Ուկրաինան հայտարարել է Նովոռոսիյսկում ռուսական չորս ռազմանավ խոցելու մասին

Ուկրաինայի Գլխավոր շտաբի նախնական տվյալներով՝ օգոստոսի 12-ի գիշերը Նովոռոսիյսկում տարբեր աստիճանի վնասներ են ստացել ռուսական չորս ռազմանավ՝ «Ադմիրալ Մակարով» և «Ադմիրալ Էսսեն» ֆրեգատները, «Բույան-Մ» փոքր հրթիռային նավը և «Վասիլի Բիկով» պարեկային նավը։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ նշված երկու ֆրեգատները «Կալիբր» թևավոր հրթիռների կրողներ են, որոնք ռուսական բանակն օգտագործում է Ուկրաինայի տարածքին հարվածներ հասցնելու համար։

ՈւԱԾ-ի տվյալներով՝ Նովոռոսիյսկում խոցվել են նաև Ս-300 հակաօդային պաշտպանության համակարգի կազմում գտնվող ռադիոլոկացիոն կայանը, «Գրուշովայա» նավթաբազան, շարժական կրակային խումբը և երեք նավամատույցների ենթակառուցվածքները։

«Վեդոմոստի» թերթի և Reuters-ի տվյալներով՝ հարձակման հետևանքով վնասվել և աշխատանքը դադարեցրել են նաև Նովոռոսիյսկի հացահատիկային տերմինալը և Նովոռոսիյսկի հացամթերքի կոմբինատը։