Ալիևը Հայաստանի նկատմամբ  միջազգային լայնածավալ ահաբեկչություն է նախապատրաստում. Արամ Փոլադյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Արամ Փոլադյանը 

– Պարո՛ն Փոլադյան, ադրբեջանական կողմը հրապարակել է կադրեր Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հարցազրույցներից։ Ի՞նչ հարցազրույցներ են դրանք, ու անոնսների հրապարակումն ի՞նչ նպատակով է արվել։ 

– Ադրբեջանն անելու է նույնիսկ իր ուժերից առավելը, որպեսզի ժամանակավոր ռազմական հաջողության էյֆորիան պահպանի։ Այս պարագայում, երբ իրապես կա ժողովրդական մեծ ցասման վտանգ, որովհետև Ադրբեջանում տոտալ բռնատիրական համակարգ է, Ալիևը փորձում է որքան հնարավոր է ժողովրդին պահել էյֆորիկ վիճակում։ Ալիևն այսօր Հայաստանի նկատմամբ նախապատրաստում է միջազգային լայնածավալ ահաբեկչություն՝ Հայաստանի ներկայիս տարածքը համարելով «Արևմտյան Ադրբեջան»։ 

Այդ ամենի տրամաբանական շարունակությունը հենց այդ հարցազրույցներն են, շատ կարևոր է շեշտել, որ այդ կադրերը մեզ համար էմոցիոնալ տեսանկյունից սարսափելի են, բայց իրենց բուն նպատակն այս պահին ոչ այնքան հայ հասարակությանը հոգեբանական տեռորի ենթարկելն է, որքան իրենց հասարակությանը կտրելու ադրբեջանական իրականությունից։ Այս հարցազրույցները միտում ունեն ցույց տալ իրենց հասարակությանը, որ իրենք հաղթանակած են ու կարողանում են «նվաստացնել» հայերին։ Կարծում եմ, որ սա պետք է պատշաճ պատասխան ստանա Հայաստանից ոչ միայն մասնավոր սեկտորից, այլ նաև պետական մակարդակով։ 

Պետական մակարդակով ի՞նչ պատասխան եք ակնկալում։

– Արցախի ներկայացուցիչներն են, Արցախի պաշտոնյաները, որոնց երբեք Ալիևը չի անվանել ահաբեկիչ, նա միշտ ասել է՝ հայկական բանակ, հայկական զորքեր և միայն 2021-2022 թվականից է սկսել օգտագործել «ահաբեկիչներ» եզրույթը։ Այսինքն՝ Ալիևը ինքն իրեն հակասելու շատ լուրջ միտում ունի, ինչը խաղաթուղթ է մեր ձեռքին, իսկ սա հերթական հակասությունն է, որովհետև ինքը միշտ էլ ընդունել է, որ այնտեղ տեղակայված է կանոնավոր բանակ, այլ ոչ թե ահաբեկիչներ: Խեղկատակություն է մի սուբյեկտ կոչել բանակ, հետո այդ նույն սուբյեկտն անվանել ահաբեկչական կառույց։ 

Այս պահին ապօրինաբար Բաքվում պահվող անձանց մասնակցությամբ հարցազրույցները, որոնք, վստահ եմ, իրականացվել են շատ մեծ ու սարսափելի ճնշումների ներքո, պետք է պատասխան ստանան, ու պատասխանը պետք է լինի այն, որ Ադրբեջանի այս քայլը հերթական վառ ապացույցն է, որ Ալիևը ատելության բաց քարոզ է իրականացնում Ադրբեջանում ու հասարակությանը պատրաստում է հերթական ագրեսիաների։

– Այսինքն՝ ցանկացած գերու պարագայում բացառո՞ւմ եք, որ ինքնակամ հարցազրույց հնարավոր լինի, պարո՛ն Փոլադյան։

– Միանշանակ, ինձ համար անհերքելի փաստ է, որ շատ տոտալ ու իրապես անտանելի ճնշումների միջոցով են ադրբեջանցիները կարողացել կորզել այդ հարցազրույցները։ 

Գալով ձեր առաջին ենթահարցին՝ ասեմ, որ էական չէ, թե դա լինելու է կարճամետրաժ ֆիլմ, թե առանձին հարցազրույց, որովհետև երևույթն ինքնին մեզ համար մեծագույն ցավ է։ Չեմ բացառում, որ նմանատիպ հարցազրույցները կարող են շարունակություն ունենալ, որովհետև դրանք, եթե չեմ սխալվում, նկարահանել է պետական քաղաքականության, ընդ որում՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քարոզչությունը տարածող AzTV-ն։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am