Հայ-Ռուսական համալսարանը նոր ռեկտոր ունի պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը, որն ընտրվել է մայիսի 12-ին համալսարանի ընդհանուր ժողովում։ Այս մասին հայտնում է համալսարանի մամուլի ծառայությունը։
«ՀՌՀ-ի պրոֆեսորադասախոսական, վարչական կազմերից և ուսանողներից ընտրված պատվիրակները փակ գաղտնի քվեարկությամբ (216 կողմ և 147 դեմ ձայների հարաբերակցությամբ) տ.գ.դ., պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանին ընտրել են ռեկտորի պաշտոնում:
Մինչև քվեարկության մեկնարկը՝ ՀՌՀ ռեկտորի մեկ այլ թեկնածու, փ.գ.դ., պրոֆեսոր Պարգև Ավետիսյանն ինքնաբացարկ էր հայտնել»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Գործող ընթացակարգով՝ ՀՌՀ-ի կոնֆերանսի կողմից ընտրված ռեկտորին պետք է հաստատեն համալսարանի հայաստանյան և ռուսաստանյան համահիմնադիրները։ Հայկական կողմն արդեն հայտնել է իր պատրաստակամությունը՝ հաստատել Էդվարդ Սանդոյանի ընտրության արդյունքները։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայ-ռուսական համալսարանում անհանգիստ վիճակ է. ռեկտորի հեռանալուն զուգահեռ ավարտական կուրսերի ուսանողներն ու նրանց ծնողները անհանգստացած են: Ասում են՝ ավարտական վկայականների օրինականության հարց է առաջացել: