Արթուր Դավթյանի կողմից արտահայտված առանձին մտքեր որոշ գործընկերների կողմից արժանացել են չարդարացված, սուբյեկտիվ մեկնաբանությունների․ դատախազի խորհրդական

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հանրային հեռուստաընկերությանը երեկ տված հարցազրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից արտահայտված առանձին մտքեր որոշ գործընկերների կողմից արժանացել են չարդարացված, սուբյեկտիվ մեկնաբանությունների:

Առնվազն տարակուսելի է, որ ընտրությունների օրինականության, ընտրողների ազատ կամարտահայտման նկատմամբ հնարավոր ապօրինի ներգործության բացառման հստակ ուղերձների փոխանցումը, հանցավոր նման դրսևորումների դեմ բացարձակ օբյեկտիվությամբ պայքարում իրավապահ մարմինների վճռականության հավաստումը կարող է որևէ մեկին անհանգստության տեղիք տալ:

Ողջամտորեն ակնկալվում է, որ ընտրությունների օրինականության ապահովմանն ուղղված ցանկացած ջանք պետք է ողջունվի, քաջալերվի, այլ ոչ թե անհիմն քննադատության արժանանա և տարօրինակ անհանգստության տեղիք տա:

Այն մեկնաբանությունների կապակցությամբ, թե հեռուստաեթերում ատելության մասին խոսելիս ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ վարչապետի պաշտոնակատարի արտահայտությունների մասին ոչինչ չասաց, ինչը մատուցվում է իբրև «կախվածության» դրսևորում, ընդամենը կարող եմ ասել, որ չհաջողված փորձ է արվում ցանկալին մատուցել որպես իրականություն:

Տարօրինակ է, որ մեր գործընկերներն ակնհայտորեն չեն ցանկացել նկատել այն փաստը, որ ատելության խոսքի անթույլատրելիության մասին իր կոչը, հորդորը ՀՀ գլխավոր դատախազն ուղիղ ձևով հղել է ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին՝ առանց բացառության, շեշտադրել ատելության խոսքի հանցածին բնույթը, անգամ եթե վերջինս իր մեջ կարող է ուղղակիորեն քրեական օրենքով արգելված արարքի հատկանիշներ չպարունակել:

Ուստի շարունակում ենք ակնկալել, որ ընտրությունների օրինականությամբ և թափանցիկությամբ շահագրգիռ սուբյեկտները կհամագործակցեն ՀՀ դատախազության և իրավապահ մարմինների հետ՝ ընտրական հանցագործությունների կանխարգելման, նման դեպքերի բացահայտման հարցում:

Դատախազությունը պատրաստակամ և պատրաստ է դրան: