Եվրամիությունը Ադրբեջանին և Հայաստանին առավելագույն զսպվածության կոչ է անում

Եվրոպական միությունը խորապես անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին գրանցված վերջին միջադեպերով, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հայտարարել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության խոսնակ Փիթեր Սթանոն՝ հայտնելով, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ծավալվող իրավիճակը հեռախոսով քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և լարվածության թուլացման ու հրադադարը հարգելու կոչ է արել:

«Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, հետ քաշել իրենց զորքերը և հարգել երկու եռակողմ համաձայնությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները: Մենք կոչ ենք անում երկու կողմերին վերսկսել բանակցությունները՝ աշխատելու չլուծված խնդիրների համապարփակ կարգավորման ուղղությամբ՝ ներառյալ սահմանազատումը», – նշված է հայտարարության մեջ:

Փիթեր Սթանոն նաև շեշտել է, որ Եվրամիությունը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 15-ի հայտարարությանը:

«Եվրամիությունը վերահաստատում է Հայաստանի և Ադրբեջանի հետ աշխատելու իր հանձնառությունը, որպեսզի օգնի հաղթահարել լարվածությունը և կառուցել այնպիսի Հարավային Կովկաս, որն անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ կլինի՝ ի շահս տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների», – ասել է խոսնակը: