«Ոնց որ պարող փիղը, այնպես էլ հայերեն խոսող լիտվուհին տարօրինակ է, բայց իմ սերը Սասունցի Դավիթն է… Մարիտե Կոնտրամայտե

«Ոնց որ պարող փիղը, այնպես էլ հայերեն խոսող լիտվուհին տարօրինակ է, բայց իմ սերը Սասունցի Դավիթն է… Մարիտե Կոնտրամայտե
«Ոնց որ պարող փիղը, այնպես էլ հայերեն խոսող լիտվուհին տարօրինակ է, բայց իմ սերը Սասունցի Դավիթն է… Մարիտե Կոնտրամայտե

Հեռուստացույցի ձայնը բարձր է, իսկ բուխարու մի անկյունում կուչ եկած թմբլիկ կատուն ճպճպացնում է աչքերը: Սլավոնական դիմագծերով կինը մի կողմ է տանում սեղանին շարված գրքերը ու ընդառաջ գալիս.
«Բարով եք եկել,- վարժ հայերենով ներս է հրավիրում նա, մինչ կատուն, առիթից օգտվելով, սկսում է ակտիվորեն ցաքուցրիվ անել բազմոցին դրված թղթերը: – Ոնց որ պարող փիղը, այնպես էլ հայերեն խոսող լիտվուհին, գիտեմ, տարօրինակ է, բայց իմ սերը Սասունցի Դավիթն է, իսկ հայերենն ինձ համար` իսկական երաժշտություն»,- ժպտում է նա:

Վիլնյուսի իր բնակարանում լիտվացի հայտնի գրող, բանաստեղծուհի Մարիտե Կոնտրամայտեն` սառը խառնվածքով և չոր շարժուձևերով, լիովին կերպարանափոխվում է, երբ սկսում է խոսել Հայաստանի մասին: Մինչ սեղանին հայտնվում է բալթյան խոտաբույսերով թունդ թեյը, նա շարունակում է անաղարտ հայերենով պատմել իր սիրո պատմությունը:

1971-ին երիտասարդ բանաստեղծուհի Մարիտեին Լիտվայի գրողների միությունն առաջարկում է իր ընտրությամբ խորհրդային հանրապետություններից մեկում կրթությունը շարունակել:

«Ես այն ժամանակ շատ երկրներում էի եղել, բայց երբ առաջարկեցին, վայրկենապես ասացի` Հայաստան, հայերեն եմ ուզում սովորել,- «Մեդիալաբին» պատմում է Կոնտրամայտեն: – Դե, արդեն կարդացել էի «Սասունցի Դավիթ» էպոսն ու անվերադարձ սիրահարվել Դավիթին: Էպոսն ինձ համար ազգի հայելին է»:

Նա օրինակ է բերում վրացական մշակույթը և ասում, որ, ի տարբերություն հայերի, վրացիների մոտ իշխող գիծը կռվարարությունն է, ինքնասիրահարվածությունը:

«Վրացիներն իրենց մշակույթով կարծես ասում են` կկոտրեմ, կջարդեմ, ես եմ որ կամ, այսինքն` ամեն ինչ քարերի նման… Այդ ամենը հստակ երևում է ազգային երգ ու պարում,- ասում է բանաստեղծուհին,- իսկ հայկական պարերը, նազանքը, շուրջպարը` համեստ ու գեղեցիկ»:

Դժվարությամբ «պեղելով» լիտվերեն-հայերեն մի հին զրուցարան` Մարիտեն մեծ ոգևորությամբ բռնում է իր երազած Սասունցի Դավթի երկրի ճանապարհը:

«Ամբողջ ճանապարհին հուզմունքից ու լարվածությունից չքնեցի, իսկ երբ գնացքը վրացական տարածքներից դուրս եկավ, և ես վերջապես Հայաստան մտա, աչքերիս չէի հավատում,- պատմում է Մարիտեն` հիացմունքով հիշելով պատկերները: -Դիմացս Սարյանի գույներով Արարատն էր… ու ես ապշեցի, երբ տեսա, որ էդ գույներն իրական են»:

Հայաստանում Մարիտեի հիացմունքը երկար չի տևում: Տեղավորվելով ուսանողական հանրակացարաններից մեկում` երիտասարդ բանաստեղծուհին սկսում է բուռն սիրային հետապնդումների ենթարկվել երիտասարդ «սասունցի դավիթների» կողմից:

«Ես տարբերվում էի բոլորից, ու շատերին թվում էր, թե ռուս եմ, այսինքն` եթե մազերդ ու մաշկդ բաց գույնի են, ուրեմն դու ռուս ես, իսկ եթե ռուս ես, ուրեմն բոզ ես, ու կարելի է քեզ անպարկեշտ առաջարկներ անել,- ասում է Մարիտեն: – Հասկանո՞ւմ եք` հայի արժանապատվությունն այլ բան է, իսկ էդ պահվածքը` լրիվ այլ: Սկզբում շրջվում ու լիտվերեն նրանց հայհոյում էի, իսկ հետո հայերեն սովորեցի և արդեն համարժեք պատասխան էի տալիս»:

Որոշ ժամանակ անապահովության զգացողությունից հետո էությամբ ակտիվ ու պայքարող Մարիտե Կոնտրամայտեն հանդիպում է ապագա ամուսնուն` նույն հանրակացարանում բնակվող ուսանող Ռուսլան Հարությունյանին:

«Ես հասկացա, որ նրան հանդիպելուց հետո կյանքս լրիվ փոխվեց,- ասում է լիտվուհին: – Փողոցներում անտարբերությանս բախված տղաները հետևիցս «ռուս-կուկուռուզ» չէին գոռում, ես էլ ստիպված չէի երեք մատի կոմբինացիա ցույց տալ ու հայհոյել: Ռուսլանը դարձավ իմ թիկունքը, և ես հանգիստ իմ գործով զբաղվեցի»:

Մեկ տարվա ընթացքում երիտասարդ լիտվուհին սկսում է վարժ հայերեն խոսել:

«Հայերենը հոյակապ լեզու է, բացառիկ: Ինձ համար ամենաբարդը այբուբենը յուրացնելն էր,- ասում է Մարիտեն: – Մաթեմատիկայի պես սովորեցի լեզվի բանաձևերը` տառերը, քերականությունը ու վերջ, ամեն ինչ պարզ էր. կարող էի հեշտորեն կարդալ հրաշալի հայ գրականությունը, բացատրել, լսել հասկանալ… Ես այնքա~ն ուրախ էի»:

Երկու տարի Հայաստանում սովորելուց հետո Մարիտեն և Ռուսլանն ամուսնանում են և մեկնում Վիլնյուս, քանի որ, ըստ պայմանագրի, բանաստեղծուհին պետք է Լիտվա վերադառնար:

Վիլնյուսում ծնվում են նրանց երկու աղջիկները` Վեգան և Յուստինան:

«Պոետական շեղումներ են,- ժպտում է Ռուսլան Հարությունյանը,- դրա համար էլ երեխեքին աստղերի անուններով կոչեց»:

Աղջիկները նույնպես հայերեն են խոսում, իսկ Յուստինան հայկական հոգևոր երգեր և շարականներ է կատարում:

Վիլնյուսում Մարիտեն շարունակում է հայկական «թեմաները». կապերը իր սիրելի Հայաստանի հետ, ուր պարբերաբար այցելում է ամուսնու, ապա նաև` երեխաների հետ: Հայաստան է այցելում նաեւ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո` Լիտվայից օգնություն բերելով, եւ անօթեւան մնացած հայ երեխաներին ժամանակավոր Լիտվա տեղափոծելով:

«Նա սիրահարված է մեր երկրին ու մշակույթին և ամբողջովին մտել է այդ ամենի մեջ,- ասում է Ռուսլան Հարությունյանը: – Նույնն էլ այդ տարիներին էր, երկրաշարժից հետո իր տունն ու տեղը մոռացած նա ամիսներ շարունակ ամեն ինչ անում էր Հայաստանի համար: Ու մինչև հիմա էլ Հայաստանն ու հայերենը Մարիտեի համար ամենավեհ բաներն են, մի աշխարհ, որից էն կողմ էլ բան չկա»:

«Հայաստանն իմ հոգում է»,-ժպտում է լիտվացի բանաստեղծուհին:

Վիլնյուս

© Medialab.am