30 000 եվրո պետության գրպանից՝ «Եհովայի վկաներին» . օրենքը չի՞ համապատասխանում չափանիշներին

30 000 եվրո պետության գրպանից՝ «Եհովայի վկաներին» . օրենքը չի՞ համապատասխանում չափանիշներին
30 000 եվրո պետության գրպանից՝ «Եհովայի վկաներին» . օրենքը չի՞ համապատասխանում չափանիշներին

Հայաստանի տարածքում գործող «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամներն արդեն երեք դատ են շահել ըննդեմ ՀՀ-ի ու երկիրը պարտավոր է կատարել «Պողոսյանն ընդդեմ Հայաստանի», «Բուխարատյանն ընդդեմ Հայաստանի» եւ «Ծատուրյանն ընդդեմ Հայաստանի» կայացված վճիռների պահանջը եւ նրանց վճարել 30 000 եվրո տուգանք:
Այլընտրանքային ծառայության հնարավորություն ընձեռող «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը չի կիրառվում ու պարտադիր զինվորական ծառայությունից իրենց հավատքի նկատառումներից հրաժարվող Եհովայի վկաները հայտնվում են բանտում, իսկ իրենց իրավունքները պաշտպանելու համար՝ դիմում Եվրադատարան:

Գրեթե 10 տարի առաջ իր իսկ ընդունված օրենքի խախտումները Հայաստանի Հանրապետությանը հազարավոր եվրոներ են արժենում:

ԱՄՆ պետդեպարտամենտը կրոնական ազատությունների մասին 2011-ի իր զեկույցում հենց այս տեսակ օրենսդրական բացերն է ընգծել, որոնք սահմանափակում են կրոնական խմբերի անդամների կրոնական ազատությունը:

Հավելյալ, զեկույցը նշում է, որ «Եղել են հաղորդումներ կրոնական պատկանելության, հավատքի և գործունեության հիման վրա հասարակական չարաշահումների և խտրականության վերաբերյալ».

«Բազմաթիվ լրատվամիջոցներ ցուցաբերել են կողմնակալ վերաբերմունք կրոնական փոքրամասնությունների դեմ, իսկ որոշ լրատվամիջոցներ քննադատել են Հայաստանյաց Առաքելական Եկեղեցուն»:

«Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը նշում է, որ որպես Եվրոպայի խորհրդի անդամ Հայաստանը պարտավոր էր եւ ընդունել է այլընտրանքային ծառայության օրենքը, սակայն այն չի գործում.

«Դա Հայաստանի բացերից մեկն է: Միեւնույն է՝ չես կարող այդ մարդկանց համոզմունքեները փոխել, որ նրանք այդ հավատքից հրաժարվեն եւ ծառայեն բանակում: Այդ իսկ պատճառով Եվրոպայի խորհուրդը առաջարկում է, հորդորում է եւ պահանջում է, որ եթե մարդիկ իրենց հավատքի պատճառով չեն ուզում ծառայել բանակում, պետք է ստեղծվի այլընտրանքային ծառայությունը, որը պիտի զերծ լինի ռազմական գերատեսչության որեւէ վերհսկողությունից կամ միջամտությունից»:

«Իսկ Հայաստանում օրենքը ընդունվել է, բայց, ցավոք սրտի, չի համապատասխանում այս չափանիշներին»,- «Մեդիալաբին» ասում է Իշխանյանը՝ ընգծելով, որ օրենքի չկիրառման հետեւանքով Եհովայի վկաները, ովքեր չեն ծառայում բանակում, պատժվում են:

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի վերջին տվյալներով՝ Հայաստանում բանտարկված են Եհովայի վկա կազմակերպության հավատքի 67 հետեւորդ: Ներկայում Հայաստանում գրանցված է կրոնական 68 կազմակերպություն, սակայն կրոնական ուղղություններն ավելի քիչ են:

«Հայաստանն էլ միշտ բացասական գնահատական է ստանում՝ որպես խղճի բանտարկյալներ Եհովայի վկաներին բանտերում լինելու կապակցությամբ»:

«Ագրեսիվ փոքրամասնությունների ոտնձգություններից պաշտպանության խորհրդի» նախաձեռնող անդամ Զարուհի Դիլանյանն անընդունելի է համարում ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը.

«Հայաստանին մեղադրում էին 58 Եհովայի վկաներին հալածելու մեջ: Դրա պատճառն այն է, որ նրանք ազատազրկման են ենթարկվել զինվորական ծառայությունից խուսափելու համար: Սակայն այստեղ հարց է առաջանում, թե իրականում ո՞վ է հալածվում՝ Եհովայի վկանե՞րը, թե՞ պետությունը»։

Դիլանյանը նշում է, որ Եհովայի վկաները հրաժարվում են ոչ միայն զինծառայությունից, այլեւ այլընտրանքային ծառայությունից.

«Ինչո՞վ են Եհովայի վկաները առավել մյուս տղաներից, որ կարող են խուսափել զինծառայությունից եւ չպաշտպանել իրենց երկիրը: Ինչո՞ւ իրենց պետք է տրվի նման արտոնություններ»:

ՀՀ զինված ուժերի հոգևոր սպասավոր Տեր Կորյուն քահանա Կարապետյանն էլ նշում է, որ պետք է մշակել այնպիսի օրենք, որը չի վիրավորի որեւէ մեկի կրոնական պատկանելիությունը, սակայն միաժամանակ կապահովի երկրի պաշտպանվածությունը.

«Մեր ժողովրդի խնդիրը պաշտպանված լինելն է այլոց ոտնձգություններից: Իսկ ինչ վերաբերում է Հայ Առաքելական եկեղեցուն, ապա ասեմ, որ հայ ազգն ու Առաքելական եկեղեցին մի մարմին են, չկա ազգը՝ չկա եկեղեցին, եւ հակառակը»:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am