Գյուղնախարարությունը հորդորում է առաջիկա 2 օրերի ընթացքում ավարտել բերքահավաքը

Գյուղնախարարությունը հորդորում է առաջիկա 2 օրերի ընթացքում ավարտել բերքահավաքը
Գյուղնախարարությունը հորդորում է առաջիկա 2 օրերի ընթացքում ավարտել բերքահավաքը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է առաջիկա 2 օրերի ընթացքում ավարտել բանջարաբոստանային եւ այլ մշակաբույսերի բերքահավաքը:

Համաձայն ԱԻՆ հիդրոմետ ծառայության հաղորդագրության` արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ պայմանավորված, հանրապետությունում սպասվում է եղանակային պայմանների փոփոխություն` տեղումներ, ջերմաստիճանի կտրուկ անկում: Հոկտեմբերի 26-28-ին օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում` 7-8 աստիճանով: Նշված մարզերում կդիտվեն ձյան տեսքով տեղումներ եւ նույնիսկ ցերեկային ժամերին 
կգրանցվեն բացասական ջերմաստիճաններ:

Ելնելով վերոհիշյալից` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դիմում է հանրապետության հողօգտագործողներին եւ հորդորում բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու առաջիկա 2 օրերի ընթացքում բանջարաբոստանային մշակաբույսերի, կարտոֆիլի, խաղողի, պտուղների եւ այլ մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքները ավարտելու համար:

Չնայած նշված ժամանակահատվածում Արարատյան դաշտում եւ նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում զրոյից ցածր ջերմաստիճաններ չեն կանխատեսվում, այնուամենայնիվ նախարարության մասնագետները, հաշվի առնելով բազմամյա փորձը, տեղեկացնում են, որ ցրտահարությունների վտանգը այստեղ նույնպես բացառել չի կարելի, եւ հիշյալ տարածաշրջաններում եւս պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել բերքի հնարավոր կորուստներից խուսափելու համար:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը միաժամանակ հորդորում է սեղմ ժամկետներում ավարտել աշնանացան մշակաբույսերի ցանքը, ինչպես նաեւ շուտափույթ սկսել խաղողի այգեթաղը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին