«Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին ասում է, թե ո՛րն է բանակցությունները վերսկսելու ճանապարհը՝ Արցախը բանակցությունների սեղանի շուրջը վերադարձնելը». քաղաքագետ

«Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին ասում է, թե ո՛րն է բանակցությունները վերսկսելու ճանապարհը՝ Արցախը բանակցությունների սեղանի շուրջը վերադարձնելը». քաղաքագետ
«Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին ասում է, թե ո՛րն է բանակցությունները վերսկսելու ճանապարհը՝ Արցախը բանակցությունների սեղանի շուրջը վերադարձնելը». քաղաքագետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի առաջ տանել այն պահանջը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացին պետք է մասնակցի նաև Արցախը: Բայց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պետք է որոշեն, թե դա ի՛նչ ճանապարհով անեն: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:

Նշենք, որ Լավրովը դեկտեմբերի 14-ին ասել էր, որ Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի նոր կառավարության ձևավորումից հետո Հայաստանն ու Ռուսաստանը կվերսկսեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: «Մենք կարծում ենք, կառավարության ձևավորումից հետո հայկական կողմը պատրաստ կլինի վերսկսելու բանակցային գործընթացը ադրբեջանցիների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- ասել էր նա:

Լավրովը նաև ասել էր, որ զրուցել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ և զգացել բանակցությունները վերսկսելու և կառուցողական հանգուցալուծում գտնելու նրա անկեղծ տրամադրվածությունը:

ՌԴ արտգործնախարարի այս հայտարարությանը հետևել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի անդրադարձը խնդրին: Նիկոլ Փաշինյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառել է. «Մենք կշարունակենք խաղաղ գործընթացը՝ ի բարօրություն տարածաշրջանի խաղաղության և անվտանգության: Կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի իրական ջանքերը»:

Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ Ռուսաստանը ստիպված է գործընթացն առաջ տանել, բայց չգիտի, թե ինչպե՛ս: «Եկեք հիշենք, թե ամռանն ի՛նչ կատարվեց: Նրանք ցնցված էին Հայաստանում իշխանափոխության անակնկալ ելքից, որովհետև Ռուսաստանում ակնկալում էին, որ այլ մարդ պետք է ստանձներ Հայաստանի վարչապետի պաշտոնը: Բայց երբ Նիկոլ Փաշինյանն ստանձնեց վարչապետի պաշտոնը, և նրանք հասկանացան, որ գործ ունեն մեծ լեգիտիմությամբ առաջնորդի ու պետական գործչի հետ, հետ կանգնեցին ճնշումներ գործադրելուց, որովհետև հասկացան, որ դրանով մի ամբողջ հասարակության իրենց դեմ կհանեն»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը: Նա հիշեցնում է, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո ռուսական կողմը չէր շտապում հանդիպումներ կազմակերպել այաս

Ալիևի հետ, խոսել, թե ով պետք է բանակցի՝ հույս ունենալով, որ առաջիկա ամիսների ընթացքում իշխանափոխություն տեղի կունենար, Նիկոլ Փաշինյանը չէր կարողանա իշխանությունը պահել: «Ամռանը ստիպված էին ընդամենն ասել՝ սպասենք մինչև Հայաստանում իշխանության ձևավորումն ավարտվի, արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավարտվեն, նոր կանդրադառնանք հարցին: Ակնհայտ է, որ ընտրությունների արդյունքում նրանց սպասումները ևս մեկ անգամ չարդարացան, Նիկոլ Փաշինյանը ո՛չ թուլացավ, ո՛չ էլ փոխարինվեց իրենց համար ցանկալի մեկով: Եվ այժմ ստիպված են պրոցեսն առաջ տանել, բայց չգիտեն՝ ինչպե՛ս»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ սա Ռուսաստանին ուղղված նրա պատասխանն է: Քաղաքագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը նրանց ասում է, թե ո՛րն է բանակցությունները վերսկսելու ճանապարհը՝ Արցախը բանակցությունների սեղանի շուրջը վերադարձնելը:

«Ես հուսամ, որ այս պահանջը հայկական կողմը դեռ պնդում է: Ես այս խնդրին նախընտրական շրջանում էլ եմ անդրադարձել, հատկապես հայտնի հեռուստաբանավեճից հետո: Այլ բան է, երբ դու Արցախի՝ բանակցություններին մասնակցելու հարցը դնում ես որպես պայման, այլ բան է, երբ դնում ես որպես նպատակ: Հիմա Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պետք է որոշեն, թե դա ի՛նչ է: Եթե նրանց կանչում են բանակցությունների, նրանք չեն գնում, պատճառն այն է, որ Արցախը չի՞ մասնակցում, թե՞ ուղղակի սկսում են պրոցես՝ հստակ իմանալով, որ երբ կգա ռեալ բանակցությունների պահը, Արցախը կներգրավվի: Սրանք տարբեր խնդիրներ են, որոնք պետք է լուծի Փաշինյանի թիմը»,- ասում է քաղաքագետը:

Ստյոպա Սաֆարյանն անդրադառնում է նաև հարցին, որ ԵԱՏՄ երկրների ղեկավարները չեն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի համար: Ըստ քաղաքագետի՝ այս երկրների նախագահները մտահոգված են:

«Սա փաստում է, որ նրանք ևս մտահոգված են»,- հավելում է նա:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am