Պետական ֆինանսավորմամբ մինչև 8 բուհ է լինելու. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հավաստիացրեց, որ Բարձրագույն կրթության և գիտության ինտեգրման հարցը նոր չէ, որ բարձրացվում է. այս հարցի շուրջ վերլուծական աշխատանքը կատարվում է արդեն մի քանի տարի և առկա են բազմաթիվ զեկույցներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մարտի 24-ին, իր պաշտոնավարման 100 օրվան  նվիրված ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Կրթության զարգացման պետական ծրագրով ֆիքսվել են մի շարք թիրախներ, որ մենք պետք է մինչև 2030 թվականը ունենանք պետական ֆինանսավորման մինչև 8 բուհ, որ դրանք պետք է ունենան բնականաբար, շատ ուժեղ և կայացած գիտահետազոտական բաղադրիչ, ֆիքսվել է, որ առնվազն 4 բուհեր պետք է տեղ գտնեն միջազգային վարկանիշավորման 500-յակում: Թե սա ինչպես ենք անելու, քննարկվում է, որովհետև ճանապարհներն ու մոտեցումները տարբեր են: Ձևավորված է եղել աշխատանքային խումբ, որը պետք է պատրաստեր վերլուծական տեղեկանք տարբեր մոդելների, դրանց հնարավորությունների մասին: Տարբեր մոդելներ են առաջարկվել, հիմա առաջիկայում կանցնենք որոշումների կայացման փուլին:

 Բուհերին և գիտահետազոտական ինստիտուտներին կառաջարկենք մեր մոտեցումը, թե ինչպես պետք է տեղի ունենա այդ ինտեգրումը: Սա պետք է լինի թափանցիկ ու հասկանալի գործընթաց: Մեր մոտեցումը լինելու է շատ կոնկրետ: Մայիսին արդեն կունենանք հստակ սկիզբ այս պրոցեսի, կսկսվի աշխատանքը, ոչ թե բուհերի միավորումը:

Բուհերի միավորումը շատ ժամանակատար պրոցես է և դա տեղի է ունենում այն դեպքում, երբ կազմակերպվում է որակյալ և ունենում է  համապատասխան ճանապարհային քարտեզ»,-ասաց նա՝ հավաստիացնելով, որ սա հատուկ շեշտում է, որ տպավորություն չստեղծվի, թե հենց վաղը բուհերը կրճատվելու են:

Հարցին, թե Գիտությունների ազգային ակադեմիան այդ պրոցեսի արդյունքում մնալո՞ւ է, թե ոչ, նախարարը պատասխանեց. «Ակադեմիայի մնալ-չմնալու հարցը ածանցյալ է այն լուծումներից, որոնք պետք է լինեն  համակարգում: Ես կարծում եմ՝ Ակադեմիայի անելիքների, գործառույթների, կարգավիճակի տեսանկյունից մենք լավագույն լուծումը իրենց հետ կգտնենք»,- եզրափակեց Անդրեասյանը: