ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ, փաստաբան և նախկին պատգամավոր Արամ Վարդևանյանի դիմում-հաղորդումը, որով նա առաջարկում էր քննարկել ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հնարավոր պատասխանատվության միջոցների հարցը և նրա քարոզչական ելույթներին իրավական գնահատական տալու համար դիմել իրավասու մարմիններին։
ԿԸՀ-ն արձանագրել է, որ Փաշինյանի օգտագործած բառապաշարը «նախընտրական քարոզչության շրջանակներում զսպվածության, քաղաքական կոռեկտության համատեքստում չէ», սակայն, հանձնաժողովի գնահատմամբ, այն չի առաջացնում «հոգեբանական, ֆիզիկական, կրոնական հարկադրանքի մեթոդների կամ բռնության կոչերի, բռնության կիրառման սպառնալիքների կամ ցանկացած այլ տեսակի հարկադրանքի» ընկալում։
Հանձնաժողովը քարոզչության սահմանված կարգի խախտում չի տեսել։ Վարդևանյանն իր դիմում-հաղորդման մեջ պնդել էր, որ քարոզարշավի ընթացքում արձանագրվող խախտումները վտանգում են ընտրական գործընթացի լեգիտիմությունը և ստեղծում քաղաքական մրցակցության անհավասար պայմաններ։ Դիմումում նշվում էր, որ Փաշինյանն իր ելույթներում քաղաքական մրցակիցների վերաբերյալ օգտագործել է «պատերազմի եռագլուխ կուսակցություն», «վերջին մարտի՝ իշխանությունը խլելու», «հանցավոր մաֆիա», «քրեաօլիգարխիկ ռեժիմ» ձևակերպումները։
Ըստ Վարդևանյանի՝ այդ արտահայտությունները միտված են ընտրողների շրջանում վախի, ատելության և ագրեսիայի հրահրմանը՝ այլ քաղաքական ուժերի, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի նկատմամբ։ Դիմումում մեջբերվել է նաև Փաշինյանի ելույթներից մեկը, որտեղ նա ասում է․ «չոքցնելու եմ սաղիդ, հատ-հատ մաշկերդ քերթելու եմ համապատասխան տեղերում… կզցնելու եմ, սատկացնելու եմ…»։



















