Տան բակի փոքրիկ մի անկյունը մեկ սրբավայր է հիշեցնում, մեկ՝ անտաշ քարերի արհեստանոց։ Այդպիսին է 28-ամյա խաչքարագործ Վահե Հարությունյանի աշխատանքային տարածքը։ Տարբեր ձևերի ու չափսերի անտաշ քարերը՝ բազալտն ու տուֆը, նրա ձեռքերում կյանք ու շունչ են առնում՝ դառնալով խաչքար։
«Խաչքար ստեղծելը մարդու հոգին շոյելու արվեստ է»,- ասում է նա:
Վահեն Կոտայքի մարզի Քասախ համայնքից է։ Մանկության տարիներին հաճախել է երաժշտական դպրոց ու նկարչության, սիրել է երգել, թեև մասնագիտական կրթություն չի ստացել, սակայն երգը նրա մշտական ուղեկիցն է խաչքարեր ստեղծելիս.
Բարի լուսո աստղ էրևաց
աղոթարան դռներն ի բաց,
բարով բացվեր լուս աղոթրան
սարված լծեմ էրթամ գութան։
Երգում է, երգելով էլ հյուսում զարդանախշերը, որոնք խաչքարերի են վերածվում, զարդարում ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի սրբավայրերն ու եկեղեցիները:
Ասում է՝ իր սերը քարերի հանդեպ ծնողները դեռ վաղ հասակում են նկատել:
«Դեռ շատ փոքր տարիքից նույնիսկ մայրիկիս համար նվեր պատրաստելիս քարերով էի պատրաստում, էլ չեմ ասում, որ բետոնե պատերի վրա փորագրություններ էի անում։ 12 տարեկանում ծնողներս ինձ տարան վարպետի մոտ, որ քարտաշություն սովորեմ, ինչի համար միայն շնորհակալ եմ ծնողներիս»,- «Մեդիալաբին» պատմում է Վահեն։
Վարպետներից մեկն էլ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում քանդակագործություն էր դասավանդում ու տեսնելով Վահեի շնորհքը, ուղղորդեց դեպի քոլեջ։ Վահեն ասում է՝ քոլեջում սովորեց ու շատ սիրեց նաև քանդակագործությունը։
«Ձեռքերս քարի ու կավի հետ շատ լավ էին լեզու գտնում»,- ասում է նա:
Զինվորական ծառայությունից վերադառնալով՝ Վահեն որոշ ժամանակ անց հասկանում է, որ իր նկարիչ-քանդակագործ մասնագիտությամբ աշխատանք գտնել և նորմալ վաստակել չափազանց բարդ է լինելու:
«Սկսեցի խաչքարագործ վարպետների մոտ գնալ և արդեն վերջնական ընտրությունս կատարեցի»,- պատմում է նա:
Հիշում է՝ իր առաջին «լուրջ» աշխատանքը պապիկին նվիրված խաչքարն էր։ Հարազատների հիացական ու ոգևորիչ խոսքերը երիտասարդի համար ազդակ դարձան, որ պետք է շարունակի խաչքարագործության ճանապարհը։
«Ես մտադրվել էի որևէ այլ աշխատանք գտնեմ, որ կարողանամ գումար խնայել ու անհրաժեշտ գործիքները գնել, բայց մորեղբայրս ու նրա տղան ինձ այդ հարցում օգնեցին։ Գնեցին անհրաժեշտ գործիքները, ու ես սկսեցի աշխատել։ Արդեն պատվերներ ունեի, գոհ մնացած հաճախորդներն էլ մեկը մյուսին սկսեցին պատմել իմ մասին, մարդիկ սկսեցին ճանաչել ինձ»,- պատմում է խաչքարագործը։
Վահեի քանդակած խաչքարերն այսօր կարելի է տեսնել Հայաստանի տարբեր անկյուններում՝ եկեղեցիների ու մատուռների բակերից մինչև առանձնատներ և մասնավոր ընկերությունների տարածքներ։ Նրա աշխատանքներից մի քանիսը տեղադրված են Լոռու մարզի Հարթագյուղի մոտ Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի շրջակայքում․ դրանցից յուրաքանչյուրը, ինչպես ասում է Վահեն, Աստծուն ուղղված երախտագիտություն է։
Այդ խաչքարերից ամենահուզիչներից մեկը, նրա խոսքով, նվիրված է եղել 14 տարվա անպտղությունից հետո սրբի բարեխոսությամբ ծնված երեխային։ Վահեն ասում է՝ հենց նման պատմություններն են իր աշխատանքին առանձնահատուկ իմաստ տալիս:
«Մեր ժողովրդի ուժը միշտ եղել է միասնականության, հավատքի և ստեղծագործելու կարողության մեջ։ Այդ ուժն է, որ դարեր շարունակ պահպանել է մեր մշակույթը, մեր արվեստն ու մեր ինքնությունը։ Խաչքարը միայն քարի վրա փորագրված պատկեր չէ․ այն մեր հիշողության, հավատքի և ազգային արժեքների շարունակությունն է՝ փոխանցված սերունդներին»,- ասում է նա:
Վահեի համար իր աշխատանքներից յուրաքանչյուրն է թանկ, թե 7-8 տարվա ընթացքում քանի խաչքար է պատրաստել՝ չի հիշում․ թիվը մեծ է։ Բայց ասում է՝ խաչքարագործության մեջ ամեն անգամ նույն պատասխանատվությունն է զգում, որովհետև սա միայն քար մշակելու աշխատանք չէ, այլ նաև ավանդույթի հետ խոսելու ձև։
«Խաչքարագործությունը, ի տարբերություն քանդակագործության ազատության, բավականին փակ ոլորտ է՝ իր հստակ սահմաններով ու կանոններով։ Այստեղ դու պետք է շարժվես դասական ձևի մեջ, բայց միևնույն ժամանակ փորձես ստեղծագործել ու նոր շունչ տալ»,- ասում է Վահեն։
«Իմ առաջին նման փորձը չորս կողմից քանդակված քառակողմ խաչքարն էր, որն ամբողջությամբ դուրս էր դասական ոճից։ Չորս ամիս եմ աշխատել դրա վրա։ Երբ տեսանյութը հրապարակեցի, ավելի քան 20 հազար մարդ հավանեց այն, բայց ինձ համար կարևորը ոչ թե գովեստն էր, այլ մասնագիտական արձագանքը։ Ոմանք ասում էին՝ սա խաչքար չէ, քանդակ է․ համաձայն եմ։ Ավելի սուր քննադատության էի սպասում, բայց արձագանքը հիմնականում դրական էր, իսկ պատվիրատուի ուրախությունն աննկարագրելի էր»,- հիշում է Վահեն։
Նոր աշխատանք սկսելիս Վահեն նախնական գծագիր չի անում․ ասում է՝ այդպես ավելի դժվար է, որովհետև աշխատանքի ընթացքում միշտ ինչ-որ բան փոխվում է, պատկերն այլ ձև է ստացվում, բայց հաճախ՝ ավելի գեղեցիկ։
«Լինում է՝ աշխատում ես, ու մի հատված կոտրվում է։ Ես կոտրված մասը երբեք սոսնձով չեմ կպցնում․ ընդունում եմ, որ դա ստեղծագործելու նոր հնարավորություն է, և փորձում եմ այնպիսի լուծում գտնել, որ վերջնարդյունքն ավելի լավը լինի։ Եղել է նաև դեպք, երբ 7 օր աշխատել եմ մի դետալի վրա, բայց վերջում կտրել հանել եմ, որովհետև այդպես ավելի ճիշտ էր»,- ասում է Վահեն։
«Օրերս մեծ վիշապաքար եմ քանդակել․ այնքան մեծ էր, որ տեղափոխելու համար հատուկ տեխնիկա օգտագործեցինք։ Բարդ զարդանախշեր, քանդակներ՝ ամեն ինչ անում եմ։ Չի եղել մի աշխատանք, որի մասին ասեմ՝ սա բարդ է, չեմ կարող։ Միայն ժամանակ և մուսա են պետք, մնացածը ստացվում է։ Մեկ խաչքարի համար շատ մոտավոր 1-2 ամիս է պահանջվում։ Լինում են օրեր, որ գիշեր-ցերեկ աշխատում եմ, բայց չեմ հոգնում, որովհետև սիրով եմ անում, հոգի եմ դնում, ու հենց այդ հոգու շնորհիվ է, որ անկենդան քարը սկսում է ապրել, շնչել ու իր պատմությունը պատմել»,- ասում է Վահեն:
Հարցին, թե ո՛րն է իր աշխատանքի մեջ ամենաբարդը, Վահեն կարճ է պատասխանում՝ մարդիկ:
«Քարի հետ գործ ունենալը շատ ավելի հեշտ է, քան մարդկանց, քարը մնայուն է, չի փոխում իր տեսակն ու ձևը, իսկ մարդիկ անկանխատեսելի են ու փոփոխական։ Աշխատանքի բարդությունից չեմ դժգոհում, ձեռքս ամեն ինչի սովոր է»,- ասում է Վահեն ու շարունակում իր երգը՝ քարի հետ շարունակվող պատմության մեջ։
Սաթենիկ Հայրապետյան
MediaLab.am



















