Խաչատուր Սուքիասյանը և Գուրգեն Արսենյանը վաղուց անձամբ գործարար գործունեությամբ չեն զբաղվում. Ալեն Սիմոնյանը՝ քննադատությունների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը

– Պարո՛ն Սիմոնյան, անակնկալ էր ՔՊ ցուցակն այս անգամ. չկա փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, փոխարենը երկու խոշոր գործարար են տեղ գտել ձեր ցուցակում։ Մինչդեռ դուք պայքարում էիք, որ խորհրդարանում գործարարներ չլինեն, հիմա պատկերն այլ է։ Ի՞նչ հիմնավորում ունի ձեր այս քայլը։

– Նախևառաջ՝ այդ հարցի պատասխանը օրենքը տվել է, որ գործարարը այն պահից սկսած, երբ իր բիզնեսի կառավարումը հանձնում է, այլևս գործարար չէ։ Իսկ թե՛ Խաչատուր Սուքիասյանի և թե՛ Գուրգեն Արսենյանի պարագայում նրանք շատ վաղուց անձամբ գործարար գործունեությամբ չեն զբաղվում, և ընտանիքներին պատկանող կազմակերպություններ կան, որոնք հանձնված են կառավարման, մի մասը նույնիսկ՝ միջազգային կազմակերպությունների մասնաբաժին ունենալու պարագայում։ 

Էլ չեմ ասում, որ եթե մենք խոսում ենք կապիտալի ներգրավման մասին, այսօր ընդդիմության շարքերում մարդկանց կապիտալը հարյուրապատիկ ավելի է, և հարյուրապատիկ ավելի շատ գործարարներ կարելի է տեսնել, էլ չեմ ասում ընդդիմության լիդերների մասին, որոնք դոլարային միլիոնատերեր և միլիարդատերեր են շատ անհասկանալի ձևով։ Եվ մենք այսօր դոլարային միլիոնատերերի ընդդիմություն ունենք, դոլարային ընդդիմադիրների քարոզարշավի ժամանակահատվածում ենք ապրում։

– Դոլարային ընդդիմադիրների առկայությունը վտանգ ներկայացնո՞ւմ է իշխանությանը։

– Այո՛, ներկայացնում է, որովհետև բացի այն հանգամանքից, որ շատ է խոսվել, և բոլորը շատ լավ գիտեն այսօրվա «ընդդիմադիր» կուսակցությունների՝ փող բաժանելու մեծ փորձը, էլ չեմ ասում, որ այդ փողն այնտեղ կա։ 

Ժամանակին մենք օրենքներ էինք ընդունում, որպեսզի ընդդիմությանը հնարավորություն տանք, որ կարողանա օլիգարխիկ իշխանության հետ մրցակցել, այսօր ընդդիմությունը օլիգարխիկ է, իսկ իշխանությունը նման հնարավորություն ոչ ունի, ոչ էլ նման խոսակցություն կա։

– Նույն Գագիկ Ծառուկյանի դեպքում հայտարարվում էր, որ նա իր գործարար գործունեությունը հանձնել է և զբաղվում է քաղաքականությամբ։ Արդյոք առկա խնդիրը լուծվո՞ւմ է։

– Մենք չենք կարող մեր ճաշակով և ցանկություններով, շահերով ղեկավարվել, դրա համար գոյություն ունի օրենք, իսկ օրենքն ասում է, որ եթե ինքը հանձնել է, նման խոսակցություն չի կարող լինել։ Իսկ ձեր նշած երկու անձինք շատ վաղուց չեն զբաղվում գործարար գործունեությամբ, անձամբ որոշումներ չեն կայացնում։ Հիշենք, թե որն է եղել այս օրենքի նպատակը, որպեսզի բիզնեսը հանկարծ որևէ արտոնյալ վիճակում չհայտնվի, իսկ այսօր իշխանության հետ համագործակցող մարդկանց նկատմամբ ամենախստապահանջն են։

Առաջիկա ընտրությունների հետ կապված ի՞նչ մտահոգություններ ունեք։ Տարբեր սոցիոլոգիական հարցումներ վկայում են իշխանության դիրքերի թուլացման մասին։ Վարկանիշի անկման հետ կապված մտահոգվելու առիթ չունե՞ք։

– Չունեմ, որովհետև մենք գիտենք իրական հարցումները, և այդ հարցումները նույնիսկ չեմ ուզում մեկնաբանել, որովհետև իրականացնող կազմակերպություններն էլ են պարզ, իրականությունն էլ է պարզ, և նույնիսկ այդ հարցումներով իշխող ուժը բավականին մեծ տարբերությունով առաջատար է։ 

Ինչ վերաբերում է մտահոգություններին, մտահոգությունս այն է, որ ընդդիմությունը կարող է փորձել գումար բաժանել, դրա համար ենթարկվել պատասխանատվության և հետո հայտարարել, թե իբր դա քաղաքական հետապնդում է։ 

Մի փոքր նոնսենս է հնչում, որ իշխանության ներկայացուցիչը լրագրողին ասում է, որ ընդդիմությունը կարող է փորձել գումար բաժանել։ Բայց իրականությունը սա է, և նման ազդակներ արդեն իսկ կան։ 

Եվ ուզում եմ առիթից օգտվելով հիշեցնել, որ օրենքի փոփոխություն է տեղի ունեցել, և քրեական պատիժը խստացվել է, մեկ տարի դատապարտում է նախատեսված։ Եվ դա դարձել է ծանր հանցագործություն։ Եվ թող բախտները փորձեն, բայց ես վստահեցնում եմ, որ շատ-շատերը քրեական պատասխանատվության են ենթարկվելու օրենքը խախտելու փորձի համար։ 

Ընտրակեղծիքներով երկու ընտրություն անցկացրած Քոչարյանը, երբ խոսում է ընտրակեղծիքների մասին և հետո ասում, որ իշխանությունն այդքան ուժ չունի, որ այդքանն անի, դա արդեն չասեմ ինչի ոլորտից է։ 

Հիշեցնում եմ ընդդիմադիր այն ուժերին, որոնք ենթադրում են, որ փող պետք է բաժանեն՝ քրեական պատասխանատվությունը մեծացել է, իրավապահ մարմինները շատ ուշադիր են լինելու նման դեպքերի հետ կապված։ Հետո թող չասեն՝ իբր քաղաքական հետապնդում էր։

– Եթե անգամ պատասխանատվության կանչեն, միևնույն է՝ գործում է բռնել-բաց թողնելու քաղաքականությունը։

– Շատ սխալ եք ասում, քրեական գործերը շարունակվում են։ Եկեք տարբերենք քրեական գործը, դատավճիռը՝ խափանման միջոցից։ Քանի արդարացված դատավճիռ կարող եք մեջբերել նախկին իշխանության ներկայացուցիչների կամ ընտրությունների հետ կապված հանցագործություններ կատարած անձանց։ 

Նման դատավճիռ չկա։ Դատավճիռները լինելու են, և ես կարող եմ ասել առաջին դատավճռի օրը։ Առաջին դատավճիռը լինելու է հունիսի 20-ին՝ առավոտյան ժամը 8։00-ից մինչև երեկոյան 20։00-ը, ՀՀ քաղաքացիները դատավճիռ են կարդալու ՀՀ չորս ղեկավարների վերաբերյալ։ 

– Չորս նախկին ղեկավարների մի՞ջև է լինելու հիմնական պայքարը։

– Այո՛, ակնհայտ է, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել են, որ մասնակցելու են, իշխող ուժը նույնպես հայտարարել է, որ մասնակցելու է։ Ուստի հունիսի 20-ին բոլորը հնարավորություն ունեն դատավճիռ կայացնելու, օրը հայտարարված է։

Մանե Հարությունյան

MediaLab.am