Վերիշենի բնակիչը կալանավորվել է՝ համագյուղացուն ծանր մարմնական վնաս պատճառելու, վերջինիս կնոջ նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու մեղադրանքով

Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող  քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Վերիշեն բնակավայրի բնակչի կողմից համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու, ինչպես նաև վերջինիս կնոջ նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2021թ. ապրիլի 7-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում, Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի 30-ամյա բնակիչը բնակարանում գտնվող անձանց կամքին հակառակ, տան մուտքի դարպասին հարակից պատուհանի տախտակը հանելու միջոցով ապօրինի մուտք է գործել համագյուղացու տուն, որի ննջասենյակում, վերջինիս կնոջ կամքին հակառակ, նրա՝ քնած լինելով պայմանավորված անօգնական վիճակն օգտագործելով, փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցրել, քանի որ կինը, ապա՝ նաև վերջինիս ամուսինը արթնացել են քնից: Այնուհետև 30-ամյա տղամարդն իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող առարկայով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է տանտիրոջ կրծքավանդակին` պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վերիշեն համայնքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով, 34-138-րդ հոդվածի (բռնաբարության փորձ) 1-ին մասով և 147-րդ հոդվածի (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։