«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը
– Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում նշել է, որ դեռևս փաստ չէ, թե ադրբեջանցի զինվորը ցանկացե՞լ է անցնել Հայաստան (դիվերսիոն կամ այլ նպատակով), թե՞ պարզապես մոլորվել է: Պարո՛ն Նորիկյան, ընդհանրապես, նորմա՞լ է, երբ կա հստակ մեղադրանք տվյալ գործով, ու հնչում են նմանատիպ հայտարարություններ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:
– Նախ ես ասեմ, որ հայկական շատ լավ ասացվածք կա՝ «Տանդ դուռը փակ պահիր, հարևանիդ գող մի անվանիր»: Ես չեմ կարող ասել, թե ադրբեջանցի զինծառայողն ապագայում ի՛նչ կարգավիճակ կունենա, մեղավոր կճանաչվի, թե չէ, կվերադարձվի, թե չի վերադարձվի Ադրբեջանի Հանրապետությանը, բայց դատելով Հայաստանի իրավասու մարմինների տարածած հայտարարությունների բովանդակությունից, նրա նկատմամբ մի քանի հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնվել, որոնց շրջանակներում, ենթադրվում է, որ իրականացվում է ակտիվ նախաքննություն:
Կարծում եմ, որ նախաքննության ավարտից հետո իրավասու մարմինները, հաշվի առնելով գործի հանրային հետաքրքրությունը, հասարակական հնչեղությունը, բավարար տեղեկություն կտրամադրեն հանրությանը, թե իրենց նախաքննությամբ ինչ հանգամանքներ են պարզվել, թե ո՛րն է եղել այդ զինծառայողի՝ Հայաստանի տարածք ներթափանցելու իրական դրդապատճառը, հատկապես ո՛ր հատվածով է նրան հաջողվել ներթափանցել Հայաստանի տարածք:
Ու շեշտը պետք է դնել հենց այդ հանգամանքի վրա, թե ի՛նչ ծառայություն է իրականացվել այդ տարածքում, որ այդ զինվորին հաջողվել է ներթափանցել Հայաստանի սահման: Պետական սահմանի պահպանության կամ մարտական հերթապահության կրման պայմանները պետք է բերվեն կանոնադրական ու կարգապահական այնպիսի հիմքերի, որ բացառվեն նմանատիպ դեպքերը, ու կարծում եմ, որ պատասխանատուները պետք է շատ խիստ պատասխանատվության ենթարկվեն՝ փնթի աշխատանքի համար:
Ինձ համար նույնիսկ տարօրինակ է, որ մեր հակահետախուզությունը, մեր ռազմական ոստիկանությունը, մեր ներքին գործերի նախարարությունը չեն կարողացել կանխել այդ ներթափանցումը: Ի՞նչ է նշանակում՝ ադրբեջանցի զինվորը ներթափանցի Հայաստան ու խորանա շուրջ 20 կիլոմետր, սա աբսուրդ է: Տարօրինակ է, թե մերոնք ինչո՞ւ չեն կանխել ու ի սկզբանե չեն վնասազերծել այդ զինվորին, որովհետև այս դեպքը կարող էր լրիվ այլ՝ ողբերգական ավարտ ունենալ:
Սա պետք է ազդակ լինի, որ յուրաքանչյուր գերատեսչություն պետք է պատասխանատու մոտենա իր գործառույթին: Կանխարգելիչ բնույթ կրելու դիտանկյունից անգամ, պետք է Հայաստանը հստակ մեսիջ ուղարկի, որ նմանատիպ դեպքեր չի հանդուրժելու, ինքը կարող է ներել, բայց կարող է ահավոր խիստ պատժել: Հետևաբար այս տեսանկյունից շատ մեծ սպասելիքներ կա: Պետք է սպասել ու տեսնել, թե ինչ որոշումներ կկայացնեն:
– Դուք խոսում եք պատասխանատու մարմինների թերացումների և ծառայության նկատմամբ պատշաճ վերահսկողության անհրաժեշտության մասին։ Նույն պատասխանատվության հարցը կա նաև բանակի ներսում տեղի ունեցող ողբերգական դեպքերի պարագայում։ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով խաղաղ պայմաններում բանակում սպանություններին ու ինքնասպանություններին, նշել է, որ դրանք հիմնականում քնելու պատճառով են լինում։ Պարո՛ն Նորիկյան, եթե պատճառները հայտնի են, ինչո՞ւ անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվում նման դեպքերը կանխելու համար։
– Ես այդ ամենի մասին նույնիսկ 2020-ին փակ նամակ եմ ուղարկել վարչապետ Փաշինյանին՝ զինված ուժերում հանցավոր բարքերի վերացման անհրաժեշտության մասին, որտեղ մանրամասնորեն ներկայացրել ու մասնագիտական վերլուծության եմ ենթարկել հնարավոր դեպքերը ու ընդհանուր առմամբ՝ այն ոչ ֆորմալ բարքերի գերակայությունը զինված ուժերում, ու հանգել եմ այն եզրակացության, որ սա խորքային բնույթ է կրում, որն առնչվում է ռազմական էլիտայի ձևավորմանը, սպայական կազմի ձևավորմանը:
Բանակի կորիզը սպան է, քանի դեռ մենք չենք ձևավորել ժամանակակից պահանջներին համապատասխան ռազմակրթական համակարգ, որտեղ կրթվում է այնպիսի սպայական վերնախավ, որն ունակ է ղեկավարելու զորքն ու ստորաբաժանումները, որն ունակ է վերացնելու ոչ ֆորմալ բարքերը, այսպիսի ողբերգական դեպքերի ականատես ենք լինելու: Ցավոք սրտի, այդ քնելու, աման լվանալու, մարտական դիրքը թողնելու ու այլ դեպքերի պատճառով նման իրավիճակներ լինում են, ու պետք է խոստովանել, որ այս տարիների ընթացքում չի հաջողվել արմատախիլ անել դա, ու մենք ունենք այն, ինչ ունենք:
– Ստացվում է, որ իշխանության այն պնդումներին, թե զինվորները քաղաքացիական կյանքի բարքերն են իրենց հետ տանում բանակ, դրա համար էլ նման իրավիճակ է լինում այնտեղ, դուք այնքան էլ համակարծիք չեք, որովհետև, ճի՞շտ հասկացա ձեզ, եթե սպայական կազմը իր գործը պատշաճ անի, ամեն բան լավ կլինի:
– Ներսի ու դրսի խնդիր չկա, նույնիսկ ներսում ավելի կանոնավոր պետք է լինի, որովհետև այնտեղ առանձնահատուկ ծառայություն է իրականացվում՝ տարբեր գործառույթներով: Եթե ազատության մեջ երիտասարդը կարող է անել, ինչ ուզում է, ապա զինված ուժերում ուղղակի ենթակայական համակարգ է՝ ջոկի հրամանատար, դասակի հրամանատար, վաշտի հրամանատար:
Ես ձեզ հավաստիացնում եմ, եթե յուրաքանչյուր հրամանատար իր տեղում լինի, կատարի Հայաստանի օրենսդրությամբ սահմանված իր առջև դրված խնդիրներն ու պարտականությունները, ապա զինվորները ժամանակ չեն ունենա իրար հետ վիճելու, որովհետև այդ ամենը մեծ մասամբ անգործության հետևանք է: Բանակում կարգ ու կանոն հաստատվի գոնե 100 տոկոսին մոտ, հավաստիացնում եմ, որ հանցագործությունների մեծագույն մասն ուղղակի տեղի չի ունենա:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















