Հայաստանը որևէ երկրի վրա հարձակվելու նպատակ չունի․ ԱԺ նախագահ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հնչող դժգոհություններին Հայաստանի կողմից սպառազինության ձեռքբերումների առնչությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի ԱԺ նախագահը նշել է, որ Ադրբեջանն աղմուկ է բարձրացնում Հայաստանի կողմից պաշտպանական զենքերի ձեռքբերման առնչությամբ, բայց ինքը շարունակում է զինվել։

 «Հայաստանի Հանրապետությունը մեկ-երկու ավտոմեքենա է գնում, Ադրբեջանը աղմուկ է բարձրացնում։ Ադրբեջանը ատոմային ռումբից բացի ամեն ինչ ունի և աշխարհին փորձում է ներկայացնել, որ Հայաստանը, իբր, զինվում է, հարձակվում է, հարձակվողական պլաններ ունի։ Ես պաշտոնապես ուզում եմ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի վրա հարձակվելու նպատակ չունի։ Միջազգային հանրությունն այսօր պետք է ուշադիր լինի նրա նկատմամբ, որ Ադրբեջանն այսօր միլիարդավոր դոլարների սպառազինություն է գնում։ Եվ հարց է ծագում՝ Ադրբեջանին ի՞նչի համար է պետք այդ քանակությամբ զենք- զինամթերք»,- ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանի իշխանության հայտարարությունները ուղղակի հայտարարություններ չեն, PR չեն և միտված չեն միջազգային հանրության աչքերին չեն թոզ փչելուն, ապա դա պետք է ամրապնդված լինի գործողություններով։

«Եթե Ադրբեջանը խոսում է խաղաղության մասին, դա ապացուցելու համար կան բազմաթիվ քայլեր, որ կարող են կատարվել՝ սկսած գերիներին բաց թողնելուց, մինչև այն սկզբունքների իրականացումը, որոնք համաձայնեցված են»,- նշեց Սիմոնյանը՝ պարզաբանելով, որ խոսքն այն 3 սկզբունքների մասին է, որոնք Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են Եվրամիության միջնորդությամբ։