Թե ինչպես մոտ 1200 քառակուսի մետր անմշակ, մի քանի հին ծառերով այգին ընդամենը 5 տարում վերածվեց ծաղիկներով պատված դրախտավայրի, միայն ինքը՝ Նարինե Հայրումյանը գիտի։ Ասում է՝ գիշեր-ցերեկ սեր ու ջանք դնելով կարողացավ ստեղծել «Հրաշք այգին»։
Այգին Կոտայքի մարզի Կամարիս գյուղում է, ու Նարինեi հետևորդներն են այգուն «Հրաշք» անունը տվել։ Որ այգին իսկապես հրաշք է, համոզվում ես հենց մուտքից։
«Գեղեցկությունը պետք է բազմապատկել, կիսվել։ Ես գաղտնիքներ չունեմ, իմ սոցիալական ցանցերում էլ միշտ ներկայացնում եմ, թե ինչ խնամք է պետք, որ ծաղիկները լավ ծաղկեն։ Իմ այգին մշտական ծաղկող այգի է, ամառ թե ձմեռ ծաղկած ծաղիկներ ունեմ։ Բազմաթիվ տեսակներ ունեմ, նույնիսկ թիվ ու հաշիվն եմ կորցրել»,- ասում է Նարինեն։
55-ամյա Նարինեն Արցախից է, երկու մասնագիտություն ունի՝ մանկավարժի և արտադրական գործընթացների ու հաստոցների ավտոմատացման ճարտարագետի։ Մի քանի տարի աշխատել է մանկապարտեզում, մեկ տարի էլ դպրոցում՝ դասավանդելով ինֆորմատիկա։ Հետո սկսել է զբաղվել բիզնեսով․ Արցախում մանկական հագուստի վաճառքով էր զբաղվում, իսկ ավելի ուշ բիզնեսը տեղափոխել է նաև Հայաստան։
Տարբեր աշխատանքների ու զբաղմունքների միջով անցնելուց հետո Նարինեն իր օրվա ամենասիրելի մասը գտել է այգում։ Արդեն հինգ տարի է՝ նրա օրը սկսվում է վաղ առավոտյան՝ ծաղիկների ու այգու խնամքով և ավարտվում նույն ծաղիկների շվաքի տակ՝ երեկոներն այնտեղ վայելելով։ Նա սիրում է բոլոր ծաղիկները, բայց վարդերից մեկը նրա համար առանձնահատուկ է․ այն բերել է հայրենի Արցախից։
Ժամանակի ընթացքում այգին դարձել է ոչ միայն Նարինեի սիրելի զբաղմունքը, այլև նրա շուրջը ձևավորված փոքրիկ առցանց համայնքի հիմքը։ Նա այսօր աճեցնում է մոտ 1000 տեսակի ծաղիկ ու թուփ, իսկ նրա այգեգործական էջին հետևում է 43000 մարդ Facebook-ում և ևս 14000-ը՝ Instagram-ում։
Մինչև 2013 թվականը Հայրումյանների ընտանիքն Արցախում է ապրել։ Երեք տուն ու այգիներ ունեին․ ամուսնու տունը Խնածախում էր, հետո տեղափոխվել են Ստեփանակերտ։ Հայաստան տեղափոխվելու որոշումը ժամանակավոր էր․ որդին ուսանող էր, նրա գործն արդեն այստեղ էր, և ծնողները որոշել են որոշ ժամանակ մնալ, մինչև երեխաները կհարմարվեին, ապա նորից վերադառնալ Արցախ։
Նարինեի որդին՝ Էդուարդ Հայրումյանը, այսօր ակտիվիստ է․ զբաղվում է քաղաքի մաքրության, անտառների ու հուշարձանների պաշտպանությամբ, բարձրաձայնում տարբեր խնդիրներ։ «Իր աչքը սովոր է մաքուրին, կանաչին, երևի դրա համար էլ այդ ուղղությունն է ընտրել»,- ասում է Նարինեն։
2020-ի սեպտեմբերի 13-ին Հայրումյանները նորից Արցախ գնացին։ Այդ պահին դեռ ոչինչ չէր հուշում, որ մի քանի օրից պատերազմ է սկսվելու, և այդ այցը վերջիններից մեկն է լինելու։
«Երբ ամուսնանում էի, հայրական տան բակում նարնջագույն վարդեր ունեինք, հետս տարա սկեսուրենցս տուն։ Նրանց տունը Խնածախում էր, շատ սիրուն աճեցրել էի։ 2020-ին, երբ վերջին անգամ գնացինք Արցախ, տեսա՝ վարդերս լրիվ չորացել են, մենակ փայտերն են մնացել։ Դե, վարդը խնամք է սիրում, ափսոսացի, ասացի՝ ես սա տանում եմ հետս։ Հանեցի, բերեցի, մտածեցի՝ մի տեղ կաճեցնեմ, էլի։ Ի՞նչ իմանայի, որ Արցախից բերված վերջին ծաղիկս էր լինելու»,- հուզված պատմում է Նարինեն։
Նա ասում է՝ ծաղիկների հանդեպ սերը մորից՝ Ռոմելլայից է ժառանգել։ Դեռ մանկուց տեսել է, թե ինչպես էր մայրը իրենց այգում գեղեցիկ ծաղիկներ աճեցնում՝ վարդ, քաջվարդ, ինչ հնարավոր էր գտնել։
«Այն ժամանակ վարդերի տեսակներ չկային, հիմնականում մուրաբայի վարդերն էին։ Բայց մեր տունը միշտ մատնացույց էին անում, ասում էին՝ անկյունի սիրուն վարդերով տունը»,- հիշում է Նարինեն։
Նրա մանկության հուշերից մեկն էլ մոր՝ ամեն տեղից ծաղիկ բերելու սովորությունն է։ Ռոմելլան դրանք բազմացնում էր, աճեցնում այգում ու սիրով խնամում։ Այդ սերն էլ փոխանցվել է Նարինեին։
«Մայրս միշտ էտում էր վարդերը։ Ասում էին՝ կարող է չորանա, մի՛ էտի, ինքն էլ պատասխանում էր՝ չի չորանա, ավելի կատաղած է աճելու, շիվեր է տալու։ Ես էլ եմ այդպես անում՝ միշտ էտում եմ ու բոլորին էլ խորհուրդ եմ տալիս։ Մի կին տեսանյութերից մեկի տակ գրել էր՝ թե ուզում ես վարդդ լավ աճի, դուշմանիդ նման կտրիր»,- ծիծաղում է Նարինեն։
Այգեգործների շրջանում հաճախ կատակով ասում են, թե «գողացած» ծաղիկն ավելի լավ է աճում, բայց Նարինեն այդ սովորությանը երբեք չի հետևել։ Ասում է՝ որքան էլ ծաղիկներ սիրի, երբեք որևէ տեղից արմատ կամ շիվ չի գողացել․ եթե որևէ բույս հավանել է, խնդրել է, և իրեն սիրով տվել են։
Ճանապարհորդելիս էլ նրա ուշադրությունն առաջին հերթին ծաղիկներն են գրավել։ Հիշում է՝ անգամ Շրի Լանկայից վերադառնալիս է ծաղիկներ բերել։ Այնտեղ զբոսնելիս հիանում էր ամեն քայլափոխի հանդիպող ծաղկային գեղեցկությամբ․ արևադարձային այդ երկրում կրոտոնը, կալատեան, բուգենվիլիան դրսում մեծ, փարթամ ծառերի են վերածվում՝ խենթացնող գեղեցկությամբ։ Այդ ամենը, բնականաբար, Նարինեին անտարբեր թողնել չէր կարող։
«Մի տուն տեսա՝ ցանցապատ բակով, ծառերից էլ խոլորձներ (օրխիդեա) էին կախված։ Սկսեցի հիացած նայել։ Տնից մի ցածրահասակ, թուխ կին մոտեցավ՝ հնդկական ավանդական հագուստով, ու անգլերենով ներս հրավիրեց։ Թեև լեզու չգիտեի, բայց ծաղիկների լեզուն բոլորի համար նույնն է։ Շրջում էինք, մեկ էլ ինձ մեծ հպարտությամբ տարավ իր ծածկված ջերմոցը՝ ցույց տալու, թե ինչ է աճեցրել։ Մտածեցի՝ մի էկզոտիկ բան է լինելու, բացեց՝ սովորական դդում։ Իրենց համար դա էր էկզոտիկա, իսկ ինձ համար՝ իր ամբողջ հրաշք բակը»,- հիշում է Նարինեն։
Մինչև մեկնելը Նարինեն խնդրել է կնոջը, որ բույսերից մի քանիսը վաճառի իրեն։ Կինը համաձայնել է, բայց ոչ թե վաճառել, այլ սիրով նվիրել։ Նարինեն էլ, տեսնելով, որ ընտանիքը համեստ պայմաններում է ապրում, շնորհակալություն է հայտնել իր ձևով․ նոր, կապույտ կոշիկներ ու 10 եվրո է տվել կնոջը։ Ասում է՝ Շրի Լանկայում շատերը ոտաբոբիկ են քայլում կամ ցածրորակ հողաթափերով, և այդ նոր կոշիկները կնոջ համար կարծես առանձնակի ուրախություն լինեին։
«Մոտ 50 տեսակ բույս բերեցի։ Քանի որ նման բույսեր տեղափոխելը արգելված է, օդանավակայանում պիտի մի ձևով անցկացնեի։ Մրգեր էի գնել, ցողուններն ու արմատները կտրեցի, փաթաթեցի ու կապեցի տանձերին, որ իբր անանասի տերևներ են։ Այդպես ճամպրուկի մեջ թաքցրած բերեցի, ու այսօր դրանց կեսից ավելին իմ այգում հաջողությամբ աճում է»,- պատմում է Նարինեն։
Նարինեի այգին տարիների ընթացքում լցվել է տարբեր երկրներից ու հիշողություններից բերված բույսերով, բայց համացանցում նրան ճանաչելի դարձրեց հատկապես Արցախից բերված վարդի պատմությունը։
Առաջին անգամ հենց այդ վարդի մասին է Նարինեն փոքրիկ հոլովակ նկարել ու տեղադրել համացանցում։ Արձագանքն այնքան մեծ էր, որ նա որոշեց շարունակական դարձնել տեսանյութերի հրապարակումը։ Ամեն նոր հոլովակից հետո Նարինեն ավելի հստակ էր հասկանում, որ մարդիկ ծաղիկների խնամքի վերաբերյալ պարզ ու կիրառելի տեղեկության կարիք ունեն, և սկսեց կիսվել իր խորհուրդներով։
Նարինեն իր էջերում ոչ միայն ցույց է տալիս իր այգին ու այնտեղ աճող ծաղիկների բազմազանությունը, այլև հետևորդներին սովորեցնում է՝ ինչպես խնամել բույսերը, երբ և ինչպես էտել վարդերը, ինչպես բազմացնել ծաղիկները, ինչ անել գեղեցիկ ու առողջ այգի ունենալու համար։ Նրա հոլովակները միլիոնավոր դիտումներ ունեն, հազարավոր մեկնաբանություններ ու ջերմ խոսքեր։
Նարինեի այգին հարազատներից ու ընկերներից բացի նաև անծանոթների սիրելի վայրն է դարձել։ Շատերն ուզում են սեփական աչքերով տեսնել այդ գեղեցկությունն ու զգալ ծաղիկների բույրը։ Երբեմն այգին այնքան տպավորիչ է թվում, որ մարդիկ այն բուսաբանական այգու տեղ են դնում։
«Մի օր հոգնած նստած էինք, երբ դուռը զանգեցին։ Սկեսուրս բացեց, մարդիկ ներս մտան, թե՝ եկել ենք նայենք։ Ասում եմ՝ շատ լավ եք արել, բայց գոնե նախապես զգուշացնեիք, կարող է հարմար չլիներ։ Զարմացած հարցնում են՝ ո՞նց, սա բուսաբանական այգի չէ՞։ Ասում եմ՝ չէ, սա իմ այգին է՝ իմ ձեռքերով մշակած»,- ծիծաղով հիշում է Նարինեն։
Թե քանի մարդու է վարդեր նվիրել, Նարինեն արդեն չի էլ հիշում։ Ասում է՝ հաճախ ինքն է համոզում, որ տանեն ու այդ գեղեցկությունն իրենց տանն էլ վայելեն։ Բլոգն էլ սկսել է նույն նպատակով՝ որ մարդիկ սովորեն, սիրեն ծաղիկներն ու գեղեցկացնեն իրենց շրջապատը։
Վերջերս Նարինեն որոշել է նաև վաճառք իրականացնել․ առաջ իր աճեցրած ծաղիկները միայն նվիրում էր։ Ասում է՝ շատերն են ուզում, որ հենց ինքն աճեցնի, խնամի ու իրենց արդեն պատրաստի բույսը տա։ «Ես էլ որոշեցի հաճելին օգտակարի հետ համատեղել»,- ասում է նա։
Բայց պատրաստի ծաղիկ տալուց բացի Նարինեի համար կարևոր է նաև մարդկանց սովորեցնել, որ բույսը միայն գնելը բավարար չէ․ պետք է հասկանալ նրա պահանջները, կլիման, խնամքի ձևը։ Նրա խոսքով՝ շատ բաներ միայն սեփական փորձառությամբ ես հասկանում․ կարևոր չէ՝ ռուս, գերմանացի թե անգլիացի բլոգերն ինչ է ասում, ամեն տարածաշրջան իր կլիման ունի, և բույսն ամեն տեղ յուրովի է իրեն զգում։
«Օրինակ՝ Գերմանիայում լայնատերև դրախտավարդերը (հորտենզիա) հսկայական չափսերի են հասնում ու ամբողջ այգով մեկ ծաղկում են, բայց մեզ մոտ այդպես չէ։ Քանի որ այստեղ սառը քամիներ են լինում, ձմռանն անպայման ծածկում եմ բույսը, որ հաջորդ տարի կարողանա ծաղկել»,- ասում է Նարինեն։
Նրա համոզմամբ՝ այգին ու ծաղիկները միայն ճիշտ խնամելը բավարար չէ․ պետք է նաև հոգի ու սեր դնել, խոսել բույսերի հետ, սիրել ու փայփայել այնպես, ինչպես ընտանի կենդանուն ես խնամում։
«Իմ այգին հոգի ունի, որովհետև ես հոգի եմ դնում։ Ամեն բույսին նայելիս անմիջապես երևում է՝ իրեն սիրում են, թե ոչ։ Հակառակ դեպքում այգին կարող է գեղեցիկ թվալ, բայց հոգի չունենալ»,- հայացքը ծաղիկներին հառած՝ ասում է Նարինե Հայրումյանը։
Սաթենիկ Հայրապետյան
MediaLab.am



















