Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ու ցուցարարների ծեծկռտուքի գործով բերման է ենթարկվել 14 անձ

Ազգային ժողովի շենքի մոտ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ու մի խումբ ցուցարարների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի գործով բերման է ենթարկվել 14 անձ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած միջադեպով հարուցվել է քրեական գործ ոստիկանությունում: Այս պահին քննություն է կատարվում: Գործի շրջանակներում կա բերման ենթարկված 14 անձ»,- հայտնեցին վարչությունից:

Դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովի շենքի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցների միջև: Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, որ վեճի ընթացքում ձվով հարված է հասցվում պատգամավորի գլխին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողների ու պատգամավորի միջև վեճը տեղի է ունեցել, երբ բողոքի ակցիայի մասնակիցները փակել էին պատգամավորի մեքենայի դիմացը` խոչընդոտելով նրա մուտքը խորհրդարան: