությամբ պատմական զարդերի գողությունից մեկ տարի անց թանկարժեք իրերը դեռ չեն հայտնաբերվել, թեև գործով չորս հիմնական կասկածյալները ձերբակալված են և սպասում են դատավարությանը։ Այս մասին հայտնում է France 24-ը։

2025 թվականի հոկտեմբերի 19-ին բանվորների հագուստով քողարկված գողերը ներխուժել էին թանգարան և արդյունաբերական կտրող սարքերի օգնությամբ հափշտակել պատմական արժեք ներկայացնող ութ զարդ, այդ թվում՝ Նապոլեոն III-ի կնոջ՝ կայսրուհի Եվգենիայի թագն ու կրծքազարդը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գողությունն անվանել էր հարձակում երկրի պատմության վրա։

Բոլոր չորս կասկածյալները ձերբակալվել էին հանցագործությունից հետո տասը օրվա ընթացքում։ Սակայն, չնայած շուրջ 100 քննիչների իրականացրած լայնածավալ խուզարկություններին, գողացված զարդերի գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ։

Քննիչների տրամադրության տակ եղած վերջին տեսագրություններում զարդերը երևացել են Փարիզի հյուսիսային արվարձան Օբերվիլիեի ստորգետնյա ավտոտնակում։

Փորձագետները չեն բացառում, որ զարդերը թաքցված են Փարիզի շրջակայքում կամ փոխանցվել են այլ անձանց։ Նրանց կարծիքով՝ արժեքավոր իրերը վերադարձնելու հնարավորություններից մեկը կասկածյալներից որևէ մեկի խոստովանությունն է։